Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակիրճ հայ-լիբանանյան հարաբերությունների մասին

Փետրվար 21,2018 18:55

Փետրվարի 21-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Միշել Աունը:

Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին:

Երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցելությունները սկսվել են բավական վաղ: 1990-ական թվականներին, մասնավորապես, Լիբանան են այցելել Հայաստանի խորհրդարանի նախագահը, արտգործնախարարները և վարչապետները:

Նախագահի մակարդակով առաջին այցը տեղի է ունեցել 2000 թվականին: Առաջին անգամ պետական այցով Լիբանան է ժամանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: 2004թ. Քոչարյանը աշխատանքային այց է կատարել Լիբանան:

ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով եղել է Լիբանանում 2009 թվականին, իսկ արդեն 2012 թվականին Սերժ Սարգսյանը Լիբանան է մեկնել պաշտոնական այցով:

Լիբանանի պաշտոնատար անձանցից առաջին անգամ Հայաստան է ժամանել խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրին՝ 1997 թվականին: Նույն և հաջորդ տարիներին պաշտոնական և աշխատանքային այցերով Հայաստան է ժամանել Լիբանանի հայտնի վարչապետ Ռաֆիկ Հարիրին: Վերջինս պաշտոնական այցով Հայաստան է եկել նաև 2004 թվականին:

2001 թվականին առաջին անգամ պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդը: Լիբանանի նախագահներից նաև Միշել Սլեյմանն է Հայաստան ժամանել (2011 թվական, պաշտոնական այց):

Լիբանանը համայնքային խորհրդարանական հանրապետություն է: Լիբանանի նախագահն ընտրվում է քրիստոնյա մարոնիտների համայնքից, վարչապետը՝ սունի մահմեդականների համայնքից, խորհրդարանի ղեկավարը՝ շիա մահմեդականներից: Լիբանանում բնակվում է շուրջ 120 հազար հայ: Հայերը ներկայացված են նաև պետական կառավարման համակարգում: Հատկանշական է, որ նախագահ Միշել Աունի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան է ժամանել նաև Լիբանանի զբոսաշրջության նախարար հայազգի Ավետիս Կիտանյանը: Լիբանանում է գտնվում նաև Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունը, իսկ կաթողիկոս Արամ Ա-ն մեծ ազդեցություն ունի լիբանանյան հասարակական կյանքում:

Լիբանանը պարբերաբար հայտնվում է քաղաքական ճգնաժամային իրավիճակում: Վերջին ակտիվ ցնցումները տեղի են ունեցել անցած տարվա նոյեմբերին, երբ երկրի վարչապետ, նախկին վարչապետի որդի Սաադ Հարիրին, գտնվելով Սաուդյան Արաբիայում, հայտարարել էր հրաժարական տալու մասին: Լիբանանում ակտիվ է «Հեզբոլլահ» շիական կուսակցությունը, որն ունի նաև զինված խմբավորումներ և առճակատման մեջ է Իսրայելի հետ, ինչպես նաև համարվում է Իրանի դաշնակիցը տարածաշրջանում:

Հայաստանի և Լիբանանի միջև ստորագրվել են ավելի քան  30 տարբեր բնույթի փաստաթղթեր:  Ըստ ՀՀ ԱԳՆ կայքի՝ Հայաստանը Լիբանանից ներմուծում է հիմնականում պլաստմասե իրեր, էլեկտրական մեքենաներ, սարքավորումներ, բնական և արհեստական մարգարիտներ, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, իսկ արտահանում ոգելից և ոչ ոգելից խմիչքներ, ալյումինե իրեր և կահույք: Ըստ 2013 թվականի տվյալների՝ Հայաստանը Լիբանան է արտահանել 300 հազար ԱՄՆ դոլարի ապրանքներ, ներմուծել՝ 1,8 մլն դոլարի: 2014-ին Հայաստանը Լիբանան է արտահանել 2 միլիոն դոլարի, ներմուծել՝ 1,4 միլիոնի ապրանքներ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728