Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ զարգացումներ Գյումրիում. այս քաղաքը իսրայելցիների համար կարծես պահեստի են վերածում

Փետրվար 21,2018 17:39

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու Իսրայել -Հայաստան առեւտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ Գյումրիում լոգիստիկ ազատ տնտեսական գոտու ստեղծման վերաբերյալ:

Նախնական պայմանավորվածության համաձայն, Գյումրու քաղաքային իշխանությունները մոտ 350 հեկտար հողատարածք կտրամադրեն «Լոջիստիք Էֆ Թի Զի » ՍՊԸ-ին, եթե, իհարկե, կառավարությունը վավերացնի:

Ըստ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի, հաջողության դեպքում իրենք կկարողանան զարգացնել թե ՛ Գյումրի քաղաքի, թե ՛ Շիրակի մարզի և թե ՛ ողջ Հայաստանի արդյունաբերությունը, կստեղծեն որակյալ աշխատատեղեր ու կզարգացնեն Հայաստանի տնտեսական կապերն արտաքին աշխարհի հետ:

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պատմեց, որ իսրայելական կողմին առաջին անգամ հանդիպել է հոկտեմբերին: «Հոկտեմբերին ինձ մոտ եկան Իսրայելի առևտրային պալատից, և մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք իրենց առաջարկությամբ, որպեսզի հողատարածքներ տրամադրենք, որ իրենք այստեղ լոգիստիկ կենտրոն ունենան, որտեղ պետք է իրենց մասնակցությունն ունենան համաշխարհային բրենդներ ունեցող շատ կազմակերպություններ: Հիմնականում խնդիրը ո՞րն է, երբ իրենք ասին 370 հեկտար հողատարածք է պետք, իրենք արդեն ուսումնասիրել էին Մարմաշենի աջ և ձախ կողմերի հողերը, և զարմանալի էր, որ իրենք ասացին՝ մենք գիտենք որտեղ ենք ուզում: Ինձ համար, ճիշտն ասած, զարմանալի է նաև աշխատատեղերի այդպիսի թվաքանակը, որ կարող է լինել հազարավոր, չասենք հիմա տաս հազար, հինգ հազար, վեց հազար, ինչքան որ ստացվեց, որովհետև հիմնականում ընկերություններ են գալու: Դե, բնականաբար, այդ ընկերություններն ունենալու են իրենց աշխատողները, իսկ աշխատողները, բնականաբար, լինելու են Գյումրիից: Ես աշխատեցի իրենց ներկայացուցչի հետ, կադաստրից հանելով նաև տարբեր տեսակի հողատարածքներ՝ ստացանք 335 հեկտար 4 կտորանի հողատարածքներ, որոնք հիմնականում տեղադրված են Մարմաշենի խճուղու աջ և ձախ կողմերում», -ասաց Սամվել Բալասանյանը:

Նա առավել ոգևորված է, որ կաշխուժանա օդանավակայանի աշխատանքը, և Գյումրին օդանավակայանից մինչև Մարմաշենի տարածքը կունենա բարվոք ճանապարհ, խոսքը մոտ 14 կիլոմետր ճանապարհ կառուցելու մասին է:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ աշխատատեղերի մասին է խոսքը, մի՞թե արտադրական ձեռնարկություններ են հիմնում, որ այդքան մեծ քանակի հողատարածք է պետք իսրայելցիներին Գյումրիում: Այս հարցն այդպես էլ հստակ պատասխան չստացավ: Գյումրու քաղաքապետն ասաց, որ Գյումրու օդանավակայանով կտեղափոխեն տարբեր ապրանքներ, ասենք՝ դեղորայքը գալիս է մի երկրից, Գյումրիում պահեստավորելու են և մեր երկրից գնալու է այլ երկիր:

Իսրայել -Հայաստան առեւտրային պալատի նախագահ Ցվի Կան-Տորին էլ պարզաբանեց. «Այս ծրագիրն ու նախագիծը ընտրված և մշակված է այն տրամաբանությամբ, որ այն պետք է ծառայի Եվրասիական Միության շուկային, ո՛չ Հայաստանի, ո՛չ Գյումրիի: Եվ այն ընկերությունները, որոնք գալու են Գյումրի աշխատելու, իրենց շուկան լինելու է ամբողջ Եվրասիական Միությունը, եվրասիական տարածքը: Եվ տարածքի ընտրության հիմնական գործոնը դա՛ է եղել, որ Հայաստանը Եվրասիական Միության անդամ է, որ Գյումրին ունի օդանավակայան, բեռնափոխադրումները գնալու են օդային տրանսպորտով: Այդ պատճառով Գյումրին որպես օդանավակայան ունեցող քաղաք ընտրվել է այս ծրագրի հիմքում»:

Ցվի Կան-Տորին նաև պարզաբանեց, որ ծրագրի նպատակն ազատ տնտեսական գոտի ստեղծելն է լոգիստիկ գործառույթ իրականացնող խոշոր ցանցային այն ընկերությունների համար, որոնք էլեկտրոնային առևտրի ոլորտից են, ինչպես օրինակ՝ ebay, amazon: Այստեղ կփաթեթավորվեն և այլ երկրներ կուղարկվեն ebay, amazon և այլ էլեկտրոնային պատվերները: Կգան նաև բեռների օդային փոխադրումներով զբաղվող ընկերություններ, նաև այնպիսինները, որոնք զբաղվում են բեռների փաթեթավորմամբ, կենցաղային և էլեկտրոնային սարքերի հավաքմամբ: Դրանք միջազգային խոշոր ընկերություններ են, որոնք ունեն կենտրոններ կամ մասնաճյուղեր տարբեր երկրներում: Ըստ նրա, արտադրական պրոցեսի մի մասը պետք է իրականացվի Հայաստանում, որպեսզի իրենք կարողանան հարկային արտոնություններից օգտվել: Թե ինչ կարտադրվի Գյումրիում, այդ հարցին պատասխան չհնչեց:

Իսկ թե ինչքան ներդրում կանեն, Ցվի Կան-Տորին ասաց, որ խոսքը շատ մեծ գումարների ՝ հազար միլիոնավոր դոլլարների մասին է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    հազար միլիոնավոր դոլլարներ ?????????????????

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728