Ռոմանագերմանական ֆակուլտետի «Արտասահմանյան գրականություն» առարկայի դասավանդման տևողության փոփոխության վերաբերյալ քննարկումների ասուլիսի ընթացքում լրագրողները հարցրին նաև վերջերս սկանդալի կենտրոնում հայտնված ֆակուլտետի փոխդեկան Գևորգ Բարսեղյանի մասին: Ամբիոնի դեկան Սամվել Աբրահամյանն ասաց, որ ինքը ներկա չի եղել տեղի ունեցածին և կարող է մեզ տեղեկացնել միայն փոխդեկանի բացատրագրում գրված ինֆորմացիան: Ըստ դրա ՝ եղել է վիճաբանություն փոխդեկանի և 4-5 տղաների միջև, որոնք համալսարանի ուսանողներ չեն եղել: Վիճաբանությունը տևել է մի քանի րոպե, որից հետո պարոն Բարսեղյանը վերադարձել է իր աշխատանքային նորմալ ընթացքին:
Բացատրագիր է ներկայացրել նաև ուսանողը, որը գրել է, թե մամուլում հայտնված տեղեկությունները կեղծ են: Ոստիկանությունը զբաղվում է այդ հարցով:
Իսկ ինչ վերաբերվում է միջադեպի պատճառին, Աբրահամյանն ասաց, որ փոխդեկանը դրսից աղմուկ է լսել, ինչն էլ առիթ է հանդիսացել ընդհարման:
Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանն ասաց, որ եթե մարդ մեղավոր է՝ պիտի պատժվի:
Ինչ վերաբերվում է փոխդեկանի աշխատանքից հեռացվելուն՝ այդ հարցը դեռ քննարկվում է և պիտի որոշի համալսարանի ղեկավարությունը։
Գևորգ Բարսեղյանի անձնային հատկանիշների մասին բանախոսները միաձայն նշեցին , որ իր աշխատանքային 9 տարիների ընթացքում անգամ շշուկի տեսքով նման իրադարձության մասին չեն լսել:
Թարգմանության տեսության, պրակտիկայի ամբիոնի վարիչ Ռուզաննա Ղազարյանը մասնավորապես ասաց. «Եթե մարդ իր աշխատասենյակում ծեծի է ենթարկվել , անհարկի առաջարկներ է արել, ով է այդ տեղեկատվությունը տրամադրել Գագիկ Շամշյանին, և ինչ իրավունքով է նա, առանց պարզելու իրավիճակը, նման հաղորդագրություն տեղադրել համացանցում»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանեն ռոմանագերմանական ֆակուլտետի ուսանողների բողոքի ցույցը: Սեդա Գասպարյանը պատասխանեց. «Եթե անկեղծ լինենք՝ լավ է, որ մարդ իր դիրքորոշումը արտահայտում է, բայց ամբոխավարությունը ճիշտ չեմ համարում»:
Իսկ Մարգարիտա Ապրեսյանն այդ առիթով ասաց, որ ընդունում է ուսանողների զայրացած վիճակը, բայց ուսանողների մտածելակերպն այնպիսին է, որ եթե նրանց ասեն՝ հարևան շենքում ջուրը կտրել են, ուսանողները դասադուլ կանեն, որ դասի չգան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ըստ հրապարակված տեղեկությունների՝ ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի փոխդեկանն իր աշխատասենյակում ծեծի էր ենթարկվել 5 տղաների կողմից, ուսանողուհիներից մեկին տարօրինակ առաջարկություններ անելու համար։ Այդ առիթով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասել էր, որ եթե ոստիկանության կողմից հաստատվի փոխդեկանի մեղավորությունը, նա կխնդրի փոխդեկանին՝ աշխատանքից հեռացվելու դիմում ներկայացնել։
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ