Վերջին շրջանում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը քրեակատարողական հիմնարկներում սննդի որակի վերաբերյալ ահազանգեր է ստանում կալանավորներից ու դատապարտյալներից: Սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող սննդի մասին պարբերաբար հրապարակումներ են արվում նաև լրատվամիջոցներով:
2018 թ. հունվարի 12-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այս հարցով դիմել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին: Կազմակերպությունը հետաքրքրվել էր, թե արդյոք քրեակատարողական հիմնարկներին մատակարարվող սննդամթերքը փորձաքննության ենթարկվում է, եթե այո՝ խնդրել էր տրամադրել փորձաքննական եզրակացությունների պատճենները, եթե ոչ՝ փորձաքննության ենթարկել պահածոյացված միսը, կարագն ու յուղը: Քանի որ բողոքները հատկապես այս ապրանքատեսակներին են վերաբերում:
ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Վ. Մելքոնյանը 2018 թ. փետրվարի 1-ին թվագրված պատասխանում հայտնում է, որ «ըստ անհրաժեշտության ձեռք բերված ապրանքատեսակները ենթարկվում են փորձաքննությունների»: Վ. Մելքոնյանը նշում է, որ պարբերաբար խախտումներ են հայտնաբերվում պահածոյացված մսի փորձարկումների արդյունքում: Դրա հետևանքով, Վարչության պետի տեղակալի փոխանցմամբ, կնքված պայմանագրերը այդ մասով լուծվել են:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակին տրամադրված պատասխանը՝ փորձագիտական եզրակացությունների պատճեններով՝ այստեղ Քրեակատարողական հիմնարկներին մատակարարվող սննդամթերքի՝ չափորոշիչներին չհամապատասխանելու մասին փաստում է նաև ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը: Խմբի՝ 2016 թ. հաշվետվությամբ նշվում է, որ քրեակատարողական հիմնարկներին չափորոշիչներին չհամապատասխանող սնունդ է մատակարարվում: Սննդի պատրաստման սանիտարահիգիենիկ պայմանները ևս բավարար չեն: Արդյունքում ազատազրկման վայրերում գտնվող անձինք ուղղակի հրաժարվում են սննդից և հիմնական սնունդը ստանում ընտանիքի անդամներից՝ հանձնուքների տեսքով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Լուսանկարը՝ pmg.am