Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեկտորները հավաքվեցին, գնացին մի շատ ավելի բարձր տեղ ու կարգավորեցին խնդիրները, հարցը ջրվեց»

Փետրվար 21,2018 16:35

«Նախնական քննարկումները, որոնք ձեզ հետ ունեցանք, ենթադրում էին այլ օրենք: Մեզ ոգեւորել էր այն գաղափարը, որ ստեղծվելու է ռեկտորատին հակակշիռ գիտական խորհուրդը, որը կունենա ինքնավարություն, կլինի իրական հակակշիռ, բայց, չգիտես ինչու, դա չեղավ: Գուցե այն պատճառով, որ ռեկտորները հավաքվեցին, գնացին մի շատ ավելի բարձր տեղ ու կարգավորեցին խնդիրները: Հարցը ջրվեց, գնաց, օրակարգից դուրս եկավ: Հիմա գոնե գիտխորհրդի նախագահ ռեկտորը չպետք է լինի»,- խորհրդարանում «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Դեռեւս երկու տարի առաջ, մինչ այս օրենքը, ինքս, առաջինը դուրս եկա Գեղարվեստի ակադեմիայի խորհրդի կազմից: Կոչ արեցի բոլոր պաշտոնյաներին եւս դուրս գալ, որովհետեւ մեր ներկայությունն այնտեղ «գալոչկայից» բացի, որեւէ բան չէր տալիս, բայց որեւէ մեկը չհետեւեց այդ օրինակին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանն ասում է` կողմ է սերունդների հավասարությանը, սերնդափոխությանը, բայց դեմ է դիսկրիմինացիային. «Ես դեմ եմ, որ ռեկտորը որոշի, թե ում է թույլ տալիս դասավանդել, ում՝ ոչ: Այստեղ կարող է լինել սուբյեկտիվ որոշում, կոռուպցիայի հոտ կարող է գալ: Տեղ մի թողեք այլևայլ մեկնաբանությունների, սողանցքների համար: Կարող է լինել 30 տարեկան պրոֆեսիոնալ, որի կարիքը ԲՈՒՀ-ն ունի, կարող է լինել 80 տարեկան պրոֆեսիոնալ, որի կարիքը ԲՈՒՀ-ն ունի»:

Նախագծով սահմանվում է, որ որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում հիմա, որոշները`2015-ից: «Այս ի՞նչ «աջաբսանդալ» եք սարքել: Ես համաձայն եմ, որ այս նախագծի շուրջ լինի քաղաքական ու հանրային կոնսենսուս, եթե չեղավ, ուրեմն այս նախագիծը չպետք է թույլ տալ, որ քննարկվի ու ընդունվի»,- իր դժգոհությունն արտահայտեց պատգամավորը:

Նա նաեւ առաջարկեց առանձին լսումներ կազմակերպել բուհերում արտասահմանյան գրականության դասաժամերը կրճատելու վերաբերյալ: «Ես կարեւորում եմ գրականությունը: Իմ մի խոսքը արտասահմանյան գրականության դասաժամերի վերաբերյալ ինչ-որ պերսոնաժներ փորձեցին խեղաթյուրել: Ես չեմ խոսել ԲՈՒՀ-ի ինքնավարությանը խառնվելուն: ԲՈՒՀ-ը ինքը պետք է որոշի, թե որ դասաժամն ինչքան լինի: Ես խոսել եմ այն մասին, որ մենք չունենք թարգմանչական որակյալ դպրոց, այն թարգմանված է հիմնական երրորդ լեզվից: Գուսանները, ում այսօր հռչակում են հայ պոեզիայի գագաթ, ստանում են այդ կոչումը, որովհետեւ մենք չգիտենք, թե ով է Ֆոլքները, Ջոյսը, Էլիոթը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Եթե այս օրենքը ԱԺ-ի մի մասն է պաշտպանելու, ապա ես այն կհամարեմ ժամանակավրեպ: Այն բարի նպատակները, որոնք դրված էին սկզբում, տորպեդահարվում են, նահանջ են ապրում: Քաղաքական կամքի իսպառ բացակայություն է եղել օրենքի մշակման ժամանակ»,- իր ելույթում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Նա եւս պաշտպանեց իր կուսակիցների տեսակետը` հորդորելով վաստակաշատ մարդկանց չհակադրել երիտասարդների հետ. «Մարդը «շկոլա» է ստեղծել, դուք ասում եք 70 տարեկանը լրանա, գնացե՛ք, երիտասարդ է գալիս: Դա ճիշտ լուծում չէ, գտեք ճիշտ լուծումը»: Իրենք դեմ չեն բուհերում երիտասարդների ակտիվ աշխատանքին. «Սա համատիրության մասին օրենք չէ, բարձրագույն կրթության մասին օրենք է, ազգի ապագան կախված է սրանից, բոլոր հարցերը պետք է ներգրավված լինեն»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728