«Չունենք «նախարարության մամուլի քարտուղար» հասկացությունը: Այդ ինստիտուտը վերջին տարիներին վարկաբեկվել է: Այսօր մեդիան մամուլի քարտուղարին գնահատական է տալիս հարցազրույց կազմակերպելու հնարավորության համատեքստում. ըստ այդմ, վատն է այն մամուլի խոսնակը, որը խանգարում է լրագրողին»,-«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կազմակերպած՝ «Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ այսօրվա քննարկման ժամանակ հայտարարեց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Մամուլի քարտուղարը եւ հասարակայնության հետ կապի բաժնի պետերը զբաղված են գերատեսչության խնդիրները կոծկելով: Օրինակ՝ զանգում են լրագրողին ու սկսում գոռգոռալ, թե՝ ինչու եք նախարարիս վրա վատ բան գրել»,-հավելեց Պիպոյանը: Նրա խոսքով՝ բարդությունն այն է, որ նախարարի մամուլի քարտուղարներն այսօր գերխնդիր ունեն՝ նախարարի կերպարի պաշտպանություն. «Մեկ այլ հարց էլ կա: Երբ գերատեսչության մամուլի քարտուղարը չի ուզում ինչ-որ բան անել, լրագրողները ստիպված դիմում են հասարակայնության հետ կապերի բաժնի պետին, եւ կերպարների բախում է տեղի ունենում: Հենց մամուլի քարտուղարն ուզում է լրագրողին «ցրել», ասում է՝ կապվեք բաժնի պետի հետ, եւ հակառակը»:
Բաբկեն Պիպոյանի բնորոշմամբ՝ տարբերություն չկա, թե նշյալ անձանցից ով է վատ աշխատել. «Միեւնույն է՝ նրանք պետք է լինեն լրատվության համայնքի դեսպանը գերատեսչության ներսում»: Ըստ Պիպոյանի՝ նշյալ օրենքի նախագիծը չի տալիս իր մատնանշած խնդիրների լուծումները:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ