Լրահոս
Օրվա լրահոսը

Զեյնալյանը հայտարարեց՝ Մարտի 1-ին փողոցում տեսել ենք մարդկային ծնոտ եւ լեզու, 10 զոհերի լեզուն կտրված չէր

Փետրվար 21,2018 16:20

Ինչպես հայտնել ենք, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է 2008-ի Մարտի 1-2-ի վերաբերյալ «Ելքի» նախագիծը:  «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ԱԺ հայտարարության նախագիծ, քանի որ լրանում է Մարտի 1-ի իրադարձությունների 10 տարին:

Նախագիծն առիթ դարձավ, որ հանձնաժողովի անդամները հիշեն Մարտի 1-ի գործով կալանավորվածների մեղադրանքները: Արտակ Զեյնալյանը հիշեց՝ տասնյակ հազարավոր մարդիկ ենթարկվել են վարչական կալանքի, գործեր կային, որ մեղադրանքը հիմնավորվում էր այսպես՝ քանի որ «Հանրապետություն» կուսակցության անդամ է, ուրեմն…»: Ըստ Զեյնալյանի, տեղի է ունեցել արդարադատության էությունը խախտող դատական ակտ: Նա համեմատեց այդ ակտերը 1937 թվի որոշումների հետ, երբ մարդիկ ենթարկվում էին գնդակահարության, աքսորի:

Այս ամենը պատմելով՝ Զեյնալյանն ասաց, որ նախագծում առաջարկվում է վերաբացել ընդդիմադիրների, ակտիվիստների գործերը եւ վերանայել դատական ակտերը՝ Փաշինյանի, Արզումանյանի, Մանուկյանի, մյուս բոլորի ակտերը. «Հիմա ՄԻԵԴ-ում այս բոլոր գործերի կոմունիկացիաներն ավարտվել են՝ Սմբատ Այվազյանի, Մուշեղ Սաղաթելյանի: ՀՀ-ն կարող է առաջ ընկնել եւ վերանայել: Սրա համար իրավական հիմք կա, իրավունք է խախտվել»:

Զեյնալյանը նաեւ ասաց, որ ՀՀ-ում ոչ արդյունավետ նախաքննության դեմ իրավական պաշտպանության միջոց չկա, այնպիսին, ինչպիսին կա նույնիսկ ՌԴ-ում: Ուստի ուզում են, որ ԱԺ-ն գործադիրին ուղերձ հղի: Ըստ Զեյնալյանի, սա ավելի շոշափելի հետեւանք կարող է ունենալ շատ կարճ ժամկետում, քան Ցեղասպանության ճանաչումը:

Ուշագրավ է, որ նախագծում, երբ նշվում է զոհերի հարազատներին փոխհատուցում տալու մասին, գրված է առնվազն 10 զոհ, ոչ թե հենց 10: Արտակ Զեյնալյանը հայտարարեց. «Ես 10 զոհից 9-ի ներկայացուցիչն եմ, բոլորի դատաբժշկական եզրակացությունն ունեմ, նրանցից ոչ մեկի լեզուն կտրված չի, բայց մենք փողոցում տեսել ենք մարդկային ծնոտ եւ լեզու: Մենք տեսել ենք ինչպես է «Նիվա» մակնիշի ավտոմեքենան վրաերթի ենթարկում մարդուն, նրա վրայով անցնում է եւ մենք չգիտենք նա ով է: Այդ վրաերթից հետո մարդը չպետք է որ ողջ մնացած լիներ: Զոհերին թաքցնում են, դրա համար ենք մենք ասում՝ առնվազն 10 զոհ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728