Լրահոս
Օրվա լրահոսը

«Պոտենցիալ ներդրողներ կան, որոնք Հայաստանի տեղը գլոբուսի վրա նույնիսկ չգիտեն». Խոսրով Հարությունյան

Փետրվար 21,2018 16:10

ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի վստահեցմամբ՝ ամենակարևորը ոչ թե օբյեկտի սեփականատիրոջը գտնելն է, իմանալ, թե ով է այս կամ այն օբյեկտի տերը, այլ այն՝ արդյոք այդ օբյեկտն արդյունավե՞տ է գործում, թե՞ ոչ:

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում պարոն Հարությունյանը հայտարարեց՝ այս ոլորտում այժմ խմորումների մեջ ենք. «Հիմնական խնդիրը պետք է լինի տնտեսական գործիքներով այսօր պարապուրդի վերածված արտադրական հզորությունները դնել շրջանառության մեջ»:

Հարցրին՝ հնարավոր գործողություններ կատարելիս չե՞ն հետաքրքրվելու, թե սեփականատերը քաղաքականապես ի՞նչ կողմնորոշում ունի, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ: Հավատացնում եմ՝ բավական է այդ հարցադրմանն ուշադրություն դարձնենք, տապալելու ենք գործընթացը: Մեր խնդիրը արտադրական նոր կարողությունների ձևավորումն է, ներդրումների համար բարենպաստ միջավայր ստեղծելը»:

Խոսրով Հարությունյանը փաստեց՝ այսօր համայնքների ղեկավարները մոտիվացված չեն, որ իրենց համայնքում գտնվող գույքն աշխատի: Նա այս խնդրի լուծման համար մի շարք առաջարկություններ ներկայացրեց, օրինակ՝ գույքահարկի բարձրացումը. «Համայնքի ղեկավարները մոտիվացված չեն, որ գույքն իրենց համայնքում աշխատի, քանի որ աշխատի, թե՝ ոչ, նույն գույքահարկն են վճարելու: Հետևաբար մոտիվացված չեն, որ արտադրական կարողությունը դառնա աշխատող: Ուստի մենք առաջարկում ենք ի թիվս գույքահարկի դրույքաչափերի բարձրացմանը, միգուցե իմաստ ունի, որ այն ձեռնարկությունները, որ գործում են տվյալ համայնքում, շահութահարկի մի մասը ներդնեն տեղական բյոջե: Նման դեպքում ՏԻՄ մարմինները կդառնան շահագրգռված իրենց տարածքում գործող առկա արտադրական կարողությունների գործում»:

Այն մտահոգությանը՝ հողեր կան, որոնք սեփականաշնորհված են, բայց չեն օգտագործվում, պարոն Հարությունյանն արձագանքեց. «145-150 հազար հեկտար վարելահողեր շրջանառությունից դուրս են մնացել: Ունենք ոռոգելի վարելահողեր, որոնք այսօր ինչ-ինչ պատճառներով չեն օգտագործվում: Իրականում խնդիրն այն է, որ մեր գյուղատնտեսությունն այսօր հիմնականում ձեռքի աշխատանքի վրա է խարսխված: Լոսկուտայնությունը խանգարում է, որ ժամանակակից տեխնոլոգիաները ներդրվեն գյուղատնտեսության մեջ և արտադրողականությունը բարձրացնեն»:

Համեմատությանը՝ Վրաստանում գնում են հարկային բեռի թեթևացման ճանապարհով, իսկ ՀՀ-ում հարկային օրենսգրքի ուղղվածությունը հակառակն է, մինչդեռ «Ծառուկյան դաշինքն» այս առումով առաջարկություններ է անում, պարոն Հարությունյանն արձագանքեց՝ մոլորություն է ներկայացնել, թե հարկային օրենսգրքի նպատակը հարկային բեռը բարձրացնելն է. «Հարկային բեռը բարձրացնելու ճանապարհով ֆիսկալ խնդիրներ չենք լուծում: Այդպես ներկայացնելն ուղղակի մոլորություն է: Մենք կատարելագործում ենք վարչարարությունը, գումարած արտոնյալ պայմաններ տնտեսվարողների համար, որոնք ըստ էության բյուջեից ծախսեր են ենթադրում: Մյուսը մոտ իննսուն միլիարդով ստվերային շրջանառության կրճատման ճանապարհն է: Այն մարդիկ, որոնք ասում են՝ հարկային օրենսգիրքը հարկային բեռի բարձրացման համար է, չեն տիրապետում իրավիճակին: Ստեղծվում են 395 միլիարդ դրամի արտոնություններ: Դա բարենպաստ պայմանների մասին չի՞ խոսում արդյոք: Ձեզ թվում է բոլորը Հայաստանի տեղը գիտե՞ն: Պոտենցիալ ներդրողներ կան, որոնք Հայաստանի տեղը գլոբուսի վրա նույնիսկ չգիտեն. մենք պետք է մեզ ներկայացնենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728