Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի համար ամաչելու ոչ մի բան չունեմ, Մարտի 1-ը իմ ամոթը չի, ձե՛ր ամոթն է». Փաշինյանը՝ Կոստանյանին

Փետրվար 21,2018 15:39

2008-ի Մարտի 1-2-ի վերաբերյալ «Ելքի» նախագիծն է քննարկվում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լրանում է Մարտի 1-ի իրադարձությունների 10 տարին եւ իրենք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարություն ընդունի:

Փաշինյանն ասաց, որ երբ ընտրությունները կեղծվում են, դատական համակարգը չի գործում, մարդիկ ստիպված փողոց են դուրս գալիս, այլընտրանքային տարբերակներ են մտածում: Հայ ժողովուրդը չի կարողանում հանդուրժել, որ իրեն անընդհատ խաբում են, քցում են եւ պարտադրում նեղ քաղաքական խմբի կամքը. «Ինձ համար միանշանակ է, որ 1998-ի, 2003-ի, 2008-ի, 20012-ի 2013-ի ընտրությունները կեղծված են եղել: Գործող իշխանությունները, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այդ իշխանությանը եկել են կեղծված եւ արյունով հաստատված ընտրությունների արդյունքում»:

Նա ասաց, որ այսօր էլ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ եւ շեշտեց երկու անուն՝ Անդրիաս Ղուկասյան եւ Կարո Եղնուկյան, մյուսների անունները չտվեց, բայց ասաց, որ շարքը կարելի է շարունակել: Ըստ Փաշինյանի, սա մեր երկրի խայտառակություն է, իրավական, ժողովրդավարական երկրի շապիկի տակ քաղբանտարկյալներ են պահում ու քանի դեռ հանրությունը չի ստիպել, իշխանությունները այդ համակարգից չեն հրաժարվի:

Փաշինյանն ասաց, որ 2008-ի Մարտի 1-ի ոստիկանության ողջ ղեկավար կազմը շատ արագ փոխվել է եւ սա ցույց է տալիս, որ իշխանությունն ընդունել է իր մեղքը: Նա ասաց, որ Մարտի 1-ի փաստահավաք խումբը լուծարելն ապօրինի էր: Երբ ժամանակին՝ 2008-ի հոկտեմբերի 23-ին, Սերժ Սարգսյանը ստեղծեց փաստահավաք խումբ՝ միջազգային կառույցների ճնշմամբ, փաստահավաք խումբը պաշտոնական առաջին զեկույցը հրապարակեց մեկ տարի անց եւ այն ակնհայտորեն ունեցավ պայթած ռումբի էֆեկտ:. «Հասկանալի էր, որ փորձագետների, փաստահավաք խմբի տրամադրության տակ կան այնպիսի տեղեկություններ, որոնք շղթայաբար բացահայտելու էին ոչ միայն Մարտի 1-ի դեպքերը, այլեւ կեղծված ընտրությունների համակարգը եւ 2009-ի հունիսի 6-ին Սերժ Սարգսյանը լուծարեց այդ փաստահավաք խումբը: Դրանից հետո խմբի երկու անդամները՝ Անդրանիկ Քոչարյանը եւ Սեդա Սաֆարյանը հրապարակեցին եւս 4 զեկույց, որոնք էլի եկան ապացուցելու նախորդ պնդումը»:

Գեւորգ Կոստանյանն արձագանքեց, որ փաստահավաք խումբը անկախ փորձագիտական խումբ էր, հետեւաբար այն ենթակա էր լուծարման հանձնաժողովի եզրակացության պահից, որովհետեւ այդ նպատակով է ստեղծվել: Հետեւաբար իմաստը ո՞րն է ձեր այդ պնդումը մտցնել հայտարարության տեսքտի մեջ: Փաշինյանն ասաց, որ Սերժ Սարգսյանի հրամանագրում չի եղել հիմնավորում: Նա ասաց, որ ժամանակավոր հանձնաժողովը առաջին փաստահավաք խմբի ինֆորմացիան չի ներառել. «Հասկացան, որ բանը բանից անցնում է, բաներ են բացվում, որ չպետք է բացվի, դա եղել է քաղաքական որոշում: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ընդհանրապես լեգիտիմություն չի ունեցել, վստահություն չի վայելել, եղել է քաղաքականացված եւ ըստ էության փաստահավաք խմբի լուծարումը տեղի է ունեցել քաղաքական որոշմամբ: Պարզվել է, որ փաստահավաք խումբն իրոք աշխատում է, արվել են լրջագույն բացահայտումներ՝ նույնիսկ ՊՆ-ի, բանակի ներգրավվածության հետ կապված»:

Փաշինյանը հիշեցրեց, որ երբ ինքը նախագիծ էր ներկայացրել՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու, դրա հիմնական փաստարկներից մեկը փաստահավաք խմբի լուծարումն էր: Նա հիշեցրեց, որ այն լուծարելիս հիմնավորում էին, թե փաստահավաք խումբ է, պետք է փաստերի հավաքագրմամբ զբաղվեր, բայց քաղաքականացվել է եւ քաղաքական գործունեությամբ է զբաղված:

Իր խոսքում նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանն ասաց, որ Մարտի 1-ի հարցը լրջագույն հարց է՝ մեր երկրի պատմության ընթացքում եւ ամոթալի հարց է, ամոթ է բոլորիս: Փաշինյանը պատասխանեց. «Ես Մարտի 1-ի գործով դատապարտվել եմ 7 տարվա ազատազրկման: Շատ է ասվում այդ շեշտադրմամբ, որ Մարտի 1-ը բոլորիս ամոթն է, ես, որպես այդ գործով դատապարտված անձ, Մարտի 1-ի համար ամաչելու ոչ մի բան չունեմ, Մարտի 1-ը իմ ամոթը չի, ձե՛ր ամոթն է: Չգիտեմ անձնապես ձեր ներգրավվածությունը, բայց ասում եմ՝ որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728