Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի դիտարկմամբ, ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի թեկնածության հարցում կա քաղաքական կոնսենսուս, հետեւաբար, դժվար թե այլ քաղաքական ուժեր առաջադրեն իրենց թեկնածուին:
«Մենք կարող ենք ենթադրել՝ մյուս քաղաքական ուժերը, որոնք ներկայացված են խորհրդարանում (հաշվի առնելով զուտ քանակական գործոնն էլ), դժվար թե կարողանան առաջադրել մեկ այլ թեկնածու նախագահության համար։ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀԿ-ի կողմից ներկայացված առաջարկությունը, իսկ մինչ այդ Սարգսյանը բազմաթիվ հանդիպումներ անցկացրեց, որ հասկանա՝ ինչպիսին է իրավիճակը մեր քաղաքական դաշտում և սփյուռքում», – այսօր «Հենարան» ակումբում ասաց քաղաքագետը։
Ըստ բանախոսի՝ խորհրդարանական համակարգ ունեցող երկրներում նախագահն է ձեւավորում համապատասխան քաղաքական մշակույթ, ինչը փորձում է անել ՀՀԿ-ի թեկնածուն. «Նախագահը պետք է ձեւավորի բավականին լայն կոնսենսուս քաղաքական դաշտռւմ, ինչը փորձեց անել Սարգսյանը, դա է վկայում նրա հանդիպումները այլ քաղաքական ուժերի հետ՝ ՀՅԴ, «Ծառուկյան դաշինք» եւ «Ելք», այլ հարց է՝ ինչին են հասել, բոլոր դեպքերում տպավորությունն այնպիսին է, որ մի մասը պատրաստ է սատարել Սարգսյանի թեկնածությունը»:
Քաղաքագետի համոզմամբ, Հայաստան-սփյուռք, Հայաստան-Արցախ կապերը կարող են է՛լ ավելի ամրապնդվել նախագահի միջոցով, իսկ նախագահի թեկնածուն արդեն իսկ փորձում է այս հարցում ինչ-որ քայլեր անել։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ