«Մեկը ԳԱԱ-ում ինստիտուտի տնօրեն է, համալսարանում ինստիտուտի տնօրեն է եւ ամբիոնի վարիչ: Եթե այս երիտասարդներից ինչ-որ մեկը դարձավ լաբորատորիայի վարիչ, հավատացեք, ինքը թիմը կհավաքի եւ կարող է 2-3 միլիոն դոլարի գրանտ բերել Հայաստան: Որովհետեւ ինքը մոտիվացիա ունի արդեն, պաշտոնն ինքնանպատակ չի, այլ ինքնաարտահայտման ձեւաչափ է, որը շատ կարեւոր է գիտության մեջ»,- խորհրդարանում հայտարարեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:
Հիշեցնենք, խորհրդարանում շարունակվում են «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումները:
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Առաքելյանը 70 տարեկանի ցենզով մասնակի է համաձայն նախարարի դիտարկումների հետ: Ինքը մտավախություն ունի`դպրոցների նման վակում չունենանք: «Չեք կարծում, որ օրենքով կարելի էր բարձրացնել ֆինանսավորումը, ՀՆԱ-ի նկատմամբ որոշակի իմպերատիվ չափ սահմանվեր եւ դրանից պակաս ամեն տարվա բյուջեով չհատկացվեր գիտության ոլորտին: Իմ փորձից եմ ասում, երիտասարդները, որ դուրս են գնում, ոչ թե պաշտոնի ձգտումն է այլ ֆինանսավորման»,- ասաց նա:
«Ես չեմ ուզում շատ խորացնել հարցը, մեծ մասն ինձ մտերիմ մարդիկ են եւ իրենց պարտականությունը փայլուն կատարում են ու կատարելու են: Խնդիրը երիտասարդների համար բարձրագույն կրթություն եւ գիտություն ճանապարհն է»,- պատասխանեց նախարարը`հավելելով, որ բոլոր ողջամիտ առաջարկները կարող են քննարկվել:
Պատասխանելով Արտակ Առաքելյանի մեկ այլ հարցին էլ, Լեւոն Մկրտչյանն ասաց, որ ՀՀ-ում որեւէ մեկը երկաստիճան գիտական համակարգը չի վերացրել. «Պարզապես խնդիր ունենք`մեր գիտությունների թեկնածուները երբ դուրս են գալիս եվրոպական կամ ԱՊՀ դաշտ, պետք է համապատասխանեցվեն: Ուստի, ֆիքսել ենք «մասնագիտության դոկտոր» հաստատությունը: Պարզապես հստակեցնում ենք, թե «մասնագիտության դոկտորը» որ դաշտի համար որն է»:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանին էլ անհանգստացնում է այդ կոչումը շնորհելու քաղաքականությունը: «Բուհերը հանգիստ, իրենց համար տալի՞ս են այս կոչումը, հաստատողներ չկա՞ն: Հանրապետությունը վերածվում է մասնագիտությամբ դոկտորների: Մենք հուզված ու անհանգստացած ենք սրանով. բանակից փախածները կոչվում են «մասնագիտության դոկտորներ»,- Լեւոն Մկրտչյանին իր անհանգստությունները հայտնեց Վարդան Բոստանջյանը: Լեւոն Մկրտչյանը հետաքրքրվեց`ի՞նչ է առաջարկում պատգամավորը:
«Ոչ մի բան մի գրեք»,- պատասխանեց Վարդան Բոստանջյանը:
Նախարարի խոսքում պատգամավորին մի բան էլ անհասկանալի էր. «Շեշտադրում եք՝ եվրոպական տարածք, եվրոպական տարածք: Մենք գտնվում ենք եվրասիական տնտեսական տարածքում: Նրանցը մերժո՞ւմ եք, չե՞ք մերժում, ես չեմ հասկանում»: Լևոն Մկրտչյանն ասաց, որ եվրասիական տարածքը կրթական բնագավառում մտնում է եվրոպական քաղաքակրթական տարածքի մեջ. «Բոլոնիայի բոլոր փաստաթղթերի կրող երկիր է Ռուսաստանը, անցում է կատարել 12-ամյա կրթական համակարգի: Իրենք իրենց համարում են եվրոպական կրթական տարածքի անդամ-երկիր»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Առաքելյանը համաձայն 70 տարեկանի ցենզով մասնակի է համաձայն նախարարի դիտարկումների հետ ???????????????????
Շնորհակալ ենք դիտողության համար: Ուղղեցինք