Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանը Մարտի 1-ի հարցը քննարկելիս անեկդոտ պատմեց, Կոստանյանը ցուցադրաբար լքեց հանձնաժողովի նիստը

Փետրվար 21,2018 15:25

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվում է 2008-ի Մարտի 1-2-ի վերաբերյալ «Ելքի» նախագիծը: «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լրանում է Մարտի 1-ի իրադարձությունների 10 տարին եւ իրենք առաջարկում են, որ ԱԺ-ն հայտարարություն ընդունի:

ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը խոսեց հայտարարության նախագծի դրույթներից մեկի մասին, որով կոչ է արվում դատախազությանը Մարտի 1-ի ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների մեղադրական դատավճիռները վերանայելու գործընթաց սկսել: Նա հարցրեց՝ սա անհրաժե՞շտ է, երբ այդ գործընթացը Քրդատօրենքով է կարգավորվում եւ այդ գործերի վերանայման հստակ չափանիշներ կան: Եթե կան իրավական հիմքեր, որ այդ գործերը վերաբացվեն, ինչո՞ւ որեւէ մեկը չի գնում իրավական գործընթացների շրջանակներում, այլ առաջարկում են հայտարարությամբ հանդես գալ:

Փաշինյանը պատասխանեց, որ իրենց դիրքորոշումն է այդպիսին, դա հատուկ «ժեստ» է ՀՀ-ին. «Սրա տակ թաքնված է հետեւյալը, որ ժողովուրդ ջան, հիմա այս բոլոր գործերը գնալու են ՄԻԵԴ ու ամբողջ ազգով գոռալու են՝ վա՜յ, նանի ջան, էս ինչ եղավ, բա հիմա էս փողերը ո՞վ տալու, խի՞ է տալու, բա ո՞ր դատավորին բռնենք պատժենք, ում խարակիրի անենք, ում անարգանքի սյունին գամենք: Ասում ենք՝ թող Հայաստանի Հանրապետությունը սոխի անեկդոտի հերոսի նման իրեն չպահի, այդ անեկդոտը չգիտե՞ք»:

Գեւորգ Կոստանյանը փորձեց կանխել, որ Փաշինյանը չպատմի այդ անեկդոտը: Ասաց՝ լավ է հեքիաթ չեք պատմում: Տեսնելով չի ստացվում կանխել, Փաշինյանը վճռական է տրամադրված անպայման պատմելու այն, Կոստանյանը ցուցադրաբար լքեց հանձնաժողովի նիստը եւ վերադարձավ միայն անեկդոտից հետո: Իսկ Փաշինյանն ասաց. «Պետք լինի՝ հեքիաթ էլ կպատմեմ, այ քեզ բան: Եթե ձեր պատմածի վերնագիրը հեքիաթ չի, դա չի նշանակում, որ բովանդակությամբ այն հեքիաթ չի: Մենք դրան կպատմենք համարժեք բան: Աֆրիկայում մարդակերները ինչ-որ մեկին բռնում են, ասում են՝ 3 տարբերակ կա՝ կա՛մ ֆիզիկական ներգործության ենք քեզ ենթարկում եւ ամենքս երկու հատ չափալախում ենք, կամ մի մեշոկ սոխ ես ուտում, կա՛մ 1000 դոլար պիտի տաս: Սա մտածում է, ասում է՝ ֆիզիկական ներգործություն արեք, կեսից տեսնում է, որ չի դիմանում, ասում է՝ մի րոպե, սո՛խը բերեք, սո՛խը կուտեմ: Սոխի վրայից ուտում է, տեսնում է ամբողջ պարկը հնարավոր չի ուտել, վերջում ասում է՝ լավ այս 1000 դոլարը վերցրեք, ես գնացի: Հիմա ՀՀ-ին առաջարկում ենք, որ ինքն իրեն այս վիճակի մեջ չդնի եւ ընդունի, որ այո, եղել են քաղբանտարկյալներ, ասի՝ ես ինքս ինձ կանեմ, պետք չի դա հարկադրանքով անել: Դա կլինի ուղերձ, որ ՀՀ կառավարությունը կատարվածի կոնտեքստը հասկանում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728