Այս պահին Վանաձորի մանկատան 35 երեխա, որոնք տարբեր պատճառներով զրկված են ծնողական խնամքից, պատրաստ են, որպեսզի խնամքը ստանան, ոչ թե մանկատանը, այլ խնամատար ընտանիքներում: «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի նախագահ Միրա Անտոնյանի խոսքով, մանկատանը մեծացող երեխան ընտանիքի, քավորի, հյուր գնալ-գալու համն ու հոտը չի զգում, ինչպես որ կզգար կենսաբանական ընտանիքում կամ երբ խնամվի խնամատար ընտանիքում: Այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում տիկին Անտոնյանը ներկայացրեց այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում այս ոլորտում:
Ըստ նրա, արդեն 3 տարի է՝ մեր պետությունը փորձում է մանկատները կամ երեխաների խնամքով զբաղվող շուրջօրյա այլ հաստատությունները վերակազմակերպել եւ երեխաներին դուրս բերել հաստատություններից, սակայն շատ զգույշ քայլերով է դա անում, քանի որ վերակազմակերպումը կամ մանկատների փակումը չի կարող ընթանալ այնպես, որ դրա արդյունքում երեխան ավելի քիչ ծառայություն ստանա, քան ստանում էր մինչ այդ:
«Մանկատանը բնակվելը, ե’ւ հետազոտությունները, ե’ւ երեխաների կյանքի պատմությունների վերլուծությունները ցույց են տալիս, որ չի բխում երեխաների շահերից: Երեխաները, ճիշտ է, մանկատանը բնակվում են, սնունդ են ստանում, գուցե նույնիսկ շատ ավելի բավարար, քան որոշ ընտանիքներում, որոնք աղքատության խնդիր ունեն, բայց ամենահիմնարարը` ընտանիքի զգացողությունն անհնար է մանկատանն ապահովել: Դա, այնուամենայնիվ, մեծ հաստատություն է, որտեղ դաստիարակներն են զբաղված եւ ոչ թե ծնողները, հոր եւ մոր դեր կատարող մարդիկ»,-ասաց տիկին Անտոնյանը:
Նրա խոսքով, նախ եւ առաջ երեխային փորձելու են վերադարձնել կենսաբանական ընտանիք, հատկապես այն երեխաներին, որոնք մանկատանն են հայտնվել ընտանիքի աղքատ լինելու պատճառով. «Այն ընտանիքը, որը աղքատ է եւ այդ պատճառով է նրա երեխան հայտնվել խնամքի կենտրոնում, սակայն ընտանիքը ցանկանում է իր երեխային պահել, չի վնասում, բռնության չի ենթարկում, բոլոր այդ դեպքերում, երբ հնարավոր է, որոշակի աջակցության պայմաններում, որ երեխան վերադառնա սեփական ընտանիք, նախընտրելի է այդ տարբերակը եւ բոլոր այդ կազմակերպությունները պետության կողքին են, որ ընտանիքներին օգնեն: Խոսքը վերաբերում է ոչ միայն նյութական օգնությանը, այլ նաեւ որոշակի թերապեւտիկ աշխատանք ծնողների հետ, մթնոլորտի կարգավորում, խաղաղ միջավայրի ստեղծում, այնպես, որ երեխան մանկատնից վերադառնալով ընտանիք՝ չվնասվի եւ ապրի ավելի հավասարակշռված իրավիճակում»:
Սակայն, երբ այդ տարբերակը հնարավոր չէ, ըստ տիկին Անտոնյանի, փորձելու են երեխաների հարազատների մեջ գտնել խնամողներ, որոնց կվարձատրեն այդ ծառայության դիմաց:
«Եթե ստացվում է այնպես, որ երեխաները ոչ սեփական ընտանիք կարող են վերադառնալ, ոչ` հարազատներն են պատրաստ այդ երեխաներին խնամել, ապա նման երեխաների համար կառաջարկենք օտար ընտանիքներ, որոնք հատուկ պատրաստված են, մասնագիտացված են, անցել են հատուկ ընտրություն, լավ հասկանում են երեխա խնամելու հմտությունները, եւ պատրաստ են իրենց ընտանեկան պայմաններն առաջարկել ընտանեկան խնամքից զրկված երեխաներին, որոնք մանկատանը մնալու պարագայում երբեք ծնողի համուհոտ չեն զգալու»,-ասաց Միրա Անտոնյանը:
Aravot.am-ի հարցին, թե մանկատանը խնամվող շատ երեխաների ծնողներ չեն հրաժարվել իրենց երեխաներից, ուստի նրանց չեն կարողանում հանձնել որդեգրման, խնամատար ընտանիք տալու պարագայում կենսաբանական ծնողը պե՞տք է իր համաձայնությունը տա, Միրա Անտոնյանն ասաց` օրենքը չի պահանջում:
Տիկին Անտոնյանը նաեւ ասաց, որ ի տարբերություն որդեգրման, խնամատար ընտանիքի պարագայում ընտանիքն ինքը չի ընտրում երեխային, այլ` երեխայի կարիքներից ելնելով է երեխայի համար ընտանիք ընտրվում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ