Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հերթական «հերոսական» որոշումն է կայացրել՝ քրեական գործ հարուցելով Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանի դեմ: Այդ որոշման մասին գրում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Մասնավորապես Գլխավոր դատախազության՝ Ծանր հանցագործությունների գլխավոր քննչական վարչությունը հեռակա կալանք է կիրառել Կարապետյանի նկատմամբ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նա 2014-2018թթ. ընթացքում «կազմակերպված խմբի» կազմում «բազմիցս անօրինական կերպով Հայաստանի տարածքից հատել է Ադրբեջանի պետական սահմանը»: Գասպար Կարապետյանին մեղադրում են Ստեփանակերտ և Արցախի այլ բնակավայրեր այցելելու, «Ադրբեջանի ինքնիշխանության և նրա տարածքային ամբողջականության փլուզման դեմ բացահայտ կոչեր անելու» մեջ:
Ըստ հաղորդագրության՝ 2018թ. փետրվարի 20-ին Գասպար Կարապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել, նրա դեմ հայտարարվել է միջազգային հետախուզում:
Հիշեցնենք, Ադրբեջանը պարբերաբար իր «սև ցուցակում» է ներառում Արցախ այցելած տարբեր ազգության քաղաքական և մշակութային գործիչների, արգելում նրանց մուտքն Ադրբեջան կամ նրանց նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ