Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թուրքը դո՛ւ ես, հանգստացի հլը…». դատախազի պատասխանը՝ Պավել Մանուկյանի վիրավորանքին

Փետրվար 21,2018 14:07

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամներից Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Մխիթար Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Արեգ Կյուրեղյանի, Սմբատ Բարսեղյանի, Սեդրակ Նազարյանի եւ Էդվարդ Գրիգորյանի գործով դատական նիստում այսօր ամբաստանյալների համար որպես հանրային պաշտպան ներգրավված փաստաբանները կրկին բարձրաձայնեցին իրենց՝ գործի վարույթից հեռացնելու հարցը: Նրանց կարծիքով՝ քանի որ ամբաստանյալները պայմանագրային պաշտպաններ ունեն, իրենց՝ դատարանում գտնվելը չի բխում ամբաստանյալների շահերից, առավել եւս, երբ վերջիններս չեն ցանկանում հանրային պաշտպաններ ունենալ:

Հարցի շուրջ դատավոր Մեսրոպ Մակյանը կարծիք հարցրեց նաեւ մեղադրող կողմից: Դատախազներից Պետրոս Պետրոսյանը փաստաբանների կարծիքի դեմ առարկեց:

Ամբաստանյալներից Պավել Մանուկյանն առանց դատավորի թույլտվության տեղից խոսեց եւ ընդհատեց նրան՝ ասելով. «Ես թքած ունեմ ձեր կարծիքի վրա»:

Այս արտահայտության համար դատավոր Մեսրոպ Մակյանը Պավել Մանուկյանին սանկցիայի ենթարկեց՝ նախազգուշացման տեսքով, սակայն Մանուկյանը կրկին բղավեց, որ «թքած ունի»:

Դատական նիստի կարգը խախտելու եւ դատավորի պահանջին չենթարկվելու համար Պավել Մանուկյանն ավելի խիստ սանկցիայի արժանացավ՝ դատական նիստերից հեռացում 5 ժամով:

Մինչ ոստիկանները նրան դուրս կուղեկցեին, Մանուկյանը բղավեց ու դատախազին «թուրք» անվանեց:

Պետրոս Պետրոսյանն էլ արձագանքեց. «Թուրքը դո՛ւ ես, հանգստացի հլը…»: Այս արտահայտության համար էլ Պետրոս Պետրոսյանը դատավորից նախազգուշացում ստացավ:

Ապա լարված իրավիճակում նիստերի դահլիճից հեռացման սանկցիայի ենթարկվեցին նաեւ ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանն ու Արայիկ Խանդոյանը:

Դատաքննությունը գործում առկա գրավոր ապացույցների հետազոտման փուլում է:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728