Կողք կողքի են լիճն ու քաղաքը, երկուսն էլ` Սևան անունով: Ու չնայած լճից քաղաք մոտ 400մ է, սակայն զբոսաշրջիկը շատ դեպքերում շրջանցում է քաղաքը, որոշ դեպքերում էլ Սևան անունն ասոցացվում է միայն լճի հետ: Փաստորեն, զբոսաշրջիկը մուտք գործելով թերակղզու տարածք` քաղաք այցելելու մասին չի էլ մտածում: Ինչպես փաստում են Սևանի զբոսաշրջության տեղեկատվական գրասենյակի կողմից հրապարակված թվերը, 2017 թվականի հուլիս-հոկտեմբեր ամիսներին թերակղզու ավտոկանգառի տարածք է ժամանել 83.044 զբոսաշրջիկ 35 երկրից:
Ու ստացվում է, որ լճի ափին գտնվող քաղաքը, որ կարող էր դառնալ նաև զբոսաշրջային քաղաք, դուրս է մնացել այդ քարտեզից:
Սևանի զբոսաշրջության տեղեկատվական գրասենյակի պատասխանատու Դավիթ Թորոսյանը, որն արդեն տասը տարուց ավելի այդ ոլորտում է, զբոսաշրջիկին քաղաք բերելու իր տարբերակներն է առաջարկում:
«Ըստ էության գործողությունների շարքը հաշվարկելի չէ: Չի կարելի պնդել, որ հենց այս կամ այն գործողությունից հետո քաղաքում անհաշվելի կդառնա տուրիստների թիվը: Նախ` պետք է ընտրել քաղաքի բրենդը, ինչպես ընդունված աշխարհում: Այն հնարավորություն կտա ավելի գրագետ ձևով գովազդել զբոսաշրջային այս տարածքը, միևնույն ժամանակ օտարերկրացուն առավել հասկանալի կդառնա, թե ինքն ինչու պետք է այցելի կոնկրետ այս քաղաք, որն է դրա գրավչությունը, ինչ է ստանալու այդ այցից»,- ասում է Դավիթ Թորոսյանը:
Սևանն ունի լուրջ ռեսուրսներ զբոսաշրջային տարածքների առումով: Եթե որոշ համայնքներ զբոսաշրջիկին գրավելու նպատակով կառուցում կամ ստեղծում են ուշադրության արժանի վայրեր, Սևանի պարագայում լիճն արդեն այցեքարտ է և տեղացիների, և օտարերկրացիների համար: Դրա վրա հենվելով` կարելի է «բացահայտել» քաղաքի զբոսաշրջային գրավչությունները` երբեմն սովորական ու աչքի չընկնող:
«Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ, «Բոհեմ» արվեստանոց- թեյարանի հիմնադիր Գոհար Մնացականյանը, որը 2012-ին, հայ-ֆրանսիական համագործակցության շրջանակներում, մասնակցել է «Լոկալ գիդերի վերապատրաստում» ծրագրին, զբոսաշրջային քաղաքի հիմքում դնում է հին քաղաքի` Ելենովկա բնակավայրի արժևորման խնդիրը:
Սևանի համայնքապետարանում ևս Սևան քաղաքի պատմության վերականգնումը դիտարկում են ոլորտի առաջնահերթություններից մեկը:
Բնակավայրը 1842թ-ին հիմնադրել են եկվոր ռուս աղանդավորները և կոչել Ելենովկա: Ելենովկա բնակավայրի հենքի վրա կառուցված և Սևան անվանակոչված քաղաքի կենտրոնում պահպանվում են բնակավայրի 1-ին բնակիչների` ռուս մոլոկանների տները: Մոտ 10 նման տուն կա, 20 էլ հնարավոր է վերականգնել, և Նաիրյան փողոցի մի հատվածում վերականգնել քաղաքի պատմությունը, որն իր կոլորիտով, ճարտարապետական լուծումներով, ազգային խոհանոցով կարող է դառնալ զբոսաշրջիկների /հատկապես` ռուս/ համար այցի լավագույն վայրերից մեկը: Կառուցված տներից մեկում էլ, որը գտնվում է Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշախաչքարի մոտ, քաղաքի պատմության թանգարանի հիմնումով կամբողջացվի բնակավայրի պատմական մասը: Սևանում կա նաև մոլոկանների գերեզմանատուն, որտեղ ևս հնարավոր է իրականացնել վերականգնողական որոշակի աշխատանքներ և դարձնել այցելության վայր:
Սևանը կարող է դառնալ հյուրընկալող կողմ մի շարք առումներով, պարզապես, ինչպես նշում է Դավիթ Թորոսյանը, նախ պետք է զարգացնել ու կիրառել զբոսաշրջային ռազմավարություն` սկսած ենթակառուցվածքներից մինչև մաքրություն, ժամանցի վայրերից մինչև բնապատմական տարածքներ, հարմարավետությունից մինչև ծառայությունների մատուցում: «Հաշվի առնելով ֆինանսական և ներդրումային ներկա վիճակը` այս ամենին կարելի է հասնել փուլային տարբերակով: Զուգահեռ պետք է աշխատանքներ տանել բնակչության այն հատվածի հետ, ովքեր անմիջապես առնչվում են զբոսաշրջիկների հետ, որոնց միջոցով տեղի է ունենում քաղաքի հետ հանդիպումը»,- հավելում է Դավիթը:
Քաղաքային զբոսաշրջությունը մեր օրերում ոչ միայն արդիական են, այլ նաև ունի լուրջ հեռանկար: Սևանի դեպքում ամառային շրջանը պետք է երկարացնել և դիտարկել ողջ տարվա համար:
Մի քանի թվարկումներն արդեն իսկ բավական են, որպեսզի քաղաքային զբոսաշրջության հասցեներն ուրվագծվեն, ինչին անդրադառնում է նաև զրուցակիցս` Գոհար Մնացականյանը:
«Էկոտուրիզմի, լեռնադահուկային տուրիզմի զարգացման համար հիանալի վայր է Մեծեփ սարը: Սևան քաղաքից հյուսիս-արևմուտք, Գոմաձոր թաղամասում` Փամբակի լեռնաբազուկի վրա, պահպանվում են Մեծոփա ամրոցի մնացորդները հեռուստաաշտարակի մոտ: Բարձր դիրքի շնորհիվ լեռան գագաթից տեսանելի են Հրազդանը և այնտեղից 5 կմ հեռու գտնվող Իշտիկունու Լճաշենի հնագույն ամրոցը:
Մեծեփը կարող է դառնալ էկոտուրիզմի լավագույն վայրերից մեկը, միաժամանակ հարմար ու նպաստավոր է քայլարշավի սիրահարների համար: Քաղաք եկող զբոսաշրջիկը ոտքով կարող է երկաթգիծը հատել, հասնել Գոմաձոր թաղամաս, այնտեղից սկսվող քայլարշավը շարունակվել մինչև Ցամաքաբերդ թաղամաս, ապա` թերակղզի: Զբոսաշրջության ձմեռային սեզոնայնության ապահովման նպատակով Մեծեփի վրա պետք է կառուցել սահուղիներ, ապահովել դահուկասպորտային ձևի զարգացումը, փոքրերի ժամանցի կազմակերպման համար կառուցել սահնակների համար նախատեսված արահետներ:
Մեծեփի շրջակայքում կտեղակայվեն ժամանցի կազմակերպման կառույցներ /սրճարան, թեյարան/, վարձակալությամբ տրվող մարզասարքերի կետեր»:
Առկա հետաքրքրությունների հենքի վրա կարող են ստեղծվել լուրջ նախապայմաններ զբոսաշրջիկին քաղաք բերելու համար: Քաղաք բերող ճանապարհներից մեկն էլ գիշերակացի ապահովումն է:
Դավիթ Թորոսյանը նկատում է, որ լճի ափի տարածքում գործող հյուրընկալության օբյեկտների գների համեմատումը քաղաքում առկա հնարավորությունների հետ կարելի է օգտագործել: «Քաղաքում այսօր կա 14 հյուրընկալող տուն առավել մատչելի գներով, քան առաջարկում են առափնյա տարածքում: Սա արդեն իսկ փաստացի աշխատող տարբերակներից է, որն անմիջականորեն նպաստում է ափամերձ տարածքից դեպի քաղաք զբոսաշրջային որոշակի հոսքերին»,- ավելացնում է զբոսաշրջային տեղեկատվական գրասենյակի պատասխանատուն:
Նույն գրասենյակի կողմից ամռան ընթացքում կատարված հարցումների արդյունքում պարզվել է աշխատող տարբերակ է նաև Սևան քաղաքի և ափամերձ գոտու միջև ժամանակակից խաղային ատրակցիոնի կառուցումը և շահագործումը: Նախ` սա քաղաքի բնակչությանը կտա 150-200 աշխատատեղ, կաշխուժացնի քաղաքի առօրյան, միաժամանակ զբոսաշրջիկներին կտա հավելյալ հնարավորություն ավելի երկար մնալու այս տարածքում, համապատասխանաբար ավելի շատ գումար թողնելու, ինչն էլ իր հերթին նշանակում է ունենալ տնտեսական ուղիղ աճ` բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ:
Սևանն այսօր կարող է ներկայանալ նաև պատմամշակութային և կրոնական զբոսաշրջությամբ: Գծելով հետևյալ երթուղին` Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի /քաղաքում/ – «Մաշտոցներ» միջնադարյան մատուռ /10-րդ դար/ – Սևանա թերակղզի` հեթանոսական շրջանից մինչև միջնադար ձգվող եկեղեցիներով – Սևանի Վազգենյաց հոգևոր դպրանոց, զբոսաշրջիկի համար ստեղծվում է հիանալի հնարավորություն մոտ գտնվել բնությանը և իր համար ճանաչելի դարձնել շատ արժեքներ:
Ինչպես նշում են զրուցակիցներս, պետք է օգտագործել այն ռեսուրսները, որոնք ներկայացնում են հետաքրքրություն, դուրս են ստանդարտներից. օգտագործելուն զուգահեռ դրանք պետք է դարձնել ներկայանալի:
Գոհարը հավելում է, որ «Բոհեմ» արվեստանոց-թեյարանում գործող Հուշանվերների թանգարանը, որն իր տեսակի մեջ եզակի է, կարող է լրիվ տեղավորվել զբոսաշրջային հետաքրքրությունների կոնտեքստում, ավելին` ընդարձակել իր տարածքը` դառնալով այցեքարտերից մեկը, որը կլրացնի քաղաքում գործող «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի բնագիտական թանգարանին:
Սա և այսպիսի էլի շատ գաղափարներ կան, որոնք ներկայումս մշակվում են Սևանի համայնքապետարանում, սակայն համայնքը միայն իր միջոցներով և ռեսուրսներով չի կարող այս գաղափարները դարձնել կոնկրետ ծրագրեր:
Զբոսաշրջային գրավչություններն ի ցույց դնելու համար կարևոր է նաև ապակենտրոնացված համագործակցության առկայությունը: Սևանն այդ առումով ունի փորձ. Ֆրանսիայի Գրենոբլ, Լեհաստանի Բրոդնիցա, Իտալիայի Ավիլիանա քաղաքների, Չեխիայի Պրահա-Վինոր տարածաշրջանի հետ համագործակցության մի ուղղությունն էլ զբոսաշրջությունն է, որը կարող է ծրագրերի տեսքով զբոսաշրջությունը դարձնել քաղաքային կյանքի մի մասը:
Ներկայումս իրականացվող աշխատանքների հիմքում Սևանի զբոսաշրջային գրավչությունների փաթեթավորումն է, դրանք հասանելի դարձնելը, որը հավակնում է ներկայանալու տեղացի և օտարերկրացի զբոսաշրջիկներին հետաքրքիր առաջարկներով:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ