Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ասում են՝ կարմիր, նկատի են ունենում սեւ, սպիտակ, երբեմն նույնիսկ՝ բազկաթոռ. Փաշինյանը հեգնեց Հրայր Թովմասյանին

Փետրվար 21,2018 13:47

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նախագիծը, որով «Ծառուկյան» դաշինքն առաջարկում է ռեյտինգային ընտրակարգը հանել:

ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը հարցրեց՝ քաղաքական կոնսենսուսով ընդունած օրենքը փոխելու անհրաժեշտությունն ինչո՞ւ առաջացավ, արդյոք այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորվա՞ծ է բացառապես ընտրության արդյունքներով, որը ձեզ չի բավարարել: Ընդունման պահին ձեռնտու է եղել քաղաքական ուժին, բայց ընտրություններին չի տվել ձեզ համար ցանկալի արդյունք, ուրեմն պետք է փոխե՞լ:

Նաիրա Զոհրաբյանը պատասխանվեց, որ «ի տարբերություն ձեզ, մենք չենք ուզում հարմարեցնել ցանկացած օրենք՝ իբրեւ կոստյում, ուզում ենք ունենալ օրենսգիրք, որի արդյունքում կունենանք ժողովրդի քվեով ընտրված խորհրդարան եւ դա բացարձակապես կապ չունի՝ գո՞հ ենք ապրիլի 2-ի ընտրությունների արդյունքներից, թե՞ ոչ»:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ այն ուժերը, որոնք կոնսենսուսի են եկել ՀՀԿ-ի հետ Ընտրական օրենսգրքի շուրջ, կամ չեն անցել խորհրդարան, կամ հիմա դեմ են այս օրենսգրքին, ԲՀԿ-ն կոնսենսուսի մեջ է եղել, հիմա դեմ է, ՀՅԴ-ն դեմ է, միայն ՀՀԿ-ն է կողմ:

Էդմոն Մարուքյանն ասաց, որ «Ելք» դաշինքը միակ ուժն է խորհրդարան անցած ուժերից, որ ստացել է ամենաշատ համամասնական ձայներ: Մարդիկ վերցրել են «Ելքի» քվեաթերթիկը եւ առանց որեւէ մեկին նշելու քվեարկել են: Իսկ մնացած ուժերի դեպքում մարդիկ ասելով, որ զզվում եմ այս քաղաքական ուժից, բայց ա՛յ այս մեկը լավ տղա է, գնացել եւ ձայն են տվել անձին: Նա ասաց, որ իրենք այն ժամանակ էլ, հիմա էլ դեմ են ռեյտինգային ընտրակարգին, այն քաղաքական գաղափարների պայքարի չի բերում:

ՀՀԿ-ականները անընդհատ հիշեցնում էին, որ «Ընտրական օրենսգիրքն» ընդունվել է կոնսենսուսով: Փաշինյանը, խոսելով 4+4+4 ձեւաչափի մասին, ասաց, որ կոնսենսուսը եղել է ԵՄ-ի տրամադրած փողերը ծախսելու շուրջ, ռեյտինգային ընտրակարգի շուրջ չի եղել:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը հիշեցրեց, որ Սահմանադրության մեջ ամրագրված է համամասնական ընտրակարգի մասին, այս ընտրակարգի մասին խոսք չկա, բացի այդ, ըստ նրա, եթե անգամ Ընտրական օրենսգիրքը կոնսենսուսով է ընդունվել, հո Աստվածաշո՞ւնչը չի, որ չկարողանան փոխել կամ տող ավելացնել, կամ Մարտիրոս Սարյանի կտավները չեն. «Ռեյտինգային ընտրակարգը պայքար էր՝ ուրիշ հատկանիշների, ուրիշ ունակությունների մեջ: Շատ լավ գիտենք, թե ովքեր էին հոգեհանգստի արարողության տպավորություն ստեղծող սեւ վերնաշապիկներով կանգնում ընտրատեղամասերի դեմը եւ կողմնորոշում, այսպես կոչված՝ «մոլորված» ընտրողներին»:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ «Վախենամ մենք այդպես ուվերենի չպետք է պնդենք, թե ինչ է գրած Սահմանադրության մեջ, դա գիտեն նեղ շրջանակի մարդիկ: Եթե գրած է համամասնական, դա չի նշանակում դեռ համամասնական, կարող է նկատի է առնված մեծամասնականը ու պիտի մամուլին հետեւենք, տեսնենք՝ պարոնայք Թովմասյանը եւ ՀՀԿ մեծամասնության ներկայացուցիչները որ դեպքում ինչ են նկատի ունենում, երբ ասում են՝ կարմիր, որովհետեւ երբեմն նկատի են ունենում սեւ, երբեմն՝ նարնջագույն, երբեմն՝ սպիտակ, երբեմն նույնիսկ՝ բազկաթոռ»:

Հրայր Թովմասյանը արձագանքեց՝ «Եթե ինչ-որ մարդ Հովհաննես Թումանյան չի կարդացել կամ կարդացել է՝ չի հասկանում, դա չի նշանակում, որ այդպիսի գրող չկա: Կա այդպիսի գրող: Եվ այդ մարդու խնդիրն է՝ գիտի՞ ինքը դրա մասին, թե՞ չգիտի»:

Թովմասյանն ասաց, որ որեւէ երկրի ընտրական համակարգը մյուս երկրի համակարգին նման չէ:

Ընդդիմադիրները խոսում էին թաղային հեղինակությունների մասին: Արփինե Հովհաննիսյանը հիշեցրեց՝ բա «Ելքում» ռեյտինգայինով չե՞ն ընտրվել, Փաշինյանը, Մանե Թանդիլյանը թաղային հեղինակություննե՞ր են:

Հիշեցնենք, որ ռեյտինգայինով են ընտրվել «Ելքից նաեւ Գեւորգ Գորգիսյանը, Արարատ Միրզոյանը: Փաշինյանն էլ կատակեց, «հա, ես քուչի հեղինակություն եմ»: Արփինե Հովհաննիսյանը կոչ արեց իրար չվիրավորել. «Իմ ամենավառ պատկերացման մեջ Մանե Թանդիլյանը դժվար թե համարվի թաղային հեղինակություն»:

Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության եւ բացասական եզրակացություն ստացավ`9 դեմ, 5 կողմ ձայներով: ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն դեմ քվեարկեցին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728