«Ամերիկայի Ձայն».Շենգենյան գոտու պետությունների հետ ազատ վիզային ռեժիմ սահմանելուց գրեթե մեկ տարի անց Եվրամիության տարածքում քաղաքական ապաստան հայցող Վրաստանի քաղաքացիների թիվը կտրուկ կերպով աճել է: Այս մասին շաբաթասկզբին գրել է գերմանական Die Welt պարբերականը` վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարության տվյալները: Պարբերականի տեղեկություններով՝ միայն Գերմանիայի իշխանություններին քաղաքական ապաստանի խնդրանքով դիմած Վրաստանի քաղաքացիների թիվը վերջին կես տարում եռապատկվել է:
«Նախորդ տարվա սեպտեմբերին Գերմանիայում քաղաքական ապաստանի դիմում է ներկայացրել Վրաստանի 238 քաղաքացի, հոկտեմբերին` 355, նոյեմբերին` 444: 2017 թվականի դեկտեմբերին արդեն Գերմանիայի իշխանություններին քաղաքական ապաստանի խնդրանքով դիմած վրացիների թիվը հասել է 522-ի», – գրում է Die Welt-ը` հավելելով․ – «Այս միտումը պահպանվել է նաև 2018 թվականին: Հունվար ամսին Գերմանիայում քաղաքական ապաստան հայցող վրացիների ընդհանուր թիվը 745 էր»:
Այս վիճակագրությունը ստիպում է Գերմանիայի իշխանություններին լրջորեն մտորել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սառեցման հարցը Եվրամիության կառույցներում քննարկելու մասին: Փետրվարի սկզբին նման առաջարկով հանդես եկավ Գերմանիայի ամենամեծ և բարեկեցիկ երկրամասերից մեկի` Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի ինտեգրման հարցերով նախարար Յոախիմ Շտամպը: Գերմանացի պաշտոնյայի խոսքով՝ Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմն իրեն չի արդարացնում, քանի որ վերջին մեկ տարում աճել է ոչ միայն քաղաքական ապաստան հայցողների, այլև վրացիների կողմից Եվրամիության տարածքում կատարված հանցագործությունների թիվը:
Միայն երկու օրինակ: Անցած շաբաթավերջին շվեդական ոստիկանությունը Lynx կոչվող լայնածավալ գործողության արդյունքում 50-հոգանոց մի հանցախումբ ձերբակալեց, որի 23 անդամները Վրաստանի քաղաքացիներ էին: Նրանց կասկածում են սպանությունների, թմրանյութերի տարածման և շորթման մեջ:
Դրան զուգահեռ՝ ֆրանսիական ոստիկանությունը Փարիզում վրացական հանցավոր խմբավորումներից մեկի 8 անդամների ձերբակալեց, որոնց ֆրանսիացի դատախազները մեղադրում են բնակարանային գողություններ կատարելու և վրացի «օրենքով գողերի» ցուցումով գործելու մեջ:
Այս ամենի ֆոնին պատահական չէ, որ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը, կիրակի օրը մյունխենյան համաժողովի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցերին, չբացառեց, որ Եվրամիությունը կարող է գործի դնել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմի սառեցման մեխանիզմը:
«Վրաստանում հասկանում են, որ եթե ապաստան հայցողների թիվը կտրուկ կերպով աճի, ապա մենք կգործարկենք [ազատ վիզային ռեժիմի] սառեցման մեխանիզմը: Ազատ վիզային ռեժիմի ապագան Վրաստանի ձեռքում է: Մենք իհարկե կարող ենք և սպասել, սակայն ապաստան հայցողների թվի աճը մտահոգիչ է: Մյուս մտահոգիչ գործոնն այն է, որ ի տարբերություն մյուս պետությունների քաղաքացիների` ապաստան հայցող վրացիների շրջանում հանցագործություն կատարած անձանց թիվն ավելի մեծ է: Այնպես որ, Վրաստանը շատ անելիք ունի», – հայտարարում էր Գերմանիայի ներքին գործերի նախարարը:
Գեւորգ Ստամբոլցյան
Շաբաթներ առաջ, երբ ԱՎԾ-ն հրապարակեց իր տարեկան զեկոյցը, աղմուկ բարձրացաւ, թէ տեսէ՛ք-տեսէ՛ք մեծ թուով հայաստանցիներ ՌԴ քաղաքացիութիւն են ստանում, մինչդեռ վրացիների նոյն ցուցանիշը տասն անգամ ցածր է:
Պէտք է արդար լինենք. արտագաղթի խնդիր Հայաստանում կայ (այն էլ՝ մտահոգիչ ծաւալի), բայց այնպէս չէ, որ վրացիների մօտ ամէն ինչ «հալած իւղի պէս» է:
Մի քանի անգամ առիթ եմ ունեցել Հայաստան այցելել Վրաստանով: Չնչին բացառութիւններով հանդերձ (ներդրումներ, զբօսաշրջութիւն, կաշառակերութիւն)՝ մեր համեմատ տպաւորիչ առաջընթաց չեմ նկատել: Նոյն հայաստանն է: Աւելին, մեզ մօտ կատարուել են բարեփոխումներ, որոնք երկարաժամկէտ կտրուածքով մեզ մեծ թափ են հաղորդելու,,