«Օրենքի վերջին խմբագրված տարբերակը կոնկրետ մի անձի շահով է գրված`խորհուրդները հաստատվում են վարչապետի կողմից եւ ԵՊՀ-ի վերաբերյալ առանձին դրույթ կա»,- այս հարց-դիտարկումներն այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին ուղղեց ԵՊՀ դասախոս, Երեւանի ավագանում կրթության հանձնաժողովի անդամ Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, խորհրդարանում լսումներ են կազմակերպվել «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով:
Նախարարը ԵՊՀ-ի մասով նկատեց`յուրաքանչյուր երկիր իր մայր բուհի հանդեպ պարտավորություն ունի եւ առանձնացվում է: Ասաց`դա նորամուծություն չէ, ՀՀ կրթության օրենքում էլ կար եւ դա ավելի շատ բարոյական է, քան ԵՊՀ-ին հատուկ առանձնաշնորհյալ կարգավիճակ:
«E-draft-ում դրված տարբերակի քննարկումից հետո բերել նախագիծ, որը արմատական փոփոխություններ է պարունակում, ճիշտ չէ: Կառավարման խորհրդի հաստատումը վարչապետի կողմից լրջագույն խնդիր է առաջացնում ինքնավարության տեսակետից: Գոնե կառավարություն գրեիք»,- ասել էր Արայիկ Հարությունյանը`նկատելով, որ նախարարի ներկայացրած ինքնավարության հարցերն այսպիսով ի չիք են դառնում:
Նախարարը կոչ արեց`15-20-30 տարվա կտրվածքով նայել. «Համալսարանը հիմնադիր ունի, խորհուրդը պիտի ինչ-որ մեկի կողմից հաստատվի: Ես սա արմատական փոփոխություն չեմ համարում: Իրավաբաններն ասում են`իրավաբանական բաց է, լրացրել ենք: Առաջարկ արեք»:
Քննարկումների ժամանակ Արայիկ Հարությունյանը հստակ պատասխաններ չէր ստացել նաեւ կառավարման խորհրդում ընդգրկվող գործատուների վերաբերյալ: «Ովքե՞ր են այդ գործատուները լինելու»,- հարցրեց նախարարին:
«Գործատուների առաջադրման իրավունքը թողել ենք համալսարանին, որպեսզի համալսարանի կոլեկտիվն ինքը հասկանա, թե գործատուն պարզապես կգա կնստի եւ կհամարվի անդա՞մ, թե՞ իր բիզնեսը կկապի համալսարանի հետ եւ կաջակցի: Ամերիկյան համալսարանը շատ լավ օրինակ է. խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի իր պարտքի զգացումը կոնկրետ բուհի զարգացման համար, մի մասը ֆինանսական է, մյուսը`բովանդակային»,- ասաց նախարարը`հավելելով, որ քննարկումների ժամանակ առաջարկ են ստացել, որ որոշ հատվածին նաեւ ուսխորհուրդներն առաջարկեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ