«Ծառուկյան» դաշինքն առաջարկում է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարել եւ ռեյտինգային ընտրակարգը հանել:
Այսօր ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց նախագիծը: Ի դեպ, այսօր հանձնաժողովի նիստը վարում էր Ռուստամ Մախմուդյանը, քանի որ Հրայր Թովմասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Հայտնի է նաեւ, որ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը:
ՀՀԿ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը, խոսելով Ընտրական օրենսգրքի փոփոխության նախագծի մասին, հիշեցրեց՝ ժամանակին այդ Ընտրական օրենսգրքին ԲՀԿ-ն կողմ է քվեարկել եւ այն ընդունվել է կոնսենսուսով. «Եղել են մի քանի պահանջներ, որոշ պահանջներ քաղաքական կոնսենսուսի ժամանակ ընդունվել են, որոշ պահանջներ՝ ոչ: Ես հասկանում եմ տիկին Զոհրաբյանի փաստարկը, հետո համոզվել են, որ ռեյտինգայինի անհրաժեշտությունը չկա, բայց քաղաքական մեծ կոնսենսուսով կայացված որոշումը չենք կարող այստեղ միանգամից փոխել»: Նա առաջարկեց հանձնաժողովին տալ բացասական եզրակացություն:
Նաիրա Զոհրաբյանն էլ պատասխանեց, որ քաղաքական կոնսենսուս եղել է՝ փոխզիջումային տարբերակ: ՀՀԿ-ն պնդում էր, որ եթե մենք չհամաձայնենք վարկանիշային դրույթին, իրենք չեն համաձայնի ընդդիմության համար երկու կարեւոր սկզբունքի՝ տեսաձայնագրմանը եւ ընտրացուցակների հրապարակմանը. «Դավիթ Հարությունյանը հանդես եկավ բացարձակ ուլտիմատումով»: Նա ասաց, որ այս օրենքի կիրարկումը ցույց տվեց, որ այն մեր քաղաքական մշակույթում չի աշխատում:
«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցրեց՝ այդ կոնսենսուսի արդյունքում վերջին մոնիտորինգի արդյունքներով ԱԺ-ում այսօր 46 լռող պատգամավոր կա: Արփինե Հովհաննիսյանը նախ պատասխանեց, որ Դավիթ Հարությունյանի կամ որեւէ մեկի կողմից ուլտիմատում չի եղել, փոխզիջումային տարբերակ է եղել: Նա ասաց, որ ընդհանուր օրենսգրքի շուրջ է եղել կոնսենսուսը, ոչ թե առանձին դրույթների:
Ինչ վերաբերում է լռող պատգամավորներին, Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժում պատգամավորն ինքն է որոշում լռե՞լ, թե՞ խոսել, դա ընտրական մոդելի հետ կապ չունի:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հեգնեց՝ «Ուղղակի ոմանք ընդհանրապես խոսել չգիտեն»: Արփինե Հովհաննիսյանն էլ հակադարձեց. «Ոմանք էլ, որ շատ են խոսում, դրանից միեւնույն է, շատ բան չի փոխվում»: Գեւորգ Կոստանյանը չկարողացավ զսպել ծիծաղը:
Ավելի ուշ Փաշինյանը Հովհաննիսյանին պատասխանեց. «Եթե եղել են պատգամավորներ, ովքեր խոսել չգիտեն, հիմա նույնիսկ կարող ենք պնդել, որ կան պատգամավորներ, ովքեր ոչ միայն խոսել չգիտեն, այլեւ չեն հասկանում, թե ինչ է կատարվում ԱԺ-ում, էս ովքեր են հավաքվել, ինչու են մարդիկ մի մասը վերեւը նստում, մյուս մասը ներքեւը, ինչու է տաբլոյի վրայի կարմիրը, ինչ է կապույտը եւ այլն»: Նա ասաց, որ իհարկե, կան դեպքեր, երբ շատ են խոսում ու ոչ մի բան չի փոխվում, բայց դա առաջին հերթին վերաբերում է խորհրդարանական մեծամասնությանը. «Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, որ խոսում են, իրենք ընդհանրապես որեւէ բան չեն որոշում, իրենք խոսում են՝ գեղեցիկ ֆասադն ապահովելու համար, որ այ, իրենք քննարկում ու որոշում են: Իրականում իրենց փոխարեն ամեն ինչ որոշել են: Նրանք այս կարգավիճակի մեջ շատ հավասար են նրանց, ովքեր ոչ լսում են, ոչ խոսում են, ոչ էլ հասկանում են»: Նա ասաց, որ այդ նույն ֆասադի մեջի քարերն են բոլորը՝ կան լավ տաշված, հղկված քարեր, կան չհղկված քարեր, կան ընդհանրապես անկապ քարեր, որ այդտեղ պիտի ընդհանրապես չլինեին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ