Հովհաննես Թումանյանի ծննդյան առիթով եւ գիրք նվիրելու կապակցությամբ փետրվարի 19-ին Սերժ Սարգսյանն այցելել է «Բուկինիստ» գրախանութ, որտեղ հանդիպում է ունեցել «Էդիթ Պրինտ» հրատարակչության ղեկավար Մկրտիչ Կարապետյանի, «Զանգակ» հրատարակչության ղեկավար Սոկրատ Մկրտչյանի, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի եւ «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ։ Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։
– Իսկ Դուք Սերժ Սարգսյանի հետ երկրում տիրող հակագրքային մթնոլորտից խոսեցի՞ք։ Չէ՞ որ հաճախ եք բարձրաձայնում այդ մասին։
– Բանն այն է, որ ես հանդիպմանը հայտնվել էի մեն-մենակ՝ չորս հոգու դեմ։ Իմ կոլեգաները, ցավոք, ոչ մի խնդիր չբարձրացրին։ Երբ ես խոսում էի խնդիրներից, իմ բերանը փակում էին ու իրենց գրանցած դրական ցուցանիշներն էին ցույց տալիս։ Օրինակ՝ ես ասացի, որ գրախանութ մարդ չի մտնում՝ նկատի ունենալով Հայաստանի բոլոր գրախանութները, քաղաքացիների 2 տոկոսը հազիվ է մտնում գրախանութներ։ Այդ ժամանակ Խաչիկ Վարդանյանը բերանս փակեց՝ ցույց տալով իրենց գրախանութի գրանցած դրական ցուցանիշը։ Իրենց մասով դա ճիշտ էր, բայց չէ՞ որ դա ամբողջական պատկերը չէր։ Մենք ունենք ընդամենը մի քանի գրախանութ, որոնք արդարացնում են իրենց, ու դա խայտառակություն է։ Մտածում էի՝ ժողովուրդ, էս ի՞նչ եք անում, մենք եկել ենք՝ այս հարցերը բարձրացնենք, դուք ասում եք, որ վիճակը բարվոք է, բանից դուրս է գալիս՝ ես սուտ եմ խոսո՞ւմ։
Մի խոսքով, այս խնդիրն ամբողջ զրույցի ընթացքում կար։ Երբ տեսա, որ իմ կոլեգաները եկել են հանդիպման վարդագույն ակնոցով եւ պետության ղեկավարին ասում են, թե ինչ լավ է Հայաստանում, ես միջամտեցի, այլապես հանդիպման գնացել էի միայն խաղաղության պայմանագիր կնքելու հարցը բարձրացնելու համար, որին, ի դեպ, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ ջանք չի խնայում, որպեսզի դա տեղի ունենա։
Մեկ այլ դեպքում եւս միջամտեցի, երբ կոլեգաներս ասացին, որ անհրաժեշտ է ընդունել գրքի մասին օրենք։ Ես ասացի, որ գրքի մասին օրենքը ցենզուրայի մասին օրենքն է։ Գրքի մասին օրենքին սկսեց դեմ արտահայտվել Սերժ Սարգսյանը, պատկերացրեք՝ այնտեղ ինչ խայտառակ վիճակ էր, որ Սերժ Սարգսյանը փրկիչ էր։ Մերոնք հենց պաշտոնյա են տեսնում, ամեն ինչ մոռանում են։
– Է՞լ ինչ կարեւոր հարցեր քննարկեցիք։
– Սերժ Սարգսյանը շատ զարմացավ, որ մենք չգիտենք գրքի շուկայի ծավալը, դա խայտառակություն է։ Մենք ցույց տվեցինք, որ իրավիճակին չենք տիրապետում։ Հայաստանում մեր բնագավառում երբեք նման հետազոտություն չի իրականացվել։
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում