Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը «Պոստ Սկրիպտում» ակումբում կայացած մամուլի ասուլիսում խոսելով Լեզվի տեսչության նախկինում եղած գործառույթների մասին` հիշեցրեց, որ ժամանակին, երբ Սերժ Սարգսյանն էր ՀՀ պաշտպանության նախարարը, Լեզվի տեսչությունն այդ գերատեսչության հետ միասին անցկացրեց «Հայոց բանակը 15 տարեկան է» խորագրով մրցույթ, որին մասնակցեց 149000 դպրոցական, այդ թվում նաեւ Արցախի հանրապետությունից:
«Ամեն տարին հայտարարում ենք Մայրենիի տարի, անցկացնում միամսյակներ, պատանի ընթերցողների մրցույթներ, որ տեսնենք երեխաները գիրք կարդո՞ւմ են, թե ոչ: Այսօր «Վերք Հայաստանին» կարելի է 48 էջով կարդալ…Շատ հարցեր կան, որոնց պետք է լուծում տրվի, երբ Լեզվի պետական տեսչությունը կգործի նոր կարգավիճակով»,- հավելեց լեզվաբանը: Նա նաեւ նշեց, որ Մայրենիի պահպանությունը յուրաքանչյուրիս խնդիրն է, ոչ թե առանձին վերցրած որեւէ կառույցի:
«Ստացվում է, որ Սփյուռքի նախարարությունը հայապահպանության գործով է զբաղվում, Արտաքին գործերի նախարարությունը նույնպես…Հիմա նրա՞նք, ԿԳ նախարարությո՞ւնը, թե՞ Լեզվի տեսչությունը… Ասում են Մայրենիի օր, իսկ էդ Մայրենիի օրով ո՞վ է զբաղվում…
ԿԳ նախարարությւոնը ոչ մի անգամ Մայրենիի օր չի նշել, մինչդեռ նրա կարեւորագույն խնդիրը սա պետք է լիներ, Մշակույթի նախարարությունն էլ չի նշել, ամեն մեկն իրեն հեռու է պահում…Մեկ-երկու միջոցառումով չէ, որ պետք է մեր լեզվին տեր կանգնեինք…»,-վստահ է Լավրենտի Միրզոյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ