«Դուք միշտ նշում եք օրենքով ապահովվող ԲՈՒՀ-երի ինքնավարության մասին: Անհասկանալի է: E-draft-ում 20 օր քննարկման է դրվում մի նախագիծ, որտեղ չկա, որ ԲՈՒՀ-ի կառավարման խորհրդի կազմը հաստատում է վարչապետը: Այդ քննարկումից հետո ավելացվում է այս տողը»,- այսօր խորհրդարանում կազմակերպված «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումների ժամանակ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին հարց ուղղեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
«Հասկանալի է քաղաքական ուժի նպատակը: Բայց դա ուղիղ հակասության մեջ է մարտահրավերին, որը դուք եկած օրվանից ասում եք`ապաքաղաքականացնել ԲՈՒՀ-երի կառավարումը եւ ինքնավարությունը բարձրացնել: Եթե վարչապետը պիտի հաստատի խորհրդի կազմը, չի կարող ԲՈՒՀ-ի ինքնավարությունը բարձրանալ»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Նախարարը պարզաբանեց`խոսքը հիմնադիր խորհրդի մասին է, որը հաստատվելու կարիք ունի. «Օրինակ` մասնավոր ԲՈՒՀ-ի դեպքում հիմնադիրն է հաստատում, պետականի դեպքում սկզբունքային հարց չի կառավարությունը, նախարարը կամ մեկ այլ մարմին կանի»:
Անահիտ Բախշյանը մտահոգություն էր հնչեցրել նաեւ ԲՈՒ-երի կազմաիրավական ձեւի մասով. «Օրենքի որեւէ հոդվածում դա չկա` հիմնադրա՞մ է, ՊՕԱ՞Կ է: Հստակ չկա նաեւ թե ո՞վ եւ ինչպե՞ս է ընտրում ռեկտորին»:
Նախարարն ասաց`կազմակերպաիրավական ձեւը ԲՈՒՀ-ն է ընտրում, սա օրենքի խնդիր չի, այլ ձեւով է կարգավորվում: Սա նաեւ ինքնուրույնության, լիբերալության համար է արվել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ