«Ինչո՞ւ 20-30 տարի լինելով ամբիոնի վարիչ, չեն պատրաստել իրենց փոխարինող սերունդ, որ այսօր կանգնում ենք այսպիսի խնդրի առաջ»,- այս հարցն այսօր խորհրդարանում հնչեցրեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Հարցը վերաբերում էր դահլիճում նստած ամբիոնի վարիչներին եւ ԲՈՒՀ-երի ղեկավար կազմի այլ ներկայացուցիչներին:
Խորհրդարանում այսօր լսումներ են կազմակերպվել`«Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով:
Լեւոն Մկրտչյանն իր խոսքում ասաց` այս օրենքը երկրի կրթական համակարգի համար նոր խաղի կանոններ է սահմանում. «Պետք է պայմաններ ստեղծենք, ոչ միայն այսօրվա զարգացման համար, այլ առաջիկա 4-5 տարիների կտրվածքով, հատկապես մենք քաղաքակրթական համակարգի անդամ ենք (նկատի ունի Բոլոնիայի գործընթացը-Ն. Գ.), եւ հակասություններ չպետք է ունենանք»:
Նախարարը կրկին անդրադարձավ ցավոտ վիճակագրությանը`այսօր ունենք 87-90 հազար ուսանողություն, 63 ուսումնական հաստատություն: Պետական համակարգում մոտ 80 հազարն են սովորում: Սրանք եվրոպական համալսարանի թվաքանակ են. «Մենք եւ ինստիտուցիոնալ առումով, եւ որակի առումներով խնդիր ունենք»: Հիշեցրեց, որ կրթության 70 տոկոսը հումանիտար մասնագիտություններ են, մնացած 30-ում էլ, եթե IT համակարգը հանենք, ստացվում է, որ գիտությունը ներկայացված չէ կրթական համակարգում`ոչ պետականում, ոչ էլ մասնավորում. «Խնդիր ունենք նաեւ ռեպրոդուկցիայի, շարունակականության հետ, փոխանցելիությունը սկսվում է խզվել: Բոլոր կորերը, որոնք մի քանի տարի առաջ 65 տարեկանների տիրույթում էին, այսօր տեղափոխվել են 75 տարեկանների տիրույթ: Տարիքների բախում, հակամարտություն չի կարելի թույլ տալ, դա վտանգավոր է հասարակության համար: Բայց ավագ սերունդը պարտավոր է ապահովել իր առաքելության, իր մասնագիտության շարունակականություն: Եթե համալսարանական ամբիոնների 30 տոկոսը 65-ից բարձր են եւ մարդը, որը դառնում է 45-50 տարեկան, հասկանում է, որ ինքը որեւէ շանս չունի լաբորատորիայի վարիչ, ամբիոնի վարիչ դառնալու, նա իր մասնագիտական կարողությունները մեկ այլ տեղ կներդնի: Հաճախ ներդնում են Հայաստանից դուրս»:
Թվական տվյալներ նախարարը չհրապարակեց: Ասաց կյանքից հեռացածների, Հայաստանից հեռացածների տվյալներ ունեն. «Մտահոգիչ է»:
«Այս խնդիրները խորն են, պատասխանատվությունը մեծ է»,- ասաց Լեւոն Մկրտչյանը եւ կոչ արեց ներկաներին`վեր կանգնել ամեն ինչից, անաչառ լինել, որպեսզի հնարավոր լինի դրական գործ անել:
Նախարարը ներկայացրեց նաեւ նախագծով նախատեսված փոփոխությունները: Դրանցից են ԲՈՒՀ-ական բյուրոկրատական համակարգի բեռնաթափումը, կառավարման ավելի արդյունավետ համակարգին ձեւավորումը: Ասաց՝ փորձել են համալսարանական խորհուրդ-ռեկտոր-գիտխորհուրդ եռանկյունին հավասարակշռել: Ներառել են Ամերիկյան եւ Ֆրանսիական համալսարանների մոդելը: Խոսեց լիկվիդների, վերաքննությունների համակարգի վերանայումների մասին: Այստեղ նույնպես այդ բուհերում գործող կարգին է համապատասխանեցվում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ