Երևանի ավագանու նիստերի լուսաբանման և քաղաքապետարանի շենքում լրագրողների աշխատանքի կազմակերպմանը վերաբերող հարցերը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթ ուշադրության ներքո են:
Երևանի ավագանու աշխատանքների թափանցիկությունն ու պատշաճ լուսաբանումը այդ մարմնի հանդեպ հանրային վստահության ապահովման, քաղաքացիների տեղեկություններ ստանալու իրավունքի կարևոր երաշխիքներից են: Լրագրողն այդ կարևոր հանրային գործառույթի կրողն է:
Օրենքին համապատասխան և բարեխիղճ գործելու լրագրողի բարձր պատասխանատվությունն ու կոչումը պայմանավորում են պետության ներկայացուցչի պարտականությունն առաջնորդվելու լրագրողի օրինավորության, նրա բարեխղճության ու ազնվության կանխավարկածով:
Մարդու իրավունքների պաշտպանն ի գիտություն է ընդունում Երևանի քաղաքապետարանի պարզաբանումն այն մասին, որ քաղաքապետարանի շենքում լրագրողի աշխատանքի կազմակերպումն ու ավագանու նիստերի լուսաբանման առնչությամբ կարգավորումները չեն առաջացնելու խոչընդոտներ լրագրողների համար, իսկ բաց և թափանցիկ աշխատանքի սկզբունքները շարունակվելու են պահպանվել:
Որևէ կարգավորում չի կարող իրականացվել այնպես, որ հանգեցնի լրագրողի աշխատանքի խոչընդոտման կամ ձևավորի նման հանրային ընկալում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ