Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտնչող քառակուսիություն

Փետրվար 21,2018 10:01

Հիմա Մեծ պահքի շրջանն է, եւ ես երբեմն հանդիպում եմ մարդկանց, որոնք չափից դուրս բծախնդիր են ու դոգմատիկ միայն մի խնդրում՝ ուտելիքի: Ամեն պահի իրենք հարցնում են իրենց ու ուրիշներին՝ իսկ սա կարելի՞ է, իսկ սա չի՞ կարելի, իսկ ոչի՞նչ, որ այս կարտոֆիլը դրված էր այս ձկան կողքին: Եվ այլն: Ինձ թվում է՝ նման մանրուքների վրա ընդհանրապես չարժե ժամանակ ու մտավոր էներգիա ծախսել: Առավել եւս՝ հետեւել մյուսներին՝ այ, դու այդ բանն ես անում, իսկ այս բանը չես անում, ուրեմն դու… Միայն դա էր պակաս, որ մենք այս հարցերում իրար համար քննիչ ու դատավոր դառնանք: Պահքի ժամանակ եւ Պահքից դուրս կարեւորն այն է, որ մարդն ինքն իրեն տիրապետի, իսկ դա արվում է ոչ այնքան այս կամ այն բանը ուտելու կամ չուտելու մեջ, որքան մտքերը սանձելու մեջ՝ մարդուն ոչ հարիր, ոչ սազական մտքերի համար պատնեշներ ստեղծելով: Կարելի է ամիսներով կաղամբ ուտել ու լինել չար, նախանձ, անհանդուրժող: Ծեսերի կատարման դոգմատիզմը նույն անհանդուրժողականության դրսեւորումներից մեկն է:

Վերջերս համացանցում հաճախ այսպիսի մի «իմաստության» եմ հանդիպում՝ իբր, ոչ մի աթեիստ ինքն իրեն չի պայթեցրել եւ այլ կրոնի դեմ արշավ չի կազմակերպել: Դա, մեղմ ասած, ոչ ամբողջությամբ է համապատասխանում իրականությանը: Կային աթեիստներ, որոնք պայթեցնում էին եկեղեցիներն ու մզկիթները, հետապնդում էին հավատացյալներին ու հոգեւորականներին: Ռուս բոլշեւիկներն, օրինակ, իրենց «մարտնչող աթեիստ» էին անվանում: Կան, իհարկե, աթեիստներ, որոնք հավատ չունեն, բայց հավատացողների վրա չեն հարձակվում: Ինչպես ասում են՝ Աստված նրանց օգնական:

Խնդիրը, հետեւաբար, ոչ թե աթեիստ կամ հավատացյալ լինելն է, այլ դոգմատիկ, մարտնչող չլինելը: Մարտնչող քրիստոնյան, մահմեդականը կամ աթեիստը հավասարապես վտանգավոր են հասարակության համար: Բայց դա չի նշանակում, որ այդ կրոնները, ինչպես նաեւ այդ անհավատությունն ինքնին չարիք են: Եթե հնարավոր է պատկերացնել մարդու, որը բացի Մոցարտի գործերից, որեւէ այլ երաժշտություն չի ցանկանում լսել, ապա այդ մարդն էլ է, իմ կարծիքով, շեղված: Սակայն նման շեղված մարդիկ (եթե կան) չեն կարող նսեմացնել Մոցարտի հանճարը:
Դոգմատիզմի համար ամենապարարտ հողը, իհարկե, քաղաքականությունն է, կուսակցականությունը: Հայաստանում ես չեմ հանդիպել մի կուսակցականի, որը կընդունի, որ իր կուսակցությունը վերջին 10 կամ 20 տարվա ընթացքում որեւէ սխալ է գործել: Գնահատականի որեւէ երանգ, որը թույլ կտա մտածել, որ խոսողը ինչ-որ կասկածներ ունի «առաջնորդի» անսխալական եւ ամենագետ լինելու մեջ, ընդունվում է որպես սարսափելի վիրավորանք: Կուսակցականությունը ենթադրում է «քառակուսիություն»:
Ի դեպ, ինչո՞ւ չկան մարտնչող բուդդիստներ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Հայոց լեզվի մեջ ինչ որ փոփոխություն եք մտցրե՞լ: Մեկ պահքն եք գրում մեծատառով, մեկ մեծ բառը պահքի հետ: Կողմնորոշվեք: Իսկ ինչ վերաբերում է մարտնչող բուդդիզմին՝ մի ուրիշ անգամ, ինչպես սիրում եք ամփոփել ձեր մտքերը:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728