Ամերիկյան հետախուզական ծառայության զեկույցը
Անցյալ շաբաթ Վաշինգտոնում Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովում կազմակերպված լսումներում ներկայացված զեկույցից պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները չեն բացառում 2018-ին իրադրության սրումը Լեռնային Ղարաբաղում: «Համաշխարհային սպառնալիքների գնահատում» անվանմամբ փաստաթուղթը ամերիկացի օրենսդիրներին էր ներկայացրել Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության ղեկավար Դեն Քոաթսը:
Զեկույցում Լեռնային Ղարաբաղի խնդրին մեկ պարբերությամբ անդրադարձ կար. «Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ առկա լարվածությունը կարող է վերաճել լայնամասշտաբ ռազմական հակամարտության Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչն իր հերթին կարող է դրդել Ռուսաստանին աջակցություն ցուցաբերել իր տարածաշրջանային դաշնակցին: Հակամարտության կողմերը խուսափում են փոխզիջումներից եւ բախվում են աճող ներքին ճնշմանը: Ռազմական արդիականացմանն ուղղված Ադրբեջանի չդադարող ջանքերը եւ Հայաստանի կողմից ռուսական սպառազինության ձեռք բերումը այն գործոններն են, որոնց հետեւանքով լայնածավալ բախումների վտանգը 2018-ին պահպանվելու է»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ռազմատենչ հայտարարությունների, նաեւ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու ֆոնին արձանագրենք, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները չեն բացառում ռազմական գործողությունների բռնկումը:
Հարկ է նկատել, որ ԱՄՆ-ի կողմից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետության, Ալիեւի վերջին աղմկահարույց հայտարարություններից հետո սա առայժմ միակ արձագանքն է, որում չի մատնանշվում ռազմական գործողությունների վերսկսման միակ շահագրգիռ կողմին՝ Ադրբեջանին, որպես նաեւ խաղաղ բանակցությունները փակուղի մտցնելու պատասխանատու կողմի:
Մոսկվայի արձագանքը, Բաքվի «պարզաբանումը»
Անցյալ շաբաթ պաշտոնական Մոսկվան անդրադարձավ Ղարաբաղյան կարգավորմանը՝ «անկեղծորեն» հույս հայտնելով, որ հակամարտությունը կգտնի իր լուծումը: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցում պատասխանելով հարցին, թե Ռուսաստանի արտգործնախարարությունը ունի՞ ակնկալիքներ, որ գարնանը Ռուսաստանում, Հայաստանում եւ Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրություններից հետո Ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի կամ գոնե որեւէ լուրջ տեղաշարժ կարձանագրվի կարգավորման գործընթացում, նշել էր. «Ինչպես գիտեք, մենք դրան սեւեռուն ուշադրություն ենք հատկացնում, իսկ ամենագլխավորը՝ ակտիվորեն մասնակցում ենք այն ամենի իրականացմանն ուղղված աշխատանքին, որ նախանշել են կողմերը»: Թե Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում Մոսկվայի «հույսերն» ինչի հետ են կապված՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը չի մանրամասնել:
Իսկ հարցին, թե Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ինչպե՞ս է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, թե Երեւանը, եւ ոչ միայն, «բուն ադրբեջանական տարածք է, եւ պատմական հողերը վերադարձնելը Ադրբեջանի ռազմավարական նպատակն է», Զախարովան այսպես է արձագանքել. «Մոսկվայում, անշուշտ, տեսել են իշխող կուսակցության համագումարին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթի մասին հաղորդագրությունները: Հիանալի գիտենք, որ հարեւան Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները ծայրաստիճան լարված են: Հիշատակված հայտարարությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության նվազեցմանը»:
Թեեւ որպես Հայաստանի ռազմավարական դաշնակից՝ Ռուսաստանի կողմից արձագանքը պետք է ավելի խիստ լիներ, սակայն, այնուամենայնիվ, այս պահի դրությամբ փաստացի միայն Ռուսաստանից ունենք Ալիեւի հայտարարությունը բացասական գնահատող արձագանք:
Նկատենք, որ ՌԴ ԱԳՆ-ի վերոնշյալ հայտարարությունն Ադրբեջանում բուռն արձագանքի արժանացավ: «Հաշվի առնելով Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերային կապերը, ինչպես նաեւ բարձր մակարդակի երկխոսությունը, մենք սխալ ենք համարում նման վերաբերմունքը պետության ղեկավարի խոսքերի նկատմամբ»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը՝ պնդելով, թե Իլհամ Ալիեւի քաղաքականությունը «ծառայում է տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ապահովմանը, տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը եւ տարածաշրջանային պոտենցիալ ռիսկերի վերացմանը»: «Ենի Ադրբեջան» կուսակցության 6-րդ համագումարում երկրի նախագահը խոսում էր ոչ թե Ադրբեջանի պատմական հողերը վերադարձնելու, այլ ադրբեջանցիներին իրենց պատմական հողեր վերադարձնելու մասին: Պետության նախագահի ելույթը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում ռուսերեն, եւ տարածվել մամուլում»,- պարզաբանել է Հաջիեւը՝ հավելելով, թե որեւէ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս պետք է «հստակ իմանալ դրա էությունը, բառերը կոնտեքստից դուրս չհանել, եւ պետք է հենվել ոչ թե հայկական ԶԼՄ-ների, քաղաքական գործիչների սուբյեկտիվ կարծիքների եւ ապատեղեկատվության վրա, այլ իրական սկզբնաղբյուրների»:
Արցախը պատրաստ է ստանձնել իր բաժին պատասխանատվությունը
Ամփոփելով 2017 թվականի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից կատարված աշխատանքները՝ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը օրերս ընդգծել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման եւ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը՝ բանակցային գործընթացում կառուցողական մթնոլորտ ստեղծելու համար։ «Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է լիարժեք ձեւաչափով բանակցությունների վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության մասնակցությամբ։ Բանակցություններին Արցախի լիարժեք մասնակցությունը կբարձրացնի խաղաղ գործընթացի արդյունավետությունը։ Արցախի իշխանությունները շարունակում են հանդես գալ գործընթացին լիիրավ մասնակցության օգտին եւ պատրաստ են դե յուրե ստանձնել իրենց բաժին պատասխանատվությունը՝ տարածաշրջանային կայունության ապահովման եւ, ընդհանրապես, տարածաշրջանի ճակատագրի համար»,- նշել է Մասիս Մայիլյանը։
Ամփոփումը՝ «Առավոտ»-ի փետրվարի 21-ի համարում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ», 20.02.2018