Լրահոս
Օրվա լրահոսը

Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի նվիրատվության ու առքուվաճառքի պայմանագրերի վավերականության հարցը դեռ դատական օրակարգում է

Փետրվար 21,2018 15:00

Մանկապղծության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանն, ինչպես հիշում եք, մահացել է 2014 թվականի սեպտեմբերի 21-ին, քաղցկեղից, «Դատապարտյալների հիվանդանոցից» «Նաիրի» բուժկենտրոն տեղափոխվելուց հետո: Նրա մահվանից մեկ տարի անց ծագեց ժառանգության հարցը: «Առավոտը» դեռեւս 2014թ. սեպտեմբերի 23-ին զրուցել էր Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանի հետ, ում հարց էր ուղղվել՝ հանգուցյալ Սերոբ Տեր -Պողոսյանին պատկանող ընկերությունները Ախթալա համայնքին պարտքեր ունե՞ն: Եվ նա ասել էր, որ Ախթալայի մշակույթի տունը եւ ակումբը շուրջ 200 հազար դրամ պարտք ունեն:

«Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունը 2015 թվականի սեպտեմբերի 29-ից դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նախկին տնօրեն Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի, Արսեն Չիչյանի, երրորդ անձ` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի դեմ, պահանջելով անվավեր ճանաչել 31.10.2008թ., 15.09.2009թ., 08.05.2009թ., 17.07.2008թ., 17.07.2008թ., 29.12.2008թ. կնքված առուվաճառքի պայմանագիրը, որպես անվավերության հետեւանք նվիրատվության պայմանագիրը եւ իրավունքների նկատմամբ կատարված պետական գրանցումները վերացնելու պահանջների մասին, քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու հարցը: Դատական գործընթացը չի ավարտվել, վերաքննիչ դատարանով բեկանվել էր եւ ուղարկվել է կրկին նույն դատարան, դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ հունվարի 22-ին նշանակվել է դատական նիստ:

Վերաքննիչ դատարանում խոսք էր գնացել այն մասին, որ առաջին ատյանի դատարանի հիմնավորումները չեն բխել քաղաքացիական գործի փաստերից, քանի որ. «Նշված քաղաքացիական գործը հարուցվել է արդեն շուրջ մեկ տարի մահացած Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի՝ դատավարական իրավասուբյեկտություն չունեցող անձի նկատմամբ: Դատարանի պատճառաբանությունները հիմնավոր կլինեին այն դեպքում, եթե գործին մասնակցող անձը մահանար հարուցված հայցային վարույթի ընթացքում, եւ վիճելի իրավահարաբերությունը թույլ տար իրավահաջորդություն»:

Վիճարկվող նվիրատվության պայմանագրով պատասխանող Ա. Չիչոյանին «անցել էր» մաքրման կայանը, հասարակական զուգարանն ու սրճարանը, լեռնափրկարարների ջոկատի շենքը, մսուր-մանկապարտեզը, Շամլուղի մշակույթի տունը եւ օժանդակ տեղամասը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի դատավոր Ա. Սուքոյանը 29.09.2015թ. եւ 08.10.2015թ. որոշումներով հայցի ապահովման միջոց էր կիրառել, արգելանք դրել գույքի վրա: Տեղեկացնենք, որ Վանիս Դեր-Բողոսսյանի լիազորված անձ Լ. Սահակյանը 23.02.2015 թվականին Կենտրոն նոտարական տարածքի նոտար Աշխեն Հարությունյանին դիմում է ներկայացրել ժառանգության վկայագիր տրամադրելու վերաբերյալ, իսկ 23.03.2015 թվականին նույն նոտարի մոտ տվել է հայտարարություն՝ Դեր-Բողոսսյանի մահից հետո մնացած ամբողջ ժառանգությունն ընդունելու մասին: Ժառանգ Վանիս Կորյուն Դեր-Բողոսսյանի կողմից 25.09.2014 թվականից առ այսօր ժառանգության բացման վայրի նոտարին չի ներկայացվել ժառանգությունից հրաժարվելու մասին դիմում: Հետեւաբար, Վանիսն ընդունելով Սերոփի ժառանգությունը, հանդիսանում է նրա իրավահաջորդը:

Ի դեպ, ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին է տրվում ժառանգության բացման օրվանից վեց ամիս հետո: Օրենսդիրը չի սահմանել ժառանգության ընդունումից հետո ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու ժամկետ, ըստ առաջին ատյանի դատարանի, ժառանգ Վանիս Կորյուն Դեր-Բողոսսյանը կարող է վկայականը ստանալ ցանկացած ժամանակ, այդ թվում՝ 10 տարի անց: Մինչդեռ, առաջին ատյանի դատարանը գտել էր, որ Վանիսի լիազորված անձի Կենտրոն նոտարական տարածքի նոտարին հասցեագրված դիմումը դեռեւս պատասխանողի իրավահաջորդ լինելու փաստը հավաստող ապացույց չի:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

20.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728