Նա որոշ փակագծեր բացեց պրեմիերաների վերաբերյալ
Օպերային թատրոնը կինոդահլիճ չէ, որ ամեն օր ներկայացում ցուցադրվի: Նույնիսկ մեգապոլիսներում, օրինակ՝ Մոսկվայի Մեծ թատրոնում, այս փետրվարին խաղացվում է 16 ներկայացում, կան նաեւ 3-4 համերգային ծրագրեր, մյուս օրերին էլ բեմը տրամադրվում է խաղացանկային կամ նոր պատրաստվող բեմադրությունների փորձերին, կամ էլ տրվում է վարձակալության:
Թե ինչ նոր պրեմիերաներ են սպասվում ընթացիկ տարում, «Առավոտը» զրուցեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի հետ:
Մեր զրուցակիցը նախ ասաց, թե այն, ինչ ծրագրել են իրականացվի 2018-ի շրջանակներում, դա իսկապես հրաշք կլինի: Հետո էլ տեղեկացրեց. «Առաջին պրեմիերան ապրիլի սկզբներին ենք նախատեսել՝ Մասնեի «Մանոն» օպերան է, որը կիրականացնի ճանաչված ռեժիսոր Անդրեյ Ժագարսը: Ընդ որում, այս օպերայի մոսկովյան պրեմիերան կայացել է 2016թ.՝ Ստանիսլավսկի-Նեմիրովիչ Դանչենկոյի անվան թատրոնում, ինչը հաջողությամբ շարունակվում է մինչ օրս: Գլխավոր՝ Մանոնի դերերգով Երեւանում հանդես կգա ճանաչված սոպրանո Եվգենյա Աֆանասեւան, որն այս դերերգի առաջին կատարողն է հիշյալ թատրոնում»: Հետո էլ մեր զրուցակիցը հավելեց, թե այդ ներկայացման դեկորները եւ զգեստները վարձակալել են, ու դրանք արդեն Երեւանում են (Երեւանի օպերային թատրոնի պատմության ընթացքում սա առաջին դեպքն է): Վաղուց սկսվել են նաեւ փորձերը:
Հարցին, թե ո՞վ է լինելու երեւանյան «Մանոնի» դիրիժորը, մաեստրոն ասաց. «Միայն Ժագարսն ու սոպրանոն կժամանեն Երեւան, իսկ մյուս գլխավոր դերերգերը հանձնարարված են մեր թատրոնի մեներգիչներին, բնականաբար՝ ներկայացմանը կմասնակցեն մեր նվագախումբն ու երգչախումբը, իսկ պրեմիերան կղեկավարեմ ես»: Պարոն Օրբելյանն ասաց նաեւ, որ ընթացիկ տարում Իսրայելի Գոլդի-Մեիրի անվան օպերային թատրոնի հետ պայմանավորվածություն ունեն մեզ մոտ ներկայացնելու Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» օպերան, որն իրենց թատրոնի խաղացանկում է արդեն վեց տարի: Սա էլ «Մանոնի» օրինակով՝ նույն վարձակալման եղանակով է:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Երեւանի օպերային թատրոնն ունի առաջարկներ: Նրա հավաստմամբ՝ Բրյուսելի Լա Մոննե թատրոնն առաջարկում է իր երկու օպերաները՝ Պուչինիի «Բոհեմը» եւ Մոցարտի «Դուն Ժուանը» «տեղայնացնել» Երեւանում:
Հետաքրքրվեցինք՝ տեղի՞ն են դեռեւս անցյալ տարվա վերջերից տարածված այն խոսակցությունները, թե Բիզեի «Կարմեն» օպերայի բեմադրությամբ թատրոնը ամռանը մեկնելու է Արաբական Միացյալ Էմիրություններ հյուրախաղերի: Մաեստրոն հաստատեց այս լուրն ու մանրամասնեց. «Այո, սեպտեմբերին մեկնելու ենք Դուբայ հյուրախաղերի, բայց ոչ մինչ այսօր թատրոնի խաղացանկում եղած «Կարմենի» բեմադրությամբ: Նոր «Կարմենը» կբեմադրի Նաիրե Ստեփանյանը, պրեմիերան էլ կկայանա հունիսին: Ի դեպ, Դուբայ երկու ներկայացումով ենք մեկնում՝ «Կարմենով» եւ Մոցարտի «Կախարդական սրինգով»: Կղեկավարեմ ես, իսկ բեմադրությունը 3D ձեւաչափով կիրականացնի իտալացի ճանաչված ռեժիսոր Պաոլո Միչիկեն, որը հայաստանցի հանդիսատեսին հայտնի է Վերդիի Ռեքվիեմի իր հրաշալի բեմադրությամբ»:
Ինչ վերաբերում է բալետային պրեմիերաներին, Կոնստանտին Օրբելյանն ասաց, որ իր խոսքերով՝ ձեռք են բերել իրավունք՝ Կարեն Խաչատուրյանի «Չիպոլինո» բալետը Երեւան տեղափոխելու, հենց Հենրիխ Մայորովի բեմադրությամբ, որն անվանի խորեոգրաֆը Մեծ թատրոնում իրականացրել է դեռեւս 1977թ.: Այս ներկայացումը դարձյալ Երեւանի թատրոնի արտիստների մասնակցությամբ է եւ դիրիժորական վահանակի առջեւ, երկարատեւ ընդմիջումից հետո, հանդիսատեսը կհանդիպի դիրիժոր Կարեն Լավչյանին:
Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ բոլոր այս նախագծերը միայն իր անձնական կապերո՞վ է իրականացնում: Մաեստրոն նշեց, որ որոշներն՝ այո, իր կապերի արդյունքում են կյանքի կոչվում, բայց իր կողքին են նաեւ մշակույթի նախարարությունն ու «Արդշինբանկը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
20.02.2018
Հրաշալի ծրագրեր են, հաջողություն եմ մաղթում Մաեստրոին!!!!!