Փետրվարի 24-25-ին Էջմիածնում կկայանա թաեքվոնդոյի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, իսկ մեկ շաբաթ անց նույն վայրում տատամիները կտրամադրվեն մեծահասակների առաջնության մասնակիցներին:
Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանի փոխանցմամբ՝ վաղ ժամկետները պայմանավորված են միջազգային կարեւոր մեկնարկների ժամանակացույցով, որպեսզի հասցնեն ձեւավորել հավաքական թիմերը եւ կազմակերպել նախապատրաստական գործընթացը:
«Երիտասարդներն արդեն ապրիլի 6-ից 5-ը Թունիսում պետք է մասնակցեն աշխարհի առաջնությանը, որից անմիջապես հետո նույն վայրում կմեկնարկի վարկանիշային մրցաշար, որտեղ կխաղարկվեն Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Թունիս կմեկնենք աշխարհի առաջնության մեկնարկից երկու օր առաջ: Օլիմպիական վարկանիշ նվաճելու համար պետք է ընտրական մրցաշարում մտնել 1/8 եզրափակիչ:
Աշխարհի առաջնությունում լինելու է տասը քաշային կարգ, իսկ վարկանիշային մրցաշարում՝ հինգ: Կանոնակարգով յուրաքանչյուր երկիր Բուենոս Այրես գործուղել կարող է առավելագույնը երեք մարզիկի: Անպայման նախատեսում ենք մարզիկներ ներկայացնել 63 եւ 68 կգ քաշային կարգերում, իսկ Հայաստանի առաջնության արդյունքներով կորոշենք երրորդ քաշը: Աշխարհի առաջնություն մեկնող թաեքվոնդոյիստների վերջնական թիվը կորոշի ազգային ֆեդերացիան: Լավ մարզիկներ ունենք, օրինակ 2017 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիրներ Ռոման Հայրապետովը եւ Անդրանիկ Խաչատրյանը: Այնպես որ, հաջող հանդես գալու հիմնավոր հույսեր ունենք:
Մեծահասակների Եվրոպայի առաջնությունը նշանակված է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում՝ մայիսի 7-ից 13-ը: Մեր մարզաձեւում աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները հերթով են անցկացվում՝ մեկ տարվա հաջորդականությամբ: Կազանում նույնպես պայքարելու ենք մեդալների համար: Ունենք փորձառու մարզիկներ՝ Սերգեյ Վարդազարյանը, Սերգեյ Ավանեսովը… Հեռանկարային երիտասարդներ եւս ի հայտ են եկել»,- ասում է Վարդան Ղահրամանյանը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
20.02.2018