Լրահոս
Օրվա լրահոսը

«Թումանյանը մեր այն եզակի բանաստեղծն է, ով ուղեկից է յուրաքանչյուր հայի՝ օրորոցից մինչեւ խոր ծերություն»

Փետրվար 21,2018 13:00

Ծնունդդ շնորհավոր, Ամենայն հայոց բանաստեղծ

Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է։ Այդ առթիվ այս էլ քանի տարի Ազատության հրապարակում գտնվող Հովհաննես Թումանյանի արձանի մոտ հավաքվում են «Լոռվա ձոր» հայրենակցական միության անդամները եւ Հյուսիսային համալսարանի դասախոսներն ու ուսանողները՝ ոգեկոչելու մեր մեծ հայրենակցի ծննդյան օրը։

Բացելով հանդիսությունը՝ Հյուսիսային համալսարանի խորհրդի նախագահ Բորիս Մակիչյանն ասաց, որ իրենց բուհը միշտ բարձր է պահում մեծ լոռեցու բարի անունը. գործում է վերնատունը, նրան են նվիրվում գիտաժողովներ, տարբեր միջոցառումներ, պարբերաբար այցելություններ են կազմակերպվում նրա ծննդավայր եւ Թբիլիսի՝ Խոջիվանք, ուր թաղված է նա։

«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն էլ ընդգծեց, որ այս տարի, հենց այս օրը մեկնարկում է մեր մեծ հայրենակցին նվիրված միջոցառումների շարքը՝ նվիրված նրա 150-ամյակին, որը շարունակվելու է մեկ տարի։ Հովհաննես Թումանյանի հոբելյանը պետք է դիմավորի մեզանից յուրաքանչյուրը՝ ով ինչպես կարող է։ Հուսով եմ, որ կշարունակվեն գրքեր հրատարակվել, կթվայնացվեն նրա ստեղծագործությունները, կկազմակերպվեն բազմաբնույթ միջոցառումներ։ Հուսով եմ, որ շուտով կառավարությունը հոբելյանական հանձնաժողով կձեւավորի։
«Թումանյանը մեր այն եզակի բանաստեղծն է, ով ուղեկից է յուրաքանչյուր հայի՝ օրորոցից մինչեւ խոր ծերություն,- ասաց Ս. Երիցյանը,- ինչպես երեկ, այսօր, նաեւ վաղը մենք նրանից միշտ պետք է ազգային լինելության դասեր առնենք»։


Հաջորդ բանախոսը՝ բանաստեղծ Ռոլանդ Շառոյանն էր, ով ասաց, որ Հայաստանը եւ հայ գրականությունը դժվար է պատկերացնել առանց Թումանյանի։ Ուստի ամեն ստեղծագործողի համար Թումանյանը ներշնչման աղբյուր է՝ ինչը ոգեկոչել է Թումանյանին նվիրված պիես գրել եւ բեմադրել։ Այն Սունդուկյանի անվան թատրոնի խաղացանկում է։
Պատահական չէր, որ Հյուսիսային համալսարանը Ռոլանդ Շառոյանին պարգեւատրել է «Հովհաննես Թումանյան» հուշամեդալով, ինչը եւ հանձնվեց Թումանյանի արձանի մոտ։
Այնուհետեւ հարթակը տրամադրվեց Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի սաներին եւ ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանին։ Առաջինները կարդացին Թումանյանի բանաստեղծություններից, իսկ արտիստը կատարեց մի հատված «Անուշ» օպերայից։
Չնայած մաղող անձրեւին՝ արձանի շուրջը մի գեղեցիկ ու ինքնատիպ մթնոլորտ էր ստեղծվել։ Ներկաները միմյանց էին շնորհավորում մեծ բանաստեղծի ծննդյան օրվա առթիվ, իսկ բանաստեղծ Վարդան Խաչատրյանը եւ Սերգո Երիցյանը ներկաներին նվիրում իրենց հեղինակած գրքերը։ Չէ՞ որ փետրվարի 19-ը նաեւ միմյանց գիրք նվիրելու օր է։

 

ՄԵՐԻ ԱՂԱՋԱՆՅԱՆ

«Առավոտ»

20.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728