Ճանաչված գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը մեր ժամանակի Մեծագույն երաժիշտներից մեկին` Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրել է նրա դիմանկարը:
«Առավոտի» հետ զրույցում գեղանկարիչը նշեց. «Երբ առաջին անգամ Պենդերեցկին այցելեց Հայաստան, ես ներկա էի իր համերգին, շատ տպավորված էի ու հուզված: Իր դիմանկարն արդեն նկարել էին: Հիմա, երբ արդեն 85 տարեկան է, մտածեցի այդ արժանի մարդուն, մեծ երաժշտին շնորհավորեմ: Մտածեցի, որ գուցե էլ բախտ չվիճակվի գա Հայաստան»:
Հաղթանակ Շահումյանը ներկայացնելով իր նկարած աշխատանքը՝ ասաց. «Դա իր դիմանկարն է, բայց կոմպոզիցիոն դիմանկար է մուսայով, Արարատ լեռով եւ այլն: Փոքր աշխատանք է, բայց գեղեցիկ հավաքական պորտրետ է»:
Հիշեցնենք, որ մաեստրոն Երեւանում էր փետրվարի 13-17-ը Երեւանում կայացած իր անվան փառատոնի առիթով, որի ընթացքում հնարավորություն ունեցանք վայելելու լեհ կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու սիմֆոնիկ եւ կամերային ստեղծագործությունները: Աշխարհի տարբեր երկրներում անցկացվող նրա ծննդյան 85-ամյակի միջոցառումները մեկնարկեցին հենց Հայաստանից:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը`
Հաղթանակ Շահումյանի
ֆեյսբուքյան էջից
«Առավոտ»
20.02.2018