Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե այս ավազակապետությունն էր շարժման նպատակը. Լեւոն Զուրաբյանը՝ Ղարաբաղյան շարժման մասին

Փետրվար 20,2018 22:22

Ազատության հրապարակում ՀԱԿ-ը Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված տոնական հավաք էր կազմակերպել:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ Հայաստանի նորագույն պատմությունը աղավաղվում է պատմության դասագրքերում. «Դեռ մենք ողջ՝ մեր մասին կեղծիք է գնում ամենուր: Եվ այդ կեղծիքի արդյունքում է, որ այսօր երեխաները չգիտեն շարժման մասին, ուսանողությունը գիտի, թե շարժումը միայն ցուրտ ու մութ տարիներ են եղել, չգիտի այն հերոսականության, այն ոգու մասին»:

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանն իր ելույթում ասաց, որ 88-ի, 89-ի, 90-91-ի մասին դասագրքերում եղած շարադրանքը, եթե կարդանք՝ կապշենք. «Բոլոր առանցքային դեմքերը, որոնք մաս են կազմել այդ շարժման, ղեկավարել են այդ շարժումը, պարզապես դուրս են մղված դասագրքերից: Երրորդ, չորրորդ, հինգերորդ էշելոնի ինչ-որ գործիչներ, որոնք հարմար քղանցքներով եւ նրբանցքներով այսօր հայտնվել են առաջին շարքերում, ներկայացված են՝ որպես այդ շարժման կերտողներ եւ հերոսապատման մասնակիցներ: Տղայականությունը, նեղանձնային պաշտամունքը գերակշռող է այդ դասագրքերում»:

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյան ասաց, որ շարժման տարիներին այն զգացումը, որն ինքն ունեցել է ազատության արբեցնող մթնոլորտն էր, որը մեր ամբողջ ժողովրդին ոգեւորել էր. «Շատ քիչ սերունդներին է բախտ վիճակվում մասնակցել նման փայլուն շարժումների եւ հասնել հաղթանակների, բոլոր դրված նպատակների իրականացմանը: Սա մեծ բան էր: Մեր երիտասարդներից շատերը չգիտեն դա ինչ է եղել»:

Շատերը, խոսելով շարժման մասին, ասում են, որ գորբաչովյան պերեստրոյկան էր, տպավորություն են ստեղծում, թե ով էլ լիներ, շարժումը տանելու էր ճիշտ ուղղությամբ: Լեւոն Զուրաբյանը հերքեց. «Ժողովուրդ ջան, դա այդպես չէ, մենք իսկապես պետք է «Ղարաբաղ» կոմիտեի անդամների արձանները դնենք: Շատերը մոռանում են, որ Սովետական միության մեջ ե՛ւ ղարաբաղյան շարժումից առաջ, ե՛ւ հետո եղել են նմանատիպ շարժումներ, բայց դրանք ավարտվել են շատ վատ այդ ժողովրդի համար, ողբերգական դեպքեր են եղել՝ սպանություններ, բախումներ»:

Նա խոսեց ղազախների շարժման մասին եւ դրա վատ արդյունքներից. «Ղազախ ժողովուրդը դուրս եկավ փողոց, շատ արագ պոռթկումը վերածվեց էքստրեմիստական հարձակումների, ի վերջո այդ ամեն ինչը արյան մեջ ճնշվեց»:

Նա ասաց, որ շատ հեշտ էր սխալ, անպատասխանատու գործողություններով հասնել նրան, որ շարժումը խեղդվեր, շատ հեշտ էր տալ այդ առիթը սովետական իշխանություններին, բայց այդ առիթը չտրվեց:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ մենք մինչ շարժումն ունեցել ենք ծանր տրավմա՝ մեր ազգային հոգեբանությանը, մենք դարձել էինք մորթված, բռնաբարված մի ազգ, որն իր ճակատագիրը հանձնել էր գերտերությունների խնամքին, հայ ժողովուրդն այլեւս պատմություն անող ժողովուրդ չէր, սուվերեն չէր, տեր չէր իր ճակատագրին, ապավինում էր այլ ուժերի: Շարժման ամենամեծ հաջողությունն այդ էր, որ բացատրվեց՝ մենք չպետք է մեր հույսն անպայման դնենք ռուս զինվորի վրա. «Շարժումը հաղթահարեց ժողովրդի մեջ այդ զոհի հոգեբանությունը, հավատ սերմանեց սեփական ուժերի նկատմամբ, հասկացրեց, որ մեր բախտը պետք է վերցնենք մեր ձեռքը»:

Նա ասաց, որ հասան նրան, որ շարժումը փոխեց հայ ժողովրդի հոգեբանությունը: Մերժելով հայդատականությունը, մերժելով պատմական վրեժ կատարելու մոլուցքը՝ այն իրական քաղաքական նպատակներ սահմանեց. «Եթե չլիներ այդ շարժումը, այսօր Ղարաբաղ չէր լինի, այդ շարժումը փրկեց Ղարաբաղը, հայ ժողովուրդն ընկալվեց՝ որպես միջազգային քաղաքական բեմում լուրջ խաղացող, ժողովուրդ, որը կարող է այնպես անել, որ նրա հետ հաշվի նստեն: Մենք հասկացանք, որ մենք պարտված, կործանված, բռնաբարված ազգ չենք այլեւս, մեր ճակատագրի տերն ենք, այդ ժամանակ մենք դարձանք լիարժեք ազգ»:

Խոսելով ներկայիս իրավիճակի մասին, Զուրաբյանն ասաց, որ մարդիկ հարցադրումներ ունեն մի՞թե այս ավազակապետությունն էր շարժման նպատակը, որ ունեցանք արդյունքում. «Մի մոռացեք մի բան՝ բոլոր ազգերի պատմության մեջ հեղափոխություններն ունեցել են հետընթացներ: Բայց իմացեք, որ սա ունեցել է մնայուն էֆեկտ, շարժման շնորհիվ ստեղծվել է գաղափարական այնպիսի հենք, որը միշտ մնալու է մեր ժողովրդի հետ եւ մյուս շարժումը, որն, անպայման, գալու է, այդ շարժումը նորից իր ուժը քաղելու ՝ 1988-ի շարժման ակունքներից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728