Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանն ասում էր՝ այստեղից սկսվեց Բեռլինի պատի քանդվելը». Ղարաբաղյան շարժման նվիրված հավաքը՝ օպերայում

Փետրվար 20,2018 21:42

«Այսօրվա միջոցառումը կազմակերպել ենք, որ գոնե մի քիչ վերականգնենք այն ոգին, որ կար 88-ին այստեղ, գոնե մի քիչ մեր ժողովուրդը զգա, որ ինքը այն մեկն էր, ոչ թե այսօրվա 10 հազար դրամանոցը, գոնե մի քիչ զգան, որ մենք ենք այսօրվա հարց լուծողները,մենք ենք անկախություն բերել, մենք ենք հանրաքվեով երկիրն անկախացրել, մենք ենք Սահմանադրություն ընդունել՝ իրական քաղաքացու ձայնով»,- այսօր Ազատության հրապարակում ասաց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը:

Հրապարակում ՀԱԿ-ը-ը կազմակերպել էր ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաք, որին մասնակցում էին «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, քաղաքական, հասարակական գործիչներ: Ազատության հրապարակում էր նաեւ Նիկոլ Փաշինյանը, «Ելքի» անդամները:

Արամ Մանուկյանն ասաց, որ Ազատության հրապարակի արժեքը ըմբոստ քաղաքացին է, դա շարժման մեծագույն արդյունքն է, որ քաղաքացին դարձավ առանց բարդույթի, հայ ժողովրդի «վախը չափվեց», դուրս եկավ:

Նա ասաց, որ այսօր ըմբոստ քաղաքացին դարձել է չճարվող մի բան. «Մարդիկ կա՛մ վախեցած են, կա՛մ արտագաղթում են, թողնում են այս երկիրը այս բորենիներին, այս ճնշումներից դուրս գալու համար»:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանը, հարթակից ելույթ ունենալով ներկայացրեց պատմաբան Աշոտ Սարգսյանի գիրքը՝ «Ղարաբաղյան շարժման պատմություն 1988-1989» պատմագիտական աշխատությունը:

Ալեքսան Հակոբյանն ասաց, որ ղարաբաղյան շարժման մասին լավ գիրք չենք ունեցել, փոքրիկ գրքեր են եղել, իսկ այս գիրքը պետք է, անպայման, կարդալ՝ հաճույք ստանալով. «Մի ժամանակ գրագետ մարդիկ Աստվածաշունչն անգիր էին անում, Խորհրդային միության ժամանակ Ստալինի, Լենինի ինչ-որ գործեր անգիր էին անում: Դա հենց այնպես չէր, դա նրա համար էր, որ մարդկանց մեջ այդ մշակույթը շարունակվեր: Հիմա նոր Հայաստանի մշակույթը շարունակելու համար պարտադիր պետք է այս գիրքը կարդալ: Այս գիրքը պետք է շատ տպել, պետք է գնեն եւ ուղարկեն բոլոր դպրոցները՝ անկախ նրանից, թե այդ դպրոցների ղեկավար նախարարությունը, վարչություններն ինչ կարծիք ունեն դրա մասին: Այս գրքում կա կիրք, դա շարժումը սիրող մարդու կիրքն է, պաթոս, առանց պաթոսի մեր շարժումն էլ չէր կարող հաղթանակի հասնել, այդ էմոցիան, որ դրվում էր պայքարի մեջ, արտահայտված է այս գրքում»:

Ալեքսան Հակոբյանը տարիներ անց խոստովանություն արեց. «Ղարաբաղ» կոմիտեն նույն կերպ ժողովրդին սիրում էր, ինչպես ժողովուրդն էր սիրում «Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամներին: Այդ սերն էր, որ բերեց հաջողության: Իհարկե, սիրո հիմքում կան լիքը օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բաներ՝ խելք, համարձակություն, լավ բաներ են ասում, բայց այդ բոլորի հիման վրա գալիս հասնում էր ամենակարեւոր զգացմունքը, դա սերն է: Այդ սերը կար: «Ղարաբաղ» կոմիտեն սիրում էր ժողովրդին, պատրաստ էր զոհողության, կյանքը զոհելու, ոչ մի բան առջեւ կանգ չառնելու: Դե, էլ չասեմ, դուք մտածեք այսօր ինչպես է՝ իշխանությունները, մեր կառավարող ուժերը եւ ժողովուրդը այդ սիրո լրիվ հակառակն է: Մենք հաջողություններ կունենանք այն դեպքում, երբ ունենանք այդ նույն սերը, այդ սիրուն պետք է ձգտել, իհարկե, ոչ այս իշխանություններ հետ, ա՛յն իշխանությունների հետ, որ գալու են վաղը: Ամենայն բարուն՝ այո, ամենայն չարին՝ ոչ, մենք շարունակելու ենք ոչ ասել»:

Նա վստահեցրեց, որ ղարաբաղյան շարժման դասերը կիրառելով՝ նույն հաջողության կարող ենք հասնել:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն էլ խոսելով իշխանությունների մասին՝ ասաց, որ մարդ պիտի բախտ ունենա, որ այնպիսի իշխանություն ունենա, որը հասկանում է շարժումն ինչ է, պետականությունն ինչ է. «Ասեք Սովետական միության մեջ մի երկիր, որի տարածքը մեծացավ, որն այսքան հզոր հաղթանակների բերեց: Տեր-Պետրոսյանն ասում էր՝ այստեղից սկսվեց Բեռլինի պատի քանդվելը եւ իրականությունը դա է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728