Այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ-ը կազմակերպել էր ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հոբելյանական տոնական հավաք: Հրապարակում նաեւ շարժման ժամանակ արված լուսանկարների ցուցահանդես էր, ներկայացված էին այն ժամանակվա կարգախոսները, ցուցապաստառները:
Տոնական հավաքը սկսվեց Շարժման հայտնի շեփորով եւ ավարտվեց նույն կերպ: ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը հավաքի վերջում նաեւ հիշեցրեց արդեն ավանդական իրենց կարգախոսը՝ պայքար, պայքար մինչեւ վերջ:
Արամ Մանուկյանն իր ելույթում նշեց, որ ղարաբաղյան շարժումն առաջնեկն էր անկախական շարժումների, ոչ միայն առաջինն էր իր ժամկետով, այլ նաեւ առաջինն էր իր կազմակերպվածությամբ, մոբիլիզացիայով, իր հումանիզմով, երկարակեցությամբ եւ առաջինն էր իր արդյունքով: Ուկրաինայում, Լեհաստանում, Վրաստանում էլ տեղի ունեցան հզոր շարժումներ, բայց ամենաարդյունավետը, ամենաքիչ կորուստներովը ղարաբաղյան շարժումն էր Հայաստանում: Նա խոսեց շարժման հզորության գաղտնիքի՝ «Ղարաբաղ» կոմիտեի մասին, որի անվերապահորեն վստահում էին: Արամ Մանուկյանը հիշեց, որ Ազատության հրապարակում ասեղ գցելու տեղ չկար ու դա «Ղարաբաղ» կոմիտեի նկատմամբ վստահության արդյունքն էր:
Հավաքի մասնակիցները ծափերով հնչեցրին կոմիտեի անդամների անունները, լռությամբ հարգեցին կոմիտեի այն անդամների հիշատակը, որոնք արդեն չկան՝ Համբարձում Գալստյանը, Ռաֆայել Ղազարյանը, Սամվել Գեւորգյանը:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Բաբկեն Արարքցյանը լրագրողների հարցերին հրաժարվեց պատասխանել, ասաց, որ ինչ ասելիք ունի, կասի հարթակում: Իր ելույթում Արարքցյանը նախ շնորհավորեց բոլորիս՝ տոնի կապակցությամբ եւ պատմական կարճ ակնարկ ներկայացրեց շարժման մասին. «Հայաստանը դարձավ անկախ պետություն, ստեղծվեց Երրորդ հանրապետությունը: Արցախը դուրս բերվեց Ադրբեջանի կազմից, այսօր նա անկախ է: Տապալվեց կոմունիստական բոլշեւիկյան բռնապետությունը»: Բաբկեն Արարքցյանն ասաց, որ գլխավոր նվաճումը հենց այն է, որ հաջողվեց իրականացնել այդ գաղափարները. «Այդ գաղափարների կրողները հալածվել են, ձերբակալվել են, ենթարկվել են զրկանքների: Պետք է երախտագիտությամբ հիշենք նրանց: Շատերը զոհաբերել են իրենց կյանքը, խնդրում եմ լռությամբ հիշել բոլոր նվիրյալների հիշատակը, որոնք իրենց կյանքը զոհեցին՝ հանուն Հայաստանի եւ Արցախի անկախության՝ բոլշեւիկյան բռնապետության տապալման համար»:
Բաբկեն Արարքցյանն ասաց, որ Առաջին հանրապետությունը ստեղծվեց սպոնտան ձեւով, Առաջին համաշխարհային պատերազմի եւ 1917-ին ՌԴ-ում կատարված հեղաշրջման հետեւանքով: Երկրորդ հանրապետությունը ստեղծվեց ռուսական ագրեսիայի շնորհիվ՝ Կարմիր բանակը գրավեց Հայաստանը եւ հաստատեց բոլշեւիկյան ռեժիմ, Երրորդ հանրապետությունը հիմնադրվեց բացարձակապես լեգիտիմ ձեւով՝ հիմնվելով Սովետական միության օրենքների եւ միջազգային իրավունքի հիմքերի վրա. «Հաշվի առնելով այսօրվա ՌԴ-ի կայսերապաշտ նկրտումները՝ համոզված եմ, որ ապահոված են մեր անկախության նկատմամբ ցանկացած ոտնձգությունները, անկախությունը անհակադարձելի է»:
Նա ելույթի վերջում նաեւ հետգրություն թողեց. «Այսօր, երբ ես եկա Ազատության հրապարակ եւ դիտում էի այս ցուցադրումը, մոտենում էին մարդիկ եւ հարցնում էին՝ ի՞նչ եք մտածում այսօրվա իրավիճակի մասին: Քանի որ այսօր տոն է, պետք է ուրախանանք եւ ծիծաղենք, այդ հարցին կպատասխանեմ անեկդոտով. Մեկը գալիս է բժշկի մոտ եւ գանգատվում է, որ իր մարմնի բոլոր մասերը ցավում են: Բժիշկը հետազոտում է, ասում ՝ ձեր մատն է կոտրված, հասկանո՞ւմ եք, մատն է կոտրված»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ