«Շատ հետաքրքիր և յուրահատուկ են հայկական որմնանկարները, քանի որ նրանք ներկայացնում են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ քրիստոնյա արևելքի մշակույթը և եթե համեմատենք նույն դարաշրջանում արված Իտալիայի որմնանկարների հետ դրանք տարբեր ուղղություններ են, ինձ համար շատ կարևոր էր գտնել և արժևորել դրանք»,-«Դադիվանք. վերածնված հրաշալիք» գրքի շնորհանդեսին ասած որմնանկարների վերականգնող Քրիստինե Լամուրեն։
Գիրքը սկսվում է հիմնադրամի տնօրենի խոսքով և Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնության խոսքով, այնուհետև ներկայացվում է Դադիվանքի ստեղծման պատմությանը, Դադիվանքի զարդ հանդիսացող սբ. կաթողիկե եկեղեցու կառուցման և վերջինիս երկու պատերին պատկերված որմնանկարների ստեղծման պատմության մասին՝ համեմված հայ արվեստի և, հատկապես, որմնանկարչության մեջ տարածում չգտած սբ. Նիկողայոս սքանչելագործի հայրապետական իշխանություն ստանալու դրվագի ստեղծման մասին տեղեկություններով և արվեստաբանական վերլուծությամբ՝ ներկայացված պատմական գիտությունների դոկտոր Կարեն Մաթևոսյանի և արվեստաբան Ավետ Ավետիսյանի կողմից։ Գրքի վերջին հոդվածը նվիրված է վերջերս ավարտված վերականգնողական աշխատանքներին, որոնք իրականացվել են որմնանկարների վերականգնողներ Պաոլո Արա Զարյանի և Քրիստին Լամուրեի կողմից։
Մատենադարանում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ճարտարապետ Պաոլո Արա Զարյանը ասաց, որ գրքի ստեղծումը եղել է շատ պատահական․«2015 թվականին մասնակցում էինք միջազգային գիտաժողովի՝ մշակութային հատվածների պահպանման վերաբերյալ , և դրա ավարտին մեզ առաջարկեցին գնալ Դադիվանք և շրջայց կատարելով՝ 2015 թվականից էլ սկսեցինք աշխատանքները, որն էլ ավարտեցինք անցած տարի»։
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ գրքում ընդգրկված են Դադիվանքի վերաբերյալ հոդվածներ և երկու որմնանկար՝ առաջինը Դադիվանքի հյուսիսային պատն է ՝ Սուրբ Ստեփանոս վկայի քարկոծության տեսարանը, մյուսը հարավային պատը՝ Սուրբ Նիկողայոս հայրապետի թագադրության տեսարանը։
Տեր Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը շնորհանդեսին իր ելույթի ընթացքում ասաց, որ գիրքը ոչ թե պարզապես պատկերագիրք է այլ վկայագիր ՝ թե անցյալի մեր մշակույթի և այսօրվա մեր վերաբերմունքի վերաբերյալ․ «Դադիվանքն արդեն իսկ շատ մեծ նշանակություն ունեցող հոգևոր գոհար է, այն միջնադարյան մեր կարևոր վանքերից մեկն է, ոչ պակաս սիրելի և կարևոր Արցախ աշխարհում կառուցված»,-իր խոսքում նշեց սրբազանը։ Նա հավելեց, որ սա նաև մասնավոր ուրախություն է իր համար՝ օրհնությունը բերելով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից։
Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ