Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախյան շարժումը կոտրեց այն կարծրատիպը, որ հույսը պետք է դնել ավելի հզոր պետության վրա»

Փետրվար 20,2018 20:35

«Կոչ եմ անում երիտասարդ սերնդին խնդիրները չկուտակել ու դրանք լուծել հերթով:  Արցախյան շարժման ժամանակ մենք մեր խնդիրները կուտակել էինք առանց լուծելու, իսկ թշնամին օգտվեց այդ փաստից», ասաց Գերագույն խորհրդի պատգամավոր Հակոբ Սանասարյանը:

Փետրվարի 20-ին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել ասուլիս՝ Արցախյան շարժման անմիջական մասնակից հասարակական- քաղաքական գործիչների մասնակցությամբ։ Ասուլիսը նվիրված էր Արցախյան շարժման 30-ամյակին:

Բանախոսներն էին՝ Մարիամ Ավագյանը (Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող), Հակոբ Սանասարյանը (Գերագույն խորհրդի պատգամավոր, «Հայաստանի կանաչների միության» նախագահ), Ազատ Արշակյանը (Գերագույն խորհրդի պատգամավոր) և Վարդան Պետրոսյանը (Գերագույն խորհրդի պատգամավոր):

Հակոբ Սանասարյանը պատմեց, որ Արցախյան շարժումը Հայաստանում սկսվել է որպես բնապահպանական ակցիա՝ Նաիրիտ գործարանից, հետո այն տարածվել է նաև Հայաստանի այլ բնակավայրերում, իսկ Արցախում այն արտահայտվել է որպես պայքար՝ Լոզանի կոնֆերանսի դեմ:

Մարիամ Ավագյանը Արցախյան շարժումը նկարագրեց այսպես.

«Արցախյան շարժումը հայոց ցեղասպանության հիշողության կենտրոնացումն է «Ղարաբաղը մերն է» խնդրի շուրջ: Դա դարավոր վիրավորանք էր, որը կուտակվել էր հայության մեջ: Արցախյան շարժման ժամանակ կոտրվեց այն կարծրատիպը, որ հույսը պետք է դնել այլ, ավելի հզոր պետության վրա»:

Մարիամ Ավագյանը շեշտեց այն երկու հիմնական սկզբունքները, որ կային Արցախյան շարժման ժամանակ: Առաջինը այն էր, որ Ղարաբաղը մերն է, իսկ երկրորդը՝ որ ցեղասպանությունը չի կրկնվելու: Կային նաև այլ խնդիրներ՝ սոցիալական, բնապահպանական, բայց դրանք այնքան էլ էական դեր չունեին:

Այն հարցին, թե ինչ դասեր ունենք քաղելու 30 տարի հետո, տիկին Ավագյանը պատասխանեց, որ պետք է գնահատել այն ամենը, ինչ կար այդ ժամանակ: Այսօր մենք ունենք անկախ պետություն այդ օրերի շնորհիվ, բայց, այնուամենայնիվ, այդ անկախությունը վտանգված է: Ամեն ժողովրդի բախտը չի բերում՝ տեսնելու այդպիսի կուռ միասնություն:

Նա խոսեց նաև Ալիևի՝ այս տարվա փետրվարի սկզբի ելույթի մասին, ուր ինքը պնդում է, որ Երևանը իրենց պատմական տարածքն է, և իրենք անպայման պետք է վերադառնան այնտեղ: Տիկին Ավագյանը այս ելույթը համարեց ազդակ՝ պետության տարածքում ապրող, բռնության մշակույթը կրող ազգերի համար:

«Պետք է հիշենք, որ ազդեցիկ պետություններն այսօր ԼՂՀ-ն համարում են վիճելի տարածք, այսինքն՝ այն արդեն Ադրբեջանինը չէ», այսպես ամփոփեց իր խոսքն Ազատ Արշակյանը:

«Պետք է, որ հայ մարդը հասկանա ու կարողանա վերլուծել այն պահը, երբ հայերի նկատմամբ իրականացվում է բռնություն, սպանություն կամ ցեղասպանություն: Կարևոր չէ, թե ով է դա անում՝ թուրքը, ադրբեջանցին, թե հենց մեր պաշտոնյաների վարած քաղաքականությունը», բացատրեց Հակոբ Սանասարյանը:

Շուշաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728