Լրահոս
Օրվա լրահոսը

«Առանց էստեղ գալու էլ էինք տեղյակ». Ավագանու անդամը ներկայացված բյուջեի կատարողականի մասին (Տեսանյութ)

Փետրվար 20,2018 20:00

Փետրվարի 20-ին հրավիրվել էր Վանաձորի համայնքի ավագանու այս տարվա առաջին նիստը, որին ներկա էին բոլոր խմբակցությունների 31 ավագանու անդամներ: Առաջին անգամ նիստին մասնակցում էին նաեւ համայնքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության անդամները: Օրակարգային 20 հարցերը գլխավորում էր համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան եւ հաշվետու տարում հնգամյա զարգացման ծրագրի իրականացման մասին հարցը:

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը խոսելով նախորդ տարի իրենց կողմից կատարված աշխատանքների ու ձեռքբերումների մասին, նշեց, որ իրենց համար կարեւոր քայլն ու ձեռք բերումը ֆինանսական անկախություն ունենալն է. «2017 թվականը սեփական ձեռքերն ազատելու եւ որոշակի ֆինանսական անկախություն ձեռք բերելու տարի էր: Այսինքն, դրան էր միտված մեր բոլոր քայլերը, որպեսզի մենք տեղական ինքնակառավարման բյուջետային քաղաքականություն վարելիս միշտ չունենանք դոտացիոն, խնդրագույն միջոցներ, այլ մեր սեփական միջոցների հավաքագրման, տնտեսման եւ ընդհանրապես մեր կառավարման ճիշտ մոդելի ընտրության հարցով կարողանանք նաեւ որոշակի ֆինանսական անկախություն ձեռք բերենք: Որովհետեւ կառավարության վերցրած քաղաքականությունից մեզ հայտնի դարձավ, որ այլեւս դոտացիոն, եւ մանավանդ աշխատավարձերի գծով օգնությունները չեն լինելու, որովհետեւ կառավարության բոլոր քայլերը նաեւ միտված էին ՏԻՄ-երում աշխատանքի եւ կառավարման մոդելի ճիշտ ընտրությանը: Որոշակիորեն դա մեզ մոտ ստացվեց»:

Քաղաքապետը նշեց, որ 2018 թվական մուտք են գործել թեթեւ ֆինանսական բեռով, նշելով, որ մինչեւ երկրորդ եռամսյակի վերջ կաշխատեն կատարել բոլոր ֆինանսական պարտավորությունները՝ կապված առաջին հերթին աշխատավարձերի հետ: Մամիկոն Ասլանյանը նշեց նաեւ, որ այս տարի նախատեսում են 30 տոկոսից ավելի բյուջետային աճ:

Քաղաքապետի խոսքից հետ բյուջեի կատարողականը ներկայացվեց ֆիլմի միջոցով: Որից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության ավագանիների մոտ առաջացան մի շարք հարցեր: Կուսակցության անդամ Հայկազ Սիմիկյանն օրինակ հետաքրքրվեց. «Ուզում եմ հասկանամ, ես ինչի՞ տակ եմ քվեարկելու, ի՞նչն ենք քվեարկելու, ես ոնց կողմնորոշվեմ: Լավ բաներ ասեցինք քաղաքի մասին, բնական է, դուք ձեր աշխատանքը լավ տեսնում ներկայացնում եք: Բայց ես ուզում եմ հասկանամ, սա պետք է գնահատական լինի քաղաքապետի ու քաղաքապետարանի աշխատանքին, թե՞ պարզապես չգիտեմ ինչ…»:

-Գոնե պետք է զուգահեռներ լիներ հնգամյա զարգացման ծրագրի հետ, թե ասենք նախատեսված այդ 5 տարիների ընթացքում կատարվելիքի, որ մասը, ասենք գոնե 1/5 մասը պետք է կատարված լիներ, նախատեսել ենք այս ցուցանիշներով, այս չափելի ինչ-որ բաներով,- կուսակցի խոսքը շարունակեց ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը:

-Նախապես ձեր վերաբերմունքը կարող եք արտահայտել նոր քվեարկել, կամ քվեարկության տակը դնել ձեր ասած ձեւակերպումը: Կարող եք ասել մենք կողմ ենք քվեարկում ոչ թե կատարած աշխատանքներին, այլ ձեր հաշվետվությունն ընդունում ենք ի գիտություն: Եւ հենց իմաստը կարծում եմ դրանում է կայանում, ոչ թե կատարողական կամ բյուջեի կամ մեր աշխատանքի գնահատման: Աշխատանքի գնահատման համար տարբեր չափորոշիչներ կան,- ասաց Մամիկոն Ասլանյանը:

-Ի գիտություն, այսինքն` տեղյակ ենք, որ էս բաները կատարվել են էլի,- քաղաքապետի խոսքը պարզաբանեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Արմեն Մատինյանը:

-Է, առանց էստեղ գալու էլ էինք տեղյակ,- հակադարձեց Քրիստ Մարուքյանը:

2017 թվականին սեփական եկամուտների հավաքագրումը մարզկենտրոնում կատարվել է 102,6 տոկոսով: Հաշվետվությանը ներկա մարզպետ Արթուր Նալբանդյանն, իր շնորհակալությունը հայտնեց, այս փաստի վերաբերյալ նշելով, որ 2017-ն այն եզակի տարիներից է, որ Վանաձորի համայնքապետարանը կարողացավ բյուջեն կատարել նման ցուցանիշով. «Ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել ճիշտ աշխատանքի համար: Բայց նայելով ընդհանուր բյուջեի պատկերը հասկանում ենք, որ մենք դեռ լուրջ անելիքներ ունենք սեփական եկամուտներն ավելացնելու գործում: Որովհետեւ բյուջեները պետք է լինեն ռեալ եւ իրատեսական՝ թե՛ եկամտային, եւ թե՛ ծախսային մասով: Սա մեզ համար կարեւորագույն խնդիր է, որ պետք է ձեզ հետ միասին ապահովենք: Այսինքն, մենք երազանքների, բարի ցանկությունների բյուջե ունենալու ցանկություն չունենք: Մեր խնդիրը ռեալ իրատեսական բյուջե ունենալն է»:

Երկար քննարկումից հետո համայնքի ավագանին հարցը հաստատեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728