Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղական կրոնական կառույցները ճնշվածի դերում կլինեն»

Փետրվար 20,2018 19:30

«Չի կարելի ամեն անգամ սայլը բերել եւ դնել ձիերից առաջ»,- այսօր «Ազդակ» մամուլի ակումբում խոսելով «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նոր նախագծի մասին, ասաց

ԵՊՀ դասախոս, կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

Ասում է`օրենքի պարտադրանք է զգում եւ քննարկման իմիտացիա է տեսնում:

Նախագիծը քննարկման է դրված e-draft.am կայքում: Այսօրվա քննարկմանը, թե ՄԻՊ-ի գրասենյակի ներկայացուցիչները, թե Արդարադատության նախարարության ներկայացուցիչները չէին եկել, ժամանակը չէր ներել:

Մինչդեռ, Վարդան Խաչատրյանն ակնկալում է նախագծի հրապարակային քննարկումներ. «Հասարակությունը պետք է լավ պատկերացնի, թե ի՞նչ արմատական փոփոխությունների դաշտ ենք մուտք գործում եւ ի՞նչ ազդեցություններ է այն թողնել մոտակա պատմական ժամանակահատվածում: Եթե չեմ սխալվում, արդեն հինգերորդ անգամն է օրենքի քննարկմանը մասնակից ենք լինում վերջն փուլում»:

Երեկ նա փորձել է Հայ առաքելական եկեղեցու գործերի կից խորհրդից ստանալ տեքստը, բայց ապարդյուն: Չեն ունեցել: Ինքը կարծում է, որ տարբեր հարցեր կան, որոնք պետք է նախագիծը գրողները մեկնաբանեն: Ասենք, ինչի՞ է խղճի ազատություն գրված: «Պետք է գրել կրոնական կազմակերպությունների ազատության մասին օրենք: Անազատ խիղճ գոյություն չունի: Խիղճն այնպիսի հարաբերական ներքին գնահատական է, որ հանցագործի, խորը անբարոյականության կրողի խղճն էլ է ազատ, չնայած որոշ դեպքերում խիղճը հանցակից է եւ գործընկեր»,-ասում է Վարդան Խաչատրյանը:

Իր համար վիճելի են նաեւ «Կրոնական գրականությանը» վերաբերվող հատվածները. «Ո՞ր փիլիսոփայական ընկալումներով են գրել: Պետք է հասկանալ: Հակառակ դեպքում, տարբեր տեղերից վինեգրեդ ա հավաքած`լցրած: Որեւէ իրականություն հայկական իրականության պատճենը չի: Առաքելական եկեղեցու կարծիքն էլ պետք է ունենանք: Եկեղեցական կյանքի ընթացքի եւ կառույցի առումով ինչպիսի՞ փոփոխություններ են լինելու»,-ասաց բանախոսը`նկատելով, որ Հայաստանի չկասեցվող արտագաղթի պայմաններում կամայական բաներ անելը`մեր շահերից չի բխում: «Այն ամենն ինչ ունենք այսօր, այս պրիզմայով է եկել հասել մեզ: Ինքնություն-ինքնություն, որ ասում ենք, հենց այնպես չէ»,- նկատեց նա:

«Կոռուպցիայի հակազդման ասոցացիա» ՀԿ ղեկավար Ալեքսանդր Ամարյանը համամիտ է Վարդան Խաչատրյանի հետ: Ասում է, այ նախագծով կրոնական կազմակերպություններին ՀԿ-ի կարգավիճակ է տրվում. «Մեկ էլ կառույցի անդամների ցենզ են իջեցրել`200-ից 150: 64 գրանցված կառույց կա, հիմա կարող է լինի 2000: Մարդիկ էդ անվան տակ կհավաքվեն եւ ինչ ուզեն`կանեն»:

Ալեքսանդր Ամարյանը նկատում է, որ նախագծում հոգեորսության մասին խոսք չկա: Ասում է`Հայաստանում կրոնական կազմակերպությունները պետություն են պետության մեջ`վերահսկողություն չկա, պատժամիջոցների, պատասխանատվության հարցեր չկան. «Էնպիսի սվաղված բաներ են գրված, որ դրանք լուծելու համար մեծ խնդիրներ են առաջանալու: Տեղական կրոնական կառույցները ճնշվածի դերում կլինեն, արտասահմանից ֆինանսավորվողները`խնդիր չեն ունենա»: Ի հեճուկս վերահսկողության ընդդիմախոսների, բանախոսը բերում է աշխարհի փորձը` Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Բուլղարիայում եւ այլուր կրոնական կառույցները հսկողության տակ են, կրոնական ոստիկանություն էլ կա:

Տեսանյութը`«Իրավունքի»

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728