Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի գյուղերում անգամ փոս փորող ու հովիվ չի մնացել․ կերուխումով ու 250 հազար դրամով աշխատող չեն կարող գտնել (Տեսանյութ)

Փետրվար 20,2018 17:28

Այսօր Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հանդես եկավ հաշվետու մամուլի ասուլիսով՝ ոլորտ առ ոլորտ ներկայացնելով անցած տարվա կատարած աշխատանքներն, առաջիկա ծրագրերը, խոսեց նաև հիմնախնդիրներից։

Տնտեսական ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերին անդրադառնալիս, մարզպետը մի ուշագրավ փաստ հրապարակեց՝ տեղեկացնելով, որ գյուղերում գործատուն 250 հազար դրամով, օրապահիկով ու կես լիտր օղիով հասարակ հովիվ չի կարող գտնել։

«Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների ներկայացուցիչների հետ, մի երկու շաբաթ առաջ լեհերն էին եկել, չէ՞։ «Թվային նռան» տնօրենի հետ շատ-շատ լուրջ քննարկում ենք ունեցել, շատ ծրագրեր ունի, բայց ինքը խնդիր ունի․ չի կարողանում որակյալ աշխատուժ ձեռք բերել։ Այսինքն, մի կողմից խոսում ենք գործազրկության մասին, բայց աշխատուժի պակասի մասին խոսում են բոլորը, միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ներկայացուցիչները չեն։ Խանութում վաճառողից, սրճարանում մատուցողից սկսած մինչև ամսական 250 հազար դրամ, պլյուս օրապահիկ, պլյուս օրվա կես լիտր օղիով մարդիկ չեն կարողանում հասարակ հովիվ գտնել։ Այստեղ լուրջ քննարկման խնդիր կա»,-ասաց մարզպետը։

Aravot.am-ը խնդրեց մանրամասնել, թե ո՞րն է պատճառը, որ չեն կարողանում բավական լավ աշխատանքային պայմաններ առաջարկելով՝ հովիվ գտնել։

«Ես խոսել եմ աշխատատեղ փնտրողների հետ, հոգեբանական խնդիր կա, իհարկե, իրենք ասում են, թե ես ինչի՞ պիտի գամ քո համար աշխատեմ։ Երեք հոգի ինձ այս մասին ասել է, մեկը Աշոցքից, երկուսը՝ Արփիից։ Նմանապես մեր Արթիկում, որ բացվեց «Գրին ֆուդի» ջերմոցը,տարբեր մարդիկ խնդիր ունեին հասարակ փոս փորողի։ Գյուղերում շատերը որ շինարարություն անեն, իրենց համար դժվար է մարդ գտնելը, որովհետև մի մասը սովոր է նպաստին, ծուլացել է, մյուս մասը՝ գնացել է խոպան․․․ Այն, որ շատ դժվար է աշխատող գտնելը, փաստ է»,-ասաց մարզպետը։

Շիրակի մարզպետն ասուլիսին հրապարակեց մի քանի թվային տվյալներ։ Նա տեղեկացրեց, որ 2017 թվականին սեփական եկամուտները հավաքագրվել են 2 միլիարդ 163 միլիոն դրամի չափով, դրանք ապահովել են մոտ 96 տոկոսի չափով։ «Ամենաբարձրներից մեկը չէ Հայաստանի Հանրապետության կտրվածքով, բայց մարզի պատմության մեջ հավանաբար ամենամեծ կատարողականն ենք ունեցել։ 2016 թվականի հետ համեմատ 358 միլիոն 690 հազար դրամով ավելի գումար է հավաքվել, դրանք սեփական եկամուտներն են, այսինքն` կոպեկ-կոպեկ մինչև վերջին լուման գնում են համայնքների սեփական խնդիրների լուծմանը։ Այս 2 միլիարդ 163 միլիոն դրամի դիմաց պետությունը ֆինանսական համահարթեցման մասին օրենքի պահանջների համեմատ համայնքներին տվել է դոտացիա 4 միլիարդ 413 միլիոն 337 հազար դրամի կարգով, այսինքն` համայնքների եկամուտների 2/3-ը գալիս է պետական դոտացիայից»,- ասաց մարզպետը։

Նա նշեց նաև, որ հրատապ ծրագրերի շրջանակներում իրականցվել է 424 միլիոն դրամի աշխատանքներ՝ պլանավորված 470 միլիոնի դիմաց, այսինքն՝ պլանավորված 470 միլիոն է եղել, մրցույթով իրականացվել են 424 միլիոն դրամի աշխատանքներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728