Հայաստանում նախատեսվում է բժշկասոցիալական փորձաքննության՝ ԲՍՓ-ի կամ այսպես ասած՝ հաշմանդամության կարգ տրամադրելու կարգի նոր մոդել ներդնել: Այս մասին այսօր «Արմենպրես» մամուլի ակումբում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը: Նրա խոսքերով՝ հստակեցվելու է բժշկասոցիալական փորձաքննության եւ առողջապահական համակարգի պատասխանատվության շրջանակները, ուժեղացվելու է այդ գործընթացում առողջապահական համակարգի վերահսկողությունը: Սաիյանն ասաց, որ ԲՍՓ համակարգը պետք է բարելավվի, նախատեսվում է անձի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը էլեկտրոնային տարբերակով կլինի. «Առաջիկայում մենք նախատեսում ենք անձի առողջական վիճակի մասին տեղեկատվությունը ԲՍՓ –ի մասին ստանալ էլեկտրոնային կենսաթոշակ համակարգից»:
Փոխնախարարի ներկայացմամբ՝ նախատեսվում է վերանայել ԲՍՓ հանձնաժողովների ձեւավորման ընդհանուր տրամաբանությունը: Այսինքն՝ պատահական սկզբունքով է ընտրվելու ԲՍՓ մասնագետների կազմը, ընդ որում այս հանձնաժողովները նույն վայրում ամեն անգամ փորձաքննություն չեն անցկացնելու. «Յուրաքանչյուր փորձաքննության համար՝ նոր հանձնաժողով, նոր սկզբունքով»:
Առաջիկա մեկ ամսում այս բարեփոխումների վերաբերյալ ամբողջական փաթեթը կներկայացվի կառավարություն, որից հետո կսկսվեն համակարգի ներդրման աշխատանքները, եկող տարվա հունվարից նախատեսվում է գործարկել այս նոր համակարգը: Սաիյանը հիշեցրեց՝ կառավարության նախորդ նիստին վարչապետ Կարեն Կարապետյանը ԲՍՓ համակարգում բարեփոխումների վերաբերյալ հանձնարարական էր տվել:
Aravot.am-ի հարցին՝ հենց վարչապետի հանձնարարականի՞ց հետո որոշվեց համակարգը բարեփոխել, Սաիյանը պատասխանեց, որ բարեփոխման պիլոտային ծրագիր 2017-ին էլ են իրականացրել, եւ այնպես չէ, որ ոլորտի բարելավման աշխատանքները նոր են սկսել:
Մանրամասն՝ տեսանյությում
Այս բարեփոխումների բաղադրիչներից մեկն էլ այն է, երբ քաղաքացին դիմում է ԲՍՓ հաշմանդամության կարգ ստանալու համար, սակայն հանձնաժողովը որոշում է, որ ավելի նպատակահարմար է նրան ուղղորդել բուժօգնություն ստանալու, եւ նրան կարգ տալու փոխարեն քաղաքացուն բժշկական անվճար ծառայություն են տրամադրում: Սաիյանի խոսքերով՝ 220 անձ վերականգնողական բժշկական ծառայությունից օգտվել է. «Վստահեցնում եմ, որ կարող էր այս թիվը 500-ի հասնել, բայց մարդիկ ցանկություն չունեին»:
Մանրամասն՝ տեսանյութում
Ըստ Սաիյանի ներկայացրած ցուցանիշների՝ մեկ տարում մոտ 13 հազար քաղաքացի հաշմանդամության կարգից, այսպես ասած՝ զրկվել է, այսինքն՝ նրանք կամ վերականգնողական բժշկական օգնության պետք է ուղեգրվեին, կամ աշխատանքով ապահովվեին:
Վերականգնողական բուժումը իրականացվում է միայն «Արտմեդ» կլինիկայում, սրա հետ է նախարարությունը պայմանագիր կնքել: Սաիյանը վստահեցրեց՝ նախատեսում են նաեւ այլ բուժկենտրոնների հետ էլ համագործակցել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Քանի որ վարչապետը որոշել է բարեփոխել համակարգը, արժե նկատի ունենալ այն հանգամանքը, որ որոշ անձինք այլ ճանապարհներով են թափանցել համակարգ։ Որպես հաշմանդամ թ ստանում են հաշմանդամության թոշակ, և աշխատում են դրույքաչափով։ Եթե հաշմանդամ են ինչպես են աշխատում և կատարում մատաղ սերդի կրթության և դաստիարակության դժվար աշխատանքը և հակառակը։Ուստի խնդրում ենք նաև այս հարցում կատարել բարեփոխումներ /բյուջեի և կոռուպցիայի առումով/։