«Դվին» հյուրանոցային համալիրում 17 միլիոնի ներդրումներ են կատարվել: Համալիրում շինարարական աշխատանքներն ակտիվ ընթանում են: Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն այսօր, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ համալիրի վրա ներդրումները կազմելու են 100 միլիոն դոլար: Շինարարությունն ավարտին է հասցվելու 2020 թվականին:
Հիշեցնենք, այդ շենքը մի քանի անգամ ձեռքից-ձեռք անցավ, արդյունքում, տարիներ շարունակ, անտերության էր մատնված:
Լրագրողները հարցեր տվեցին նաեւ նախկին Երիտասարդական պալատի եւ «Զվարթնոց» օդանավակայանի շենքերի մասին: Դրանք վարչության հաշվեկշռում չեն, ուստի վարչության լիազորություններից դուրս են`ասաց Արման Սահակյանը:
Կապի եւ տրանսպորտի նախարարության շենքի ճակատագրին վերաբերող հարցին Արման Սահակյանը պատասխանեց` վեց աճուրդ է իրականացվել, այժմ բանակցություններ են ընթանում, մանրամասներ չի կարող ասել:
Էկոնոմիկայի նախարարության շենքի օտարման մասին էլ Արման Սահակյանը հստակ բան չասաց: Բայց ասաց, որ հարկ է մտածել նաեւ պետական գույքի արդյունավետ կառավարման մասին: Օրինակ բերեց ԱԳՆ-ի շենքը. «14 հազար մետր քառակուսի տարածք օտարեցինք եւ այդ գումարով 30 հազար քառակուսի մետր տարածքի վրա շենք կառուցեցինք`ավելի արդիական, ժամանակակից եւ հարմարավետ, որտեղ այլ նախարարություններ եւս տեղակայվեցին»:
Կառավարության ընդունելությունների տունն ընդգրկված է պետգույքի մասնավորեցման այս տարվա ցանկում: Բայց, ինչպես հայտնի է, այն պետք է ծառայի իբրեւ ՀՀ նախագահի նստավայր: Լրագրողների այս դիտարկմանն էլ Արման Սահակյանը պատասխանեց. «Լուծարման գործընթացի մեջ է, որից հետո կդառնա նախագահի նստավայր»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ