Լրահոս
Օրվա լրահոսը

Շախ և մատ. ինչպես Հայաստանը դարձավ շախմատային գերտերություն. BBC

Փետրվար 20,2018 14:55

BBCի լրագրող Էմմա Լևայնը ծավալուն հոդված է հրապարակել՝ «Շախ և մատ. ինչպես Հայաստանը դարձավ շախմատային գերտերություն» վերտառությամբ: Հոդվածը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև.

Ինձ ծուղակն էին գցել, ելք չկար: Թագավորը փախչելու տեղ չուներ, իսկ իմ փիղն այս անգամ ինձ չէր կարող փրկել: «Շախ և մատ»,- ազդարարեց իմ մրցակիցը՝ 11-ամյա Միքայելը:

Ես զարմացած չեմ. ընդամենի մի քանի օր առաջ Միքայելը երկրի դպրոցական խմբակների մեջ վաստակել է չեմպիոնի տիտղոս, և այդ տիտղոսը միակը չէ:

Նա շախմատ խաղում է 5 տարեկանից:

«Ես սովորել եմ հորիցս ու պապիցս, բացի այդ, ամեն շաբաթ դպրոցում դասեր կան»,- պատմում է ինձ Միքայելը երևանյան բնակարանում, որտեղ ապրում է նրա ընտանիքը:

Միքայելի հերոսներից մեկը Լևոն Արոնյանն է: 35-ամյա խարիզմատիկ շախմատիստը բազմաթիվ հայ գրոսմայստերներից մեկն է, որը համաշխարհային վարկանիշում բարձրացել է երկրորդ հորիզոնական: Արոնյանը սուպերաստղ և ազգային հերոս է դարձել այդ երկրում, որտեղ սովոր չեն մարզական հաջողությունների:

Միքայելի մայրը՝ Նառան, հպարտությամբ ինձ ցույց է տալիս որդու շքանշաններն ու գավաթները:

«Միքայելը ցանկանում է դառնալ աշխարհի չեմպիոն: Տեխնիկան հղկելու համար նա դիտում է միջազգային խաղեր,- պատմում է նա մեկ բաժակ սուրճի սեղանի շուրջ:- Մենք ոչ մի ճնշում չենք գործադրում. նա զբաղվում է նրանով, ինչ սիրում է, և դա ամենակարևորն է»:

Նառան որդու հետ մեկնում է բոլոր մրցաշարներին, այդ թվում՝ միջազգային:

«Ես այլևս չեմ կարողանում նրան հաղթել»,- տխուր ասում է ինձ Միքայելի ավագ եղբայրը՝ Խաչատուրը: – Միքայելը հիանալի ունակություն ունի՝ ներթափանցել մրցակցի մտքերի մեջ: Եթե նրան հաղթում են, նա ուսումնասիրում է խաղի ոճը, մրցակցի քայլերը և հաջորդ պարտիայում արդեն բնազդաբար գիտի՝ ինչպես հաղթել: Բացի այդ, նա հիշում է յուրաքանչյուր պարտիա, իսկ հետո կարող է դա պատկերել տախտակին»:

Միքայելի համբերությունը հատուցվում է: Նրա վարկանիշը հայ պատանի շախմատիստների շրջանում աճում է հսկայական արագությամբ: Մի քանի տարի հետո նա կարող է դառնալ աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերներից մեկը:

2011թ. Հայաստանը դարձավ աշխարհի առաջին երկիրը, որը շախմատի ուսուցումը պարտադիր դարձրեց դպրոցական ծրագրում:

Այլ երիտասարդ աստղերի հետ ծանոթանալու համար ես լիքը երթուղայինով գնում եմ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն:

Երևանը հին քաղաք է: Այն 28 տարով Հռոմից մեծ է: Բայց հնության հետքեր գրեթե չեն մնացել: Երթուղայինը շարժվում է Հանրապետության հրապարակից՝ շրջապատված 20-րդ դարի՝ տուֆից կառուցված էլեգանտ կառավարական շենքերով և թանգարաններով:

Երևանը շինարարական բում է ապրում: Որտեղով քայլում ես՝ գրեթե ամեն տեղ լսվում է մուրճի հարվածի խլացուցիչ ձայնը կամ վերամբարձ կռունկ է աշխատում: Վերջին տարիներին երկրի կառավարությունը այնքան էլ հոգ չի տանում պատմական շենքերը պահպանելու ուղղությամբ, փոխարենը ամենուր իրականացվում է լայնածավալ շինարարություն:

Օղակաձև այգու մոտ իջնում եմ երթուղայինից: Այստեղ հանգիստ է և կանաչ:

Մի խումբ մարդիկ հետևում են՝ ինչպես են մի քանի տարիքով տղամարդ փայտե սեղանների վրա իրար հետ շախմատ խաղում: Անցնում եմ նրանց կողքով և մտնում Շախմատի տուն, որտեղ ակտիվությունը եռում է. երկրորդ հարկում երկար սեղաններ են դրված շախմատի տախտակների կողքին, որոնց շուրջ շախմատ է խաղում շուրջ 200 երեխա:

Սենյակում լուռ է: Երեխաներն իրենց հիանալի են պահում՝ առանց հիստերիայի, ոչ մեկն անգամ ձայնը չի բարձրացնում: Բոլոր երեխաները խորասուզված են խաղի մեջ, դեմքներին՝ պրոֆեսիոնալի լուրջ արտահայտություն: Յուրաքանչյուր քայլ խաղացողները խնամքով գրանցում են նոթատետրում: Այստեղ ամեն պարտիա կարող է ձգվել մինչև 2 ժամ:

Բայց երբ 10-ամյա Դավիթը սխալվում է, լացի ձայն է լսվում: Մարիան՝ ուսուցիչներից մեկը, մայրաբար ձեռքը դնում է նրա ուսին: «Վերջ ի վերջո, նրանք պարզապես երեխաներ են»,- ժպիտով ասում է նա:

Առաջին հարկում սպասասրահն է: Տասնյակ ծնողներ ու տատիկներ, ինչպես նաև մի քանի հորեղբայրներ, համբերատար սպասում են՝ երբ է իրենց երեխան վերջացնելու խաղը: Լարվածությունը զգացվում է գրեթե ֆիզիկապես: Երեխաները մեկ-մեկ իջնում են աստիճաններին փռած գորգի վրայով և մոտենում մայրերին: Վերջիններս գրկում են նրանց՝ անկախ այն բանից՝ հաղթել են, պարտվել, թե ոչ ոքի խաղացել:

Գլխավոր մուտքի մոտ կանգնեցված է Տիգրան Պետրոսյանի կիսանդրին, որը շախմատի աշխարհի չեմպիոն է եղել 1963-1969թթ.:

«Հայաստանը միշտ ամուր կապված է եղել շախմատի հետ, բայց Տիգրանի հաղթանակներն իսկական հեղափոխություն դարձան մեզ համար»,- բացատրում է Հայաստանի շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանը: Նա ինձ ցույց է տալիս ակադեմիան՝ շլացուցիչ սպիտակ հարմարավետ եռահարկ շենք մի թաղամասում, որտեղ հիմնականում խորհրդային բազմաբնակարան գորշ տներ են:

«1991թ. ԽՍՀՄ-ից անկախություն ստանալուց հետո մենք ֆանտաստիկ առաջընթաց ենք ունեցել»,- ասում է նա հպարտությամբ: 3 միլիոնից մի փոքր ավելի բնակչություն ունեցող Հայաստանը կարող է հպարտանալ, որ ունի գրոյսմասթերների թվով աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աջակցությամբ Լպուտյանը եղել է դպրոցներում շախմատի պարտադիր ուսուցման նախաձեռնողը:

«Նշեք գլխավոր պատճառը՝ ինչու է դա ձեզ պետք»,- հարցնում եմ նրան:

«Շախմատում ամենակարևորն այն է, որ դա ազնիվ խաղ է: Փոքրիկ երեխաները սովորում են ազնիվ ու մաքուր խաղին, և դրա միջոցով՝ լավ վարքին: Երեխան մշտապես ռազմավարական որոշումներ է կայացնում, գնահատում է իրավիճակը՝ նախքան քայլ անելը,- նա դադար է տալիս:- Կարծում եմ, որ դա մեծ օգուտ է բերում հասարակությանն ընդհանուր առմամբ»:

Այսօր հայկական դպրոցներում աշխատում է ավելի քան 3000 որակավորված շախմատի ուսուցիչ: Լպուտյանն ասում է, որ բազմաթիվ այլ երկրներ ցանկանում են գնալ նույն ճանապարհով: Նա հիացմունքով պատմում է շախմատի հետազոտության նոր ինստիտուտի մասին, որը Երևանում պետք է բացվի ընթացիկ տարում. այնտեղ շախմատիստներն ու հոգեբանները կհետազոտեն շախմատի ազդեցությունը ուսումնական պրոցեսի վրա:

Միքայելը, հազարավոր այլ երեխաների հետ, համառության շնորհիվ Հայաստանը դարձրել է մեծություն շախմատում: Ինձ էլ մնում է մխիթարվել նրանով, որ ինձ հաղթել է պոտենցիալ գրոսմայստեր:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728