Այսօր «Հոդված 3» ակումբում քննարկվեց «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների մասին նախագիծը, որով առաջարկվում է ահաբեկչության քարոզի եւ դրա արդարացման պատասխանատվության քրեականացում:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ ՀՀ-ում «Սասնա ծռերի» դեպքերի ժամանակ որեւէ հոդված չի եղել, որով կարելի էր մեղադրել ցուցարարներին, դրա համար էլ ցուցարարները բերման ենթարկվելուց հետո արագ ազատ էին արձակվում, իսկ նրանք, ովքեր ճաղերի հետեւում են, ըստ նրա, անհեթեթ մեղադրանքներով են այնտեղ: Հիմա այս նախագծով հենք են ստեղծում, որ կարողանան ճնշում գործադրել. «Ցանկալի կլիներ, որ այս հոդվածի ձեւակերպումները լինեին զգույշ եւ սահմանվեին հստակ, թե որ դեպքում սա կարող են կիրառել»:
Բացի այդ, Իոաննիսյանն ասաց, որ միջազգային ահաբեկչության հետ կապված խնդիր կարող է առաջանալ. «Տարբեր գնահատականներով տարբեր խմբավորումներ դասվում են կամ չեն դասվում որպես ահաբեկիչներ՝ տարբեր երկրների համար: Օրինակ, Սիրիայի հյուսիսում գործող քրդական միավորումներին Թուրքիան համարում է ահաբեկիչ: Եթե ես հայտարարեմ, որ ես այդ խմբավորումներին սատարում եմ, ո՞վ է որոշում՝ ես ահաբեկիչների՞ եմ սատարում, թե՞ ոչ»:
Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանն արձագանքեց. «Մեկի համար ահաբեկիչ, մյուսի համար՝ ազատության մարտիկ»: Դանիել Իոաննիսյանն ասաց, որ Հայաստանը գուցե ահաբեկիչների ցանկ հրապարակի, որ հստակ լինի, մարդիկ իմանան, թեեւ հիմա, երբ Հայաստանը կոմպլեմենտար քաղաքականություն է վարում, կդժվարանա նման ցանկ հրապարակել:
Մտավախություն կա, որ այս օրենքի նախագիծը ընդունվում է՝ ըմբոստությունը, կոշտ քննադատությունը, հեղափոխության կոչերը զսպելու համար: Արա Ղազարյանն ասաց. «Հայաստանը ԵԽ այն փոքրաթիվ երկրների ցանկում է, որի վերաբերյալ մինչ օրս ընդամենը մեկ վճիռ է կայացվել՝ ազատ արտահայտվելու իրավունքի առումով, ի տարբերություն Թուրքիայի, այսինքն, խոսքի ազատությունը մեզ մոտ պատշաճ մակարդակի վրա է»:
Նա ասաց, որ այս նախագծով դեռ խոսվում է հանրային սադրանքի մասին, դա գործիք է եւ պետք է օգտագործվի՝ նախականխելու համար:
Aravot.am-ը հարցրեց՝ մոտ երկու ամիս առաջ ԱԱԾ-ն հայտարարություն արեց, որ ահաբեկչություն նախապատրաստելու մեղադրանքով հետախուզում է հայտարարվել ֆեյսբուքյան օգտատեր Ռոբերտ Քուրքյանի նկատմամբ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը ապստամբության կոչ է արել, դա ապստամբելու իրավունք է: Նույն ապստամբության իրավունքի մասին են խոսում նաեւ «Սասնա ծռերի» պաշտպանները, հեղափոխության կոչ անելիս խոսում է այդ մասին նաեւ Զարուհի Փոստանջյանը, որտե՞ղ է այդ սահմանը՝ դա ահաբեկչությա՞ն քարոզ է, թե՞ ապստամբելու: Մենք նաեւ հարցրեցինք՝ Ֆեյսբուքում բազմաթիվ օգտատերեր մինչ օրս «Սասնա ծռերին» հերոսներ են կոչում, գրառումներ անում, արդյոք այս օրենքը թույլ չի՞ տա, որ նրանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն: Արա Ղազարյանը պատասխանեց. «Նախ, իրավաբանության մեջ ապստամբության իրավունք չկա, նման հասկացություն չկա: Գուցե դա քաղաքական կատեգորիա է, բայց չկա կառուցակարգ: Ասում են՝ ապստամբության իրավունք ունենք, ասում ենք փաստաթուղթ ցույց տվեք, չկա նման բան: Դա ուղղակի ցանկություն է: Ապստամբությունը ինքնըստինքյան ասոցացվում է բռնության հետ: Դրա համար կա քաղաքական պայքար, հավաքների իրավունք, բողոքի ակցիաներ, բայց ապստամբություն հասկացությունը չկա»:
Նա ասաց, որ իհարկե, իշխանությունները կարող են գայթակղություն ունենալ եւ այս օրենքը որպես գործիք օգտագործել՝ որեւէ մեկին լռեցնելու համար, բայց դա արդեն խախտում է: Այստեղ իրավակիրառ պրակտիկան է շատ կարեւոր:
Իսկ Փաստաբան Արտաշես Խալաթյանն ասաց, որ ֆեյսբուքյան այդ օգտատերերի վրա սա չի տարածվի, որովհետեւ «այդ դեպքերը տեղավորվում են հանրային դիսկուրսի շրջանակներում», ահաբեկչության չափանիշները այլ են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ