ԱԺ օլիգարխ-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Արթիկում երկու միլիոն դրամի ներդրում կանի: Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:
Հիշեցնենք, Արթիկում ավագ դպրոցի շենքը տրամադրվել է գործարար-պատգամավորի դստերը`տեքստիլ արտադրություն կազմակերպելու համար: Արման Սահակյանը լրագրողներին խնդրում է` չանձնավորեցնել հարցը, քանի որ պետգույքի կառավարման վարչությունը «պատրաստ է բոլորի ձեռքից էլ բռնել»: Ասում է`իրենք շահագրգիռ են, որ չօգտագործվող պետական գույքը գործարարներին տրամադրեն:
Նման հանձնարարական, ի դեպ, վարչապետ Կարեն Կարապետյանն էր տվել: «Ունենք առանձնացված 71 չօգտագործված գույք, հանձնարարականի հետեւանքով որոշակի ներդրումներ կան, դրանց արդյունքում 500 աշխատատեղ է ստեղծվել»,- ասաց Արման Սահակյանը: Այդ աշխատատեղերը, հենց Արթիկ քաղաքում են ստեղծվում, Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող տեքստիլի արտադրության ոլորտում: Արման Սահակյանն ասում է Ապարանում, Վայոց Ձորի Խաչիկ գյուղում էլ են պետգույքի տրամադրման ուղղությամբ ծրագրեր իրականացվում: Տրամադրման սկզբունքն այսպիսին է. «Եթե պետգույքը արժե, ասենք, 25 միլիոն դրամ, գոնե այդ չափով ներդրումներ պետք է արվեն եւ աշխատատեղեր ստեղծվեն»:
Հարց հնչեց նաեւ «Կարեն Դեմիրճյանի» անվան մարզահամերգային համալիրի մասին: Հիշեցնենք, այն վաճառելու մի քանի անհաջող փորձեր նախկինում եղան: Հայտարարվեց, որ համալիրը պետության վրա շատ թանկ է նստում: Արման Սահակյանն ասաց`համալիրն այժմ իր գործառույթներն է իրականացնում: Այս պահին առաջարկություններ չկան: «Լավ ուզող չկա»,- Արման Սահակյանի նախկին հայտարարություններից մեկը մեջբերեց լրագրողը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ