Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելը, Սեյրան Սարոյանը ռասիզմ են տարածում, թուրք զինվորներին արյան ծովում խեղդելու կոչերում պետք է զգույշ լինեն

Փետրվար 20,2018 14:20

Այսօր «Հոդված 3» ակումբում միջազգային իրավունքի մասնագետ իրավաբան Արա Ղազարյանը, խոսելով «Քրեական օրենսգրքում» փոփոխությունների մասին, որով առաջարկվում է ահաբեկչության քարոզի եւ դրա արդարացման պատասխանատվության քրեականացում, ասաց, որ «Սասնա ծռերի» քարոզիչների արարքը ցույց տվեց, որ մենք չունենք համապատասխան գործիք:

Նա խոսեց ՀՀ-ի ստանձնած միջազգային պարտավորությունների մասին եւ ասաց, որ բռնության քարոզը, ահաբեկչության քարոզը բացարձակապես պետք է արգելվի. «Կար բաց օրենսդրության մեջ եւ այդ բացը պետք է լրացնել»:

Կանդրադառնա՞ սա լրագրողների վրա, Արա Ղազարյանը պատասխանեց. «Մի բան է լուսաբանել, մի բան է մի փոքր այլ բան անել: Ահաբեկչությունը պետք է զգույշ լուսաբանել, ոչ թե տեքստը ամբողջությամբ հրապարակել, ասվում էր՝ ոստիկաններին պետք է սպանել եւ այլն եւ այդ տեքստը բաց հրապարակվում էր որոշ լրատվամիջոցներում: Այլ բան է, երբ լուսաբանվում է, ԶԼՄ-ն ոչ թե բառացիորեն կրկնում է այն, ինչ ահաբեկիչները տարածում էին, այլ՝ իր բառերով եւ շատ զգուշությամբ: Ազատ խոսքն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է բռնության քարոզը»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ այս նախաձեռնությունը խոսում է իշխանությունների կողմից իրավիճակի գնահատման մասին: ՀՀ-ում ընտրությունների եւ ժողովրդավարական մեխանիզմների թուլացման արդյունքում իշխանությունները հասկանում են, որ ինչ-որ պահի քաղաքացիները կարող են դիմել ագրեսիվ քայլերի, ինչպես եղավ 2016-ի հուլիսին եւ դա կարող է գտնել սատարում հանրության կողմից: Ուստի իրենք ուզում են որոշակի գործողություններ իրականացնելու իրավական դաշտ ունենալ.«Ես չեմ ասում բնավ, որ ահաբեկչությունը պետք է աջակցվի, քարոզվի: Երկու կարծիք չկա, որ ահաբեկչության քարոզը պետք է լինի քրեորեն հետապնդելի արարք, բայց միաժամանակ հստակ մեխանիզմներ են պետք, որ ապահովվի այս դրույթների չարաշահման անհնարինությունը»:

Նա ասաց, որ եթե իրավապաշտպանները խոսեն ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց իրավունքների մասին, ասում են, որ այս մարդիկ պատանդ են վերցրել, նրանց դատարանում բռնության են ենթարկել, չպետք է ենթարկեն եւ այլն, կամ «Սասնա ծռերի» իրադարձություններ են լինում, մարդիկ դուրս են գալիս փողոց եւ պահանջում, որ իրավիճակն ունենա խաղաղ հանգուցալուծում: Այստեղ պետք են երաշխիքներ, որ այդ մարդկանց վրա դա չկիրառվի:

Հնարավո՞ր է օրենքը մահակ լինի եւ կամայականորեն գործի: Այս հարցին ի պատասխան՝փաստաբան Արտաշես Խալաթյանն ասաց, որ իհարկե, բռնության քարոզը միջազգային իրավունքի տեսանկյունից քրեորեն պատժելի արարք է. «Ատելություն, բռնություն, ահաբեկչության քարոզ իրականացնելը խոսքի ազատության պաշտպանության պրիզմայի ներքո չի տեղավորվում»:

Արա Ղազարյանն ասաց, որ այս օրենքը իրավապահների ձեռքին ճնշումների գործադրման, չարաշահման տեղիք չի տա, քանի որ մենք ապահովագրված ենք Եվրոպական կոնվենցիայի 10, 17, 14 հոդվածներով, 17 հոդվածն իրավունքի չարաշահումն է, ազատ խոսքը չի կարելի օգտագործել տեռորիզմի նպատակով. «Եթե ազատ խոսքն օգտագործվում է բռնություն քարոզելու նպատակով, քանի որ նա նույնասեռական է կամ փոքրամասնություն է կրոնական կամ ոստիկան է, սա բացարձակապես արգելվում է: Ունենք Սահմանադրության 27 հոդվածը, իրավունքի չարաշահման 80-րդ հոդվածը, մենք շատ գործիքներ ունենք: Դու չես կարող օգտագործել ազատ խոսքը՝ խփելու համար կոնվենցիայի հիմքերին, իսկ կոնվենցիայի հիմքը անհանդուրժողականության, խտրականության արգելքն է, ռասիզմի արգելքը: Այստեղ արդեն լրագրողից հմտություն է պահանջվում: Մի օրինակ բերեմ, օրինակ, լրագրողը հետեւյալ արտահայտությունն է արել՝ թող ճեղքեն, բենզինի շշերով խփեն, թող գլուխները կոտրեն, բենզինի շշերը վերցնեն, դուրս գան, սա ի՞նչ է: Եթե լրագրողը սկսում է մեկնաբանել, ոչ թե մեջբերել, սա իրավաչափ է, բայց եթե պարբերաբար այս կտորը սկսում է հրապարակել, նշանակում է նա քարոզում է: Այստեղ մտադրությունն է կարեւոր»:

Նա ասաց, որ ՊՊԾ գնդի, Սարի թաղի դեպքերի ժամանակ որոշ ԶԼՄ-ներ պարզ քարոզ էին անում:

Արա Ղազարյանը լրագրողական դաշտում շատ սովորական դարձած եւս մի օրինակի անդրադարձավ՝ զրուցակիցն ասում է՝ Թուրքիայի զինվորներին պետք է արյան գետի մեջ խեղդել. «Եթե սա ԶԼՄ-ն հրապարակում է, սա կարող է բերել պատասխանատվության, սա իրավունքի չարաշահում է»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ շատ հաճախ մեզ հետ զրույցներում գեներալ Մանվելը, Սեյրան Սարոյանը, տարբեր ռազմական գործիչներ խոսում են Թուրքիան արյան գետ դարձնելու, Ալիեւին փուռը տալու, Ալիեւի կնոջը ինչ-ինչ գործողությունների ենթարկելու մասին, արդյո՞ք դրանք խախտումներ են դիտարկվում եւ նախատեսվում է պատասխանատվություն: Արա Ղազարյանը պատասխանեց. «Բա իհարկե, դա ռասիզմ է: Էն որ ասում է՝ քեզ թուրքի պես ես պահում, դա արդեն ռասիզմ է: Մեր հասարակության մեջ չափազանց տարածված է, թուրք բառի ասոցացումը վատ բանի հետ ռասիզմ է: Եվ նայած թե ոնց եք լուսաբանում, դա կարող է պատժելի լինել»: Հիշեցնենք, որ հատկապես Մանվել Գրիգորյանը բազմիցս իր խոսում, անգամ լրագրողների հասցեին ասել է՝ «Ով ինձնից պատասխան պահանջի՝ թուրքից բեթար ա»:

Արա Ղազարյանը նշեց, որ ՀՀ-ում 226 հոդվածն այսօր գրեթե չի կիրառվում. «Նույնիսկ դեպք կար, երբ եկեղեցու սպասավորը Հանրային հեռուստատեսությամբ բռնության կոչ է անում, ագրեսիվ բաներ ասում՝ լռություն: Դա խտրականություն է… Զգույշ պետք է լինել, վտանգավոր տարածաշրջանում ենք ապրում: ԱՄՆ-ում աղջնակը մոտեցել էր բագաժը հանձնելու տեղը, ուղղակի կատակով ասել էր՝ զգույշ, բոմբ ունեմ, ասել էր՝ կրկնեք, խնդրում եմ ու 17 տարվա ազատազրկում էր սպառնում աղջնակին՝ ժողովրդավարության օրրանում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728