Մյունխենի անվտանգության ֆորումի ընթացքում «Եվրասիա» խմբի նախագահ եւ հիմնադիր Յան Բրեմերը Սերժ Սարգսյանին հարց ուղղելիս խոսքը սկսել էր այսպես. «Պարոն նախագահ, թույլ տվեք Ձեզ հարցնել` մի կողմից դուք, այսպես ասած, այսօրվա «ֆիլմի» գլխավոր դրական հերոսն եք այս կազմում, բոլորը ձեզ են մատնացույց անում որպես օրինակելի…»: Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցած այս տեքստում մի փոքր ոճաբանական նրբություն կա: Իրականում Յան Բրեմերն անգլերենով Հայաստանը բնորոշել էր «You are the «poster boy»» բառերով: Բառացի այն կարելի է թարգմանել՝ «աֆիշայի տղա»: Բովանդակությամբ, հատկապես խորհրդային ոչ վաղ անցյալ ունեցող հայաստանյան հասարակության համար շատ ավելի դիպուկ է՝ «վիտրինայի նմուշ» հասկացությունը:
Այս բնորոշումը, անշուշտ, դրական է: Բոլոր իմաստներով, եթե հաշվի առնենք քննարկման մասնակիցների շրջանակը, այն է՝ Հայաստանի նախագահից բացի, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպ, ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հան, ՌԴ Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչով: Ակնհայտ է, որ այս կազմն ունեցող «Նե՞րս, թե՞ դուրս. Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ ընկած երկրները» խորագրով քննարկման հիմնական նյութն անցած 4-5 տարիների ձախողումներն ու հաջողություններն են: Հայաստանից բացի, «Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ ընկած» երկրները՝ Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս, ոչ մի կերպ չեն տեղավորվում հաջողակ պատմություն կերտողի կերպարի մեջ: Ադրբեջանն արտահանում է նավթ եւ ուժեղացնում ավտորիտարիզմը՝ չմիավորման անվան տակ աստիճանաբար երես թեքելով քաղաքակիրթ աշխարհից, Վրաստանը հայտարարում է ԵՄ ու ՆԱՏՕ մտնելու մտադրության մասին, որն Արեւմուտքից դրական արձագանք չի ստանում, իսկ Հյուսիսի ուղղությամբ լարվածություն է ստեղծում, Մոլդովայի հասարակությունը բաժանված է երեք հավասար սեգմենտների (Ռումինիայի հետ միավորման կողմնակիցներ, անկախականներ եւ Ռուսաստանի հետ մերձեցման կողմնակիցներ) եւ պարբերաբար հայտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ, Բելառուսը ԵՄ հետ շփումների է գնում մերթընդմերթ՝ բացառապես Ռուսաստանին նյարդայնացնելու նպատակով, դե իսկ Ուկրաինան էլ եվրաինտեգրման ճանապարհին կորցրեց տարածքի մի մասը, փլուզեց տնտեսությունն ու, կարծես, երկարաժամկետ հատվածում՝ նաեւ հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Այս ֆոնին Հայաստանն իսկապես «վիտրինայում» դնելու երկիր է. ՀԱՊԿ-ի անդամ երկիր, որի հարաբերությունների խորությունն ու ծավալը չեն զիջում հետխորհրդային մյուս երկրներին, ԵԱՏՄ անդամ երկիր, որին հաջողվեց լրամշակված համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ (թեեւ անունը Ասոցացման համաձայնագիր չէ, սակայն բովանդակությամբ դրան, կարծես թե, չի զիջում):
Երեք տարի առաջ որեւէ մեկի մտքով չէր էլ անցնի, որ Հայաստանի առաջ քաշած «եւ, եւ» ֆորմուլան ոչ միայն կենսունակ է, այլեւ «Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ ընկած երկրների» համար միակ շահավետ ելքն է: Ըստ որում՝ շահավետ ոչ միայն այդ քաղաքականությունը որդեգրած երկրի, այլեւ գործընկերների՝ Եվրոպայի ու Ռուսաստանի համար:
Անտագոնիզմը, որ վերջին տասնամյակում արմատավորվել է եվրոպական աշխարհամասի արեւելյան ու արեւմտյան հատվածների միջեւ, որեւէ դրական արդյունք չի տվել: Կորուստները թե՛ քաղաքական են, թե՛ տնտեսական, թե՛ իմիջային: Հիմնական դերակատարները, անշուշտ, գիտակցել են այս ամենը, եւ թվում է՝ ներկայումս առանց դեմքը կորցնելու նահանջի ուղիներ են փնտրում: Եվ ուրախալի է, որ որպես հարաբերությունների նոր մոդել թե Արեւելքում, թե Արեւմուտքում մատնացույց են անում Հայաստանին:
Կարծել, թե այս հաջողությունը երկնքից ընկել է Հայաստանի գլխին, միամտություն է: Նամանավանդ, երբ գործ ունենք 5 պայմանական անհաջողակների եւ ընդամենը մեկ հաջող պատմության հետ: Բնականաբար, արձանագրվածը Հայաստանի ջանքերի արդյունքն է: Եվ որքան էլ դժգոհենք մեր երկրի արտաքին քաղաքականությունից, փաստ է, որ գործընկերների հետ բոլոր ուղղություններով բաց եւ անկեղծ հարաբերությունները, անկախ անվանումից (հավասարակշռված, կոմպլեմենտար, նախաձեռնողական եւ այլն), միակ հաղթական ռազմավարությունն է: Փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, այն նաեւ անվտանգության երաշխիք է: Լավագույն բացատրությունն այս առումով տվեց Սերժ Սարգսյանը հենց Մյունխենում. «Ուզում եմ, որպեսզի այստեղ մեկ անգամ եւս ընդգծենք՝ մենք որեւէ մեկի հետ գաղտնի բանակցություններ չենք վարել, մենք որեւէ մեկի ճնշման տակ որոշում չենք կայացրել, եւ ինչպես ես ասացի` մեր պատմական փորձը ցույց է տալիս, որ հակամարտություններից փորձել ժամանակավոր օգուտներ քաղել` բերում է մեծ ողբերգությունների: Մենք այդպիսի ողբերգության միջով անցել ենք եւ չէինք ուզենա, որ այդ ողբերգությունները կրկնվեին»:
Մենք, թեեւ ոչ հրապարակավ, բայց հոգու խորքում միշտ էլ հասկացել ենք, որ գոնե արտաքին քաղաքականության մեջ երկրի ղեկավարության որոշումները եղել են կշռադատված, ողջամիտ եւ գրեթե լավագույնը ստեղծված իրավիճակում: Բայց ինչ-ինչ պատճառաբանությամբ հրաժարվել ենք խոսել այդ մասին, խոսել համոզված, քանի դեռ դրսից չեն խոսել: Ստացվել է այնպես, որ այլոց գնահատականը մեզ համար շատ ավելի կարեւոր է, քան մեր ինքնագնահատականը: Ըստ այդմ՝ Մյունխենը ոչինչ չավելացրեց եղածին, ընդամենը դարձավ հարթակ, որտեղ եվրոպացիներն ու ռուսները հրապարակավ խոսեցին Հայաստանի որդեգրած մոտեցման արդյունավետության մասին: Մի բան, որ պաշտոնական Երեւանը վերջին 5 տարիներին անընդհատ շեշտում էր:
ԳՈՌ ԾԱՌՈՒԿՅԱՆ
«Առավոտ»
20.02.2018