Արդեն մի քանի օրից բազմաթիվ դեղեր առանց բժշկի դուրս գրած դեղատոմսի հնարավոր չի լինի գնել: Այս տարվա մարտի 1-ից ուժի մեջ է մտնում «Դեղատոմսերի ձեւերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու կարգը, ինչպես նաեւ դեղերի եւ դեղանյութերի հաշվառման կարգ սահմանելու մասին» կառավարության որոշումը:
Ըստ այդմ, Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղերից դեղատոմսով բաց թողնման ենթակա են 2700 դեղեր: Այս մասին երեկ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանն ավետեց:
Մարտի 1-ից հակաբիոտիկներ, հորմոնային պրեպարատներ եւ կոդեին պարունակող դեղերը պարտադիր դեղատոմսով պետք է ձեռք բերել, իսկ հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային եւ հակաուռուցքային դեղերը, հոկտեմբերի 1-ից արդեն ամբողջությամբ պահանջը ուժի մեջ կմտնի բոլոր այն դեղերի նկատմամբ, որոնց դեպքում պետք է բժշկի տված դեղատոմսը:
Անշուշտ, այս որոշումը բժիշկների գործն է ավելացնելու, եկամուտը՝ նույնպես: Հատկապես պոլիկլինիկայի բժիշկների գործը, կարելի է ասել, աննախադեպ շատ կլինի, քանի որ պոլիկլինիկական ծառայություններն անվճար են:
Փոխնախարարն էլ կանխագուշակեց՝ պոլիկլինիկայում հնարավոր է հերթեր լինեն:
«Առավոտը» քաղաքացիների շրջանում փոքրիկ հարցում արեց դեղատոմսերի պարտադիր պահանջի մասին: Շատերը դժգոհություն արտահայտեցին, եւ միայն քչերը նշեցին, որ սա ճիշտ որոշում է, եւ ինքնաբուժումը այսկերպ կվերանա: Ոմանք կարծիք հայտնեցին, թե 2000 դրամանոց դեղի համար ստիպված են լինելու ամենաքիչը 10 հազար դրամ վճարել բժշկի կոնսուլտացիայի համար: Իսկ անվճար հետազոտվելու եւ համապատասխան դեղատոմս ստանալու համար կան պոլիկլինիկաներ, որտեղ շատերն այնքան էլ սիրով չեն այցելում: Մեզ հետ զրույցում քաղաքացիներից մեկն ասաց, որ մի կոնսուլտացիայի ժամանակ իրեն իր բժիշկը դեղ է նշանակել, ու հարկ եղած դեպքում առանց դեղատոմսի գնում է. «Հիմա՝ ի՞նչ: Ամեն անգամ պիտի բժշկի՞ գնամ: Ես ի վիճակի չեմ 2 ամիսը մեկ գնալ բժշկի, 10-15 հազար դրամ վճարել, որպեսզի դեղ նշանակի: Պոլիկլինիկա էլ չեմ ուզում գնալ, այնտեղ վատ փորձ ունեցել եմ արդեն, չեմ վստահում»: Մեկ այլ քաղաքացի էլ նկատեց. «Այս որոշումը ճիշտ կլիներ, եթե բժշկական ապահովագրությունը Հայաստանում պարտադիր լիներ, կամ բժիշկների ծառայությունները մատչելի լինեին, մարդկանց եկամուտներն էլ բարձր լինեին: Էլ չեմ ասում, որ պոլիկլինիկաների ծառայությունները որակով ու բարձր մակարդակի վրա լինեին, իհարկե, ոչ ոք դեմ չէր լինի այս պահանջին: Ճնշման դեղ եմ գնում, էլի բժիշկս է նշանակել: Միանգամից շատ չեմ կարողանում գնել, 10 հաբ եմ գնում, հետո 10 օրից նորից 10 հատ էլ գնում: Այսինքն՝ սրանից հետո պիտի 10 օրը մեկ վազեմ բժշկի՞: Աբսուրդ է»:
Քաղաքացիներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը կոկորդի եւ ականջի խրոնիկ հիվանդություն ունի, հենց այն սրվում է, արդեն գիտի՝ ինչ դեղ պետք է ընդունի, իր բժիշկն է նշանակել. «Եղել է՝ ականջիս ցավը գիշերը սկսվել է, ես գիտեմ, որ բժշկիս նշանակած դեղն ինձ օգնել է, էլի նույն դեղը ազատ առել եմ ու կաթեցրել՝ անցել է: Եթե առավոտյան դեռ ցավ է եղել, նոր գնացել եմ իմ բժշկի մոտ: Հիմա էս դեղատոմսի պահանջի դեպքում պիտի ստիպված գնա՞մ բժշկի: Բայց դա հավելյալ ծախս է ինձ համար: Կամ՝ իմ բժիշկը էդ գիշեր հերթապահ չի, ի՞նչ անեմ, ուրիշ բժշկի մոտ չեմ ուզում գնալ: Հետո իմ բժիշկն արդեն գիտի՝ ինձ մոտ ինչ խնդիր է, երբ զանգում եմ, ասում նույն գանգատներն են, ինքն էլ ասում է՝ ինչ անեմ, ինչ դեղ խմեմ»:
Որոշ քաղաքացիներ էլ դեղատոմսի պահանջի մասին լսելուց հետո որոշեցին առաջնային դեղեր «ամբարել». «Բա գնանք քանի շուտ ա՝ առնենք էդ դեղերը, էն նեմիսիլ, բան, էդ կարգի անշառ դեղերը»: Մեր դիտարկմանը, որ «անշառ» դեղեր չկան, բժիշկը պետք է նշանակի, այսպես արձագանքեցին. «Չենք ասում՝ էն եսիմ ինչ դեղերը, անգինայի, մրսածության, ցավազրկող բան, էդ դեղերը»:
Սերգեյ Խաչատրյանը երեկ վստահեցրեց, որ կլինի բազմակի դեղատոմս, որով հիվանդը ստիպված չի լինի, ասենք, 10 օրը մեկ գնալ բժշկի՝ նույն դեղի համար դեղատոմս ստանալու: Խաչատրյանն ասաց, որ բազմակի դեղատոմսերը երկարատեւ բուժման համար են նախատեսված, եւ նաեւ դրանով հնարավոր կլինի թանկարժեք դեղերը քիչ-քիչ գնել, այլ ոչ ամբողջը միանգամից: Սակայն այս տեսակի դեղատոմսի, այսպես ասած՝ ժամկետը 6 ամիս է, եւ միայն 6 անգամ կարող է այդ մի անգամ ստացած բազմակի դեղատոմսով տվյալ դեղը գնել:
Ի՞նչ անի քաղաքացին, եթե հանկարծ գիշերվա կեսին ատամնացավ է սկսվել: «Առավոտի» այս հարցին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց՝ ոչ մի ցավ հենց այնպես չի լինում, դա հիմնավոր պատճառ ունի՝ լինի դա սրտի, որովայնի, ատամի կամ գլխի ցավ: Անգամ ատամնացավի դեպքում փոխնախարարը հորդորեց՝ շտապօգնություն կանչեք կամ գնացեք հիվանդանոց. «Ուրեմն գիշերվա ատամնացավի համար կան բազմաթիվ հաստատություններ, որոնց կարելի է դիմել: Ատամնացավը պարզ խնդիր չէ, դրա տակ կարող են լինել բազմաթիվ խնդիրներ, որոնք կարող են բաց թողնել, եթե չգնան բժշկի»: Գլխացավի դեմ էլ փոխնախարարը «դեղատոմս» ուներ. ասաց՝ իսկ եթե այդ գլխացավը զարկերակային բարձր ճնշման հետեւանք է, եւ քաղաքացին սովորական ցավազրկող է ընդունում:
Հարբուխն էլ, ըստ փոխնախարարի, թեթեւ ու պարզ հիվանդություն չէ, եւ այս դեպքում էլ ինքնաբուժումը չի խրախուսվում:
Այնուամենայնիվ, ինքնաբուժումը դեռ երկար կշարունակվի, քանի դեռ, ինչպես մեր զրուցակից քաղաքացիներն ասացին, մարդկանց եկամուտներն ու սոցիալական վիճակը թույլ չեն տալիս առանց սարսափի՝ որ «մի փեշ փող» պետք է տան բժշկին, հետո էլ մի «քանի փեշ փող էլ» պետք է տան դեղերին, մտավախությունը չվերանա: «Այ մարդ, իրանց դեղատոմսն իրանց կպնի, մի հատ անգինայի համար պիտի գնամ հիվանդանո՞ց: Լիմոնով չայ կխմեմ: Դեղաբույսեր կսկսեմ օգտագործել: Սխտոր շատ կուտեմ, բայց էդ անտերն էլ է թանկ»,- ասաց քաղաքացիներից մեկը: Մեր զրուցակիցներից մեկն էլ այսպես արձագանքեց կառավարության որոշմանը. «Մարդ վախում ա բժշկի գնա, մի հատ գլխի ցավ ես ունենում, հազար հատ կաբինետներ են ուղարկում՝ ստուգման: Աչքի տեղը հոնքն էլ են հանում: Մի քանի ամսվա աշխատավարձը պիտի տաս բժիշկներին ու դեղերին: Հլը մի հատ էլ ստիպում են անպայման իրանց գրած թանկ դեղը առնես: Մեկ էլ «ապտեկայում» ասում են՝ բա էդ նույն դեղից էժանն էլ կա ուրիշ ֆիրմայինը, ու ոչ մի տարբերություն չկա՝ բացի գնից: Էս որ դեղատոմս են գլխներիս սարքում, բա խեղճ մարդկանց մասին մտածե՞լ են»:
Սերգեյ Խաչատրյանը այս խնդրի վերաբերյալ էլ վստահեցրեց՝ արգելվում է, որ բժիշկը պացիենտին ուղղորդի որեւէ ֆիրմայի դեղ գնելու. «Ուստի այդ տեղեկությունները մենք խնդրելու ենք ստանալ, տեսչական մարմնի՝ վարույթ հարուցելու ճանապարհով կկատարենք համապատասխան գործողություններ»:
Առանց դեղատոմսի դեղերի ցանկում են ներառված լայն կիրառման ու մատչելի մի շարք դեղեր, օրինակ՝ պարացետամոլ ակտիվ նյութով դեղը, անալգինը, իբուպրոֆեն ակտիվ նյութով, բայց փոքր դոզայով դեղը: Սակայն նույն իբուպրոֆենը, որը ցավազրկող, հակաբորբոքային եւ ջերմիջեցնող դեղամիջոց է, նաեւ պարտադիր է դեղատոմսով, իհարկե, նայած թե որ ընկերության արտադրության է: Առանց դեղատոմսի հնարավոր է նաեւ գլիցերին, յոդ, գլյուկոզա ու այլ դեղամիջոցներ գնել:
Այդուհանդերձ, առողջապահության նախարարությունն իր այս նախաձեռնությունը հիմնավորում է. «Ինչ անում ենք՝ մարդկանց առողջության համար ենք անում: Ամբողջ աշխարհում այդպես է»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
20.02.2018