Համազգային Շարժման առաջամարտիկների մարդկային նկարագիրը տալու պատասխանատվություն ժամանակին չստանձնեցի, սակայն պատեհ առիթով գրի եմ առել ոմանց խոսքը: Ընթացքում ինչ-որ բան կուտակվել էր, գուցե հետաքրքրի:
***
Մեկը եկել էր Ազատության հրապարակ, միտինգի ժամին բարձրացել հարթակ և համառորեն ելույթի թույլտվություն էր խնդրում.
-Ուզում եմ Լենինի՝ սիֆիլիսով հիվանդ լինելու մասին պատմել:
Համոզել չէր լինում: Միջամտեց Լևոն Տեր-Պետրոսյանը.
-Այդ բոլորը՝ ինչ ասում եք, լավ է, բայց պետք է բժշկից տեղեկանք բերեք. առանց ասվածի ստուգությունը հավաստող թղթի չի կարելի:
Երևակայեք՝ օգնեց. մարդը գլուխկախ, մտածկոտ գնաց:
***
ՀՀՇ վարչության նիստում քննարկում էին պատգամավորության թեկնածուների լրացուցակը: Աշոտ Մանուչարյանն ինչ-որ մեկի անունը տվեց: Սադոյանն ընդվզեց.
-Չեմ հասկանում, պատահական անձանց անունն ինչո՞ւ ես խցկում մեր ցուցակը:
-Գերագույնում ես մի պատահական մարդ գիտեմ՝ Արշակ Սադոյան, -ի պատասխան, անցողակի ծեփեց Մանուչարյանը:
***
Ֆրանսիայից նոր վերադարձած Համբարձում Գալստյանը շատ էր ոգևորված առաջիկա ընտրություններով. մեծ հույսեր էր փայփայում, ՀՀՇ թեկնածուներին գովազդելու անիրական ծրագրեր առաջարկում:
-«Զագար» է, ոչինչ, թող խոսի: Մի քանի նիստ հետո կանցնի, -հոգնաբեկ, աչքերը կիսախուփ՝ նետեց Դավիթ Վարդանյանը, որն այդ օրն էր վերադարձել Արցախից, եղել Շահումյանի ենթաշրջանում:
***
ՀՀՇ վարչությունում ինչ-որ հարց քննարկումից հետո քվեարկության դրվեց: Ինը կողմ էին, ինը՝ դեմ: Որպեսզի խնդիրը փակուղուց դուս գա, տարեցներից Կամո Վարդանյանը, որ սկզբում կողմ էր, վերջին պահին դեմ քվեարկեց: Դարձավ տասը՝ ութի դեմ: Վանո Սիրադեղյանը, տեսնելով իր առաջարկը չի անցնում, տեղից ելավ.
-Սրանց սերունդը… Ոչ սկզբունք ունեն, ոչ Աստված, -ու ընդմիջում հայտարարեց:
***
Մտավորականի հագուկապով մեկը եկել էր Տեխնիկայի տուն՝ պահանջելով հեռուստակամուրջ կազմակերպել ՀՀՇ վարչության ու Ադրբեջանի Ազգային ճակատի միջև, «Կոմունիստը» տպագրել ադրբեջաներենով և տարածել Բաքվում, որպեսզի նրանք, իբր, իմանան ճշմարտությունը, աչքերը բացվի: Համառ էր, ոչ մի բացատրություն չէր օգնում: Փրկության ելքը գտավ Լևոն Տեր Պետրոսյանը.
-Հրաշալի եք ասում. թերթով պետք է կռվել, բայց… մեջը «լոմ» դրած:
***
ՀՀՇ երկրորդ համագումարը կազմակերպող աշխատախմբում գեղեցիկ սեռի ներկայացուցիչ կար: Հավաքներից մեկում Վանո Սիրադեղյանը դիտողություն արեց.
-Կին կա, բարեկիրթ եղեք, վարչության նիստերի բիրտ տոնը մոռացեք:
-Կամո Վարդանյանը («Երեկոյան Երևան» թերթի գլխ․ խմբագիր) հեգնեց.
-Հլա տեսեք ով է բարեկրթությունից խոսում:
***
ՀՀՇ վարչության նիստում Սամվել Գևորգյանը տաքացած՝ բան էր բացատրում Աշոտ Մանուչարյանին.
-Վերջապես երեսփոխան ես, չէ՞…
-Ես՝ երեսփոխա՞ն: Կներես, երեսս կյանքում փոխած չկամ, -դեմքին չքմեղանք՝ պատասխանեց Գերագույն Խորհրդի նորընտիր պատգամավորը:
***
Մի կին գլխովին տարված էր Խաչիկ Ստամբոլցյանով:
-Խաչիկը Հայաստանի սիրտն է, մեր խիղճը, -հիացքը չթաքցնելով՝ մի օր ասաց:
Վանո Սիրադեղյանը չկարողացավ լեզվին փականք դնել.
-Հո՞ «Ղարաբաղ» կոմիտեի կույր աղիքն է:
-Էր, -խնդմնդաց Ստամբոլցյանը:
***
Ռաֆայել Ղազարյանը պետք է Մոսկվա գնար՝ ՀՀՇ կողմից մասնակցելու Անդրեյ Սախարովի թաղմանը:
-Տղաներ, տոմսի հարցը լուծեք: Այստեղից հնարավոր է, բայց հետ գալը գիտեք ինչ տանջանք է. մեզ շան տեղ չեն դնում:
-Չէ, շան տեղ լավ էլ դնում են, -նկատեց Աշոտ Մանուչարյանը:
***
Նորաստեղծ Հատուկ գունդը նեղության մեջ էր (լուծված չէին սննդի, գույքի, կոյուղու ու էլի զանազան հարցեր): Առաջարկվեց ՀՀՇ վարչության անդամ պատգամավորներից խումբ կազմել՝ վիճակը տեղում պարզելու, այնուհետ լուծումներ գտնելու համար: Ի թիվս այլոց տրվեց Կամո Վարդանյանի անունը: Վանո Սիրադեղյանն առարկեց.
-Հասկացող մարդ է պետք:
***
Արկադի Մանուչարովին (արցախցի գործիչ), որ նոր էր դուրս եկել բանտից, հրավիրել էին ՀՀՇ վարչության նիստին: Ձայն խնդրելով՝ երախտիքի խոսք ուղղեց ընտրողներին, տվեց Սախարովի, Ստարավոյտովայի անունները: Կամո Վարդանյանը դիտողություն արեց, թե դարձյալ նման առիթներ լինելու դեպքւմ սկզբում թող ժողովրդից շնորհակալ լինի: Մանուչարովը չընդունելով սխալը՝ պնդեց, իբր, ժողովրդի անունը հնչեցրել է, ընդսմին՝ սկզբում:
Կամո Վարդանյանը չընկրկեց.
-Ես ուշադիր լսել եմ:
Միջադեպը սպառնում էր վեճի փոխվել: Միջամտեց Վանո Սիրադեղյանը.
-Դրա համար, ընկեր Մանուչարով, հայերեն պիտի խոսել, որպեսզի մարդիկ հասկանան:
-Գնա քեզ ընկեր գտիր, -Կամոն ծխախոտ վառեց, -մի ռուսերեն էլ իմանա:
***
ՀՀՇ վարչության նիստ էր, ժամանակը՝ սուղ, իրադրությունը՝ լարված: Տարիքը հիսունին մոտ մեկը քշել հասել էր սրահի կենտրոն.
-Ինձ մի հարց է հուզում…
-Ընդամենը մե՞կ, – նիստը վարող Լևոն Տեր-Պետրոսյանն էր:
-Հա, թաք մի, -մարդը մատը տնկեց վերև:
-Տնաշեն, իսկ ինձ հենց հիմա հազար հարց է մտահոգում:
***
ՀՀՇ վարչության նիստերից մեկում Համբարձում Գալստյանը ներկայացնում էր Ֆրանսիայում կայացած հանդիպումները. սոցիալիստ խորհրդարանականները հետաքրքրվել էին հայաստանյան առաջիկա ընտրություններով, մեր ու վրացոց հարաբերություններով: Նրա՝ այնտեղ տված չափազանց անկեղծ, անմիջական պատասխանները հավասարակշռությունից հանեցին Վազգեն Մանուկյանին.
-Դե ասա՝ ֆրանսիացիք երեք-չորս լրտեսի աշխատավարձ քո շնորհիվ խնայած կլինեն:
***
ՀՀՇ վարչության նիստում քննարկվում էր Քյարքիի (այժմ՝ Տիգրանակերտ) հարցը: Ալեքսան Հակոբյանի նախաձեռնությամբ բաքվեցի փախստականներ էին տարել այնտեղ բնակվելու: Վտանգ կար, որ Մոսկվան կարող է փաստն օգտագործել սադրիչ նպատակով: Աշոտ Մանուչարյանը, իբրև խնդրի լուծման տարբերակ, առաջարկեց բնակավայրը փոխանակել Երասխավանի ընդհարումների ժամանակ գերի էր ընկած ազատամարտիկ Վահանի հետ: Ծիծաղի ալիք բարձրացավ, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը չհամբերեց.
-Լավ է, խոսք չկա. որ հարյուր պատանդի դիմաց հարյուր գյուղ տաս, մեկ տարի անց Հայաստան չի լինի:
***
Բաբկեն Արարքցյանենց տանը ընթրիքի սեղանի շուրջ տարիքից էին խոսում, ով՝ որ թիվ է: Ռոբերտ Քոչարյանը, Աշոտ Մանուչարյանը, ևս մի քանիսը, պարզվեց, հիսունական թվականների ծնունդ են: Վանո Սիրադեղյանը չդիմացավ.
-Կարինե (Արարքցյանի տիկնոջը), խոխեքին առանձին սեղան գցիր:
***
ՀՀՇ վարչության շենքում հերթապահություն սահմանելու անհրաժեշտության շուրջ խոսակցություն էր գնում: Մարդիկ հազար ու մի հարցով այցում էին, զանգում Տեխնիկայի տուն, իսկ մասնավորապես առավոտյան ու կեսգիշերային ժամերին պատասխանատու մեկը չէր լինում:
-Ես օրը հարյուր գործարան հանդիպման եմ գնում, ժամանակ չունեմ, ի վիճակի չեմ, -դժգոհեց Աշոտ Մանուչարյանը:
Վազգեն Մանուկյանը, որն այդ փուլում վարչության նախագահն էր, տեղնուտեղը կանխեց.
-Հարյուր կոլեկտիվ փչացնելու փոխարեն, վեր կընկնես այստեղ:
***
«Նաիրիտի» առնչությամբ վիճում էին Ալեքսան Հակոբյանն ու Խաչիկ Ստամբոլցյանը: Ալեքսանը խռովքի մեջ գլուխը կորցրած՝ դիմեց շուրջը եղողներին.
-Էս մարդն ինձ կսպանի, -հետո դարձավ Ստամբոլցյանին: -Խաչիկ, դու հիսուն տարի ապրել ես, թող գոնե մի քիչ էլ ես ապրեմ:
***
Դիմացի մայթից ինքնաձիգով գնդակոծել էին Գերագույն Խորհրդի (ՀՀ նախագահի ներկայիս նստավայրի) դիմաց կայանած մեքենաները (պարիսպ այն օրերին չկար): Հարկադիր դադարից հետո՝ մոտ մեկ ժամ անց Տեխնիկայի տանը վերսկսվել էր վարչության նիստը, երբ դուռը հուշիկ բացելով՝ մտան Լևոն Տեր-Պետրոսյանն ու Բաբկեն Արարքցյանը, անխոս նստեցին:
-Խե՞ր լինի, -Վանո Սիրադեղյանն էր:
-Կրակոցներից վախեցել են, թե չէ Գերագույնի տաք սենյակները թողած՝ ինչու՞ պիտի գային, -պատասխանը կանխեց Ալբերտ Բաղդասարյանը:
***
Գերագույն Խորհրդի ընտրություններից անմիջապես հետո ՀՀՇ վարչության կենտրոնում հավաքվել, շնորհավորում էին մեկմեկու, տպավորություններ կիսում: Արշակ Սադոյանին հարցրին.
-Հիմա ասա՝ սահմանադրակա՞ն պայքար էր, թե…
-Տեղ-տեղ, -ժպիտը վատ սքողած՝ պատասխանեց:
***
Բողոքարկուներից մեկն ինչ-որ հարցով մոտեցել էր ՀՀ Գերագույն Խորհրդի նախագահի առաջին տեղակալ Բաբկեն Արարքցյանին: Վերջինս խորհուրդ էր տվել համապատասխան նախարարություն դիմել: Այցելուն նեղսրտած՝ ընդվզել էր.
-Իջնեմ էդ մակարդակի՞ն:
***
Վազգեն Մանուկյանը ջանում էր հիմնավորել, թե առաջիկայում զարգացումներն ինչ հունով կընթանան, և ժողովուրդն ինչ պիտի անի.
-Երեք տարբերակ կա…
-Գիտենք, -ժպիտը քողարկած՝ նախագահի իրավունքով ընդմիջեց Լևոն Տեր- Պետրոսյանը, -ժամանակին գնացքից թռչել, մնալ գնացքում և կամ՝ անդունդն ընկնել (նկատի ուներ Վազգեն Մանուկյանի՝ այդ օրերին տպագրվող հոդվածաշարը «Հայքում» ՝ «Գնացքից թռչելու ժամանակը» խորագրով):
***
Համբարձում Գալստյանը հեռախոսահամարները մտապահելու բացառիկ ձիրք ուներ, և շատերն էին հարկավոր պահին նրա օգնությանը դիմում: Վանո Սիրադեղյանը նման մի դեպքից հետո ափսոսանքով նկատեց.
-Համբոն չափսերով փոքր լիներ, գրպանումս պահեի:
***
Լուր էին տարածել, թե Ռաֆայել Ղազարյանը մեկնել է Ֆրանսիա: Երեկոյան տեսնենք՝ վարչության նիստին մասնակցում է:
-Բա ասում են, Ֆրանսիայու՞մ ես:
-Արդեն ես էլ եմ այդպես կարծում:
***
Կամո Վարդանյանը կամենում էր նիստի ժամանակ դուրս գնալ ծխելու (վարչության պատասխանատու քարտուղար Մանուշակ Պետրոսյանն էր չծխելու կարգ սահմանել): Տեր Հուսիկ քահանան, ով Վանո Սիրադեղյանի վատառողջության պատճառով, որպես նախագահի տեղակալ, վարում էր օրվա նիստը, արգելեց: Կամոն մթնդած՝ լռեց: Օգնության հասավ Սիրադեղյանը.
-Տարիքն առած մարդ է, «ջուր թափելու» է գնում, թող․․․
***
Լևոն Տեր Պետրոսյանը հոգնած էր. Գերագույն Խորհրդի նախագահի լարված աշխատանքային օրվա ավարտից հետո վարչության նիստերին թեկուզև շարքային անդամի կարգավիճակով մասնակցությունը նրա համար ծանր էր: Առժամանակ նստելուց հետո, թե՝
-Թույլ տվեք գնամ:
Վանո Սիրադեղյանը, որ նախագահում էր, միջոց չտվեց.
-Շուտ պիտի գնայիր. երկու նախագահ մի նիստում շատ է:
***
Մեկը վարչության նիստի ժամանակ դուռը բացել, շատ հրամայաբար Լևոն Տեր- Պետրոսյանին էր ուզում: Բացատրեցին, որ ժողով է, թող հետո մոտենա:
-Այս շենքն իմն է, պիտի ազատեք, -ոչ դես, ոչ դեն, ասաց ու սկսեց մոլեգնել:
Վանո Սիրադեղյանը կոպտորեն, մինչևիսկ հրելով՝ դուրս տարավ: Խաչիկ Ստամբոլցյանը, էլի երկու-երեք հոգի ելան, որպեսզի բան է, ծեծկռտուք չառաջանա: Ուրիշները նույնպես կամենում էին լքել սրահը, հավանաբար՝ հետաքրքրասիրությունից մղված: Նիստը վարող Աշոտ Մանուչարյանը սրտնեղեց.
-Վարչության չորս անդամ լիուլի հերիք է, մնացեք:
-Մենակ Խաչիկը հուլուհում կուտի, -Լևոն Տեր-Պետրոսյանն էր:
***
Վանո Սիրադեղյանը փողկապով էր:
-Խեր լինի, ի՞նչ է պատահել, -այս ու այն կողմից հարցրին:
-Կազմակերպված շարժում չե՞նք դառնում, -հարցին հարցով պատասխանեց:
Արամ Հովհաննիսյան, ՀՀՇ վարչության նախկին անդամ