Փաստաբան Գեւորգ Դավթյանը օրեր առաջ ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպը քաղաքական ու իրավական տեսանկյունից համարում է տհաճ երեւույթ:
«Տեղի են ունեցել խախտումներ, բայց այստեղ կարեւոր մի հանգամանք կա՝ միջադեպում միայն քրեաիրավական հարաբերություններ են, թե կա նաեւ քաղաքացիաիրավական հարաբերություններում պատասխանատվության միջոցներ, կարծում եմ՝ պետք է քննության առնվի նաեւ քաղաքացիաիրավական հարաբերություններում պատասխանատվության առաջացման հիմքը»,- այսօր «Զարկերակ» ակումբում ասաց փաստաբանը:
Ըստ նրա, միջադեպի ժամանակ միգուցե եղել են նաեւ վիրավորական արտահայտություններ, որոնք լսելի չէին տեսագրություններում. «Այդ վիրավորական արտահայտությունները փոխադարձաբար բերել են նրան, ինչ տեսանք: Քաղաքացիաիրավական ասպեկտով նման նախաձեռնությամբ պետք է հանդես գա շահագրգիռ կողմը: Այսինքն, եթե «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները գտնում են, որ իրենց հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ, նրանք պետք է դիմեն դատարան պատասխանատվության կանչելու համար: Այնուհանդերձ, կար քաղաքական ակցիա, այն շատ բուռն կերպով ընդունվեց ՀՀԿ ներկայացուցիչների կողմից, եղավ նաեւ հարված, հրմշտոց, բայց նախաքննական մարմինը կորոշի՝ արդյոք ծեծ որակել, թե՝ ոչ: Վճռաբեկ դատարանի նախադեպ ունենք, որ ծեծելը որակել է ոչ թե մեկ հարվածը, այլ մեկից ավելի հարվածները»:
Փաստաբանն իր դիրքորոշումը հայտնեց նաեւ ծեծի մասին՝ ասելով, որ ծեծելը ենթադրում է հարվածը, որը չի առաջացնում որոշակի հետեւանքներ: Նրա խոսքով, միջադեպը կարելի էր հարթել առանց ծեծկռտուքի, քանի որ ծեծկռտուքը սկսվեց, երբ ամեն ինչ կարծես թե հանդարտվել էր. «Այստեղ կա ոչ իրավաչափության խնդիր համապատասխան աշխատակիցների կողմից»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ